Դրամին չեն վստահում

06/06/2011

Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2011-13 թթ.» հետազոտության մեջ։ ՀՀ առեւտրային բանկերը, ըստ այդ հրապարակման, 2010 թվականի ընթացքում արձանագրել են դրամի նկատմամբ վստահության պակաս: «Չնայած այն հանգամանքին, որ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը ընդհանուր առմամբ նվազման միտում է ունեցել, այնուամենայնիվ բնակչության վստահությունը դրամի նկատմամբ շարունակել է ցածր մնալ: Դրա մասին է վկայում այն փաստը, որ 2010թ.-ին ՀՀ բանկային համակարգում ռեզիդենտների արտարժութային ժամկետային ավանդները էականորեն գերակշռել են ավանդային պորտֆելում: Որպես տվյալ միջավայրին արձագանք` բանկերի կողմից բարձրացվել են դրամային ավանդների տոկոսադրույքները»։ 2011թ. համար բանկերի կանխատեսումները ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի վերաբերյալ ընկնում են 360-400 միջակայքում (միջինը 372), սակայն բանկերի մեծամասնությունը հիմնականում կանխատեսել է 360-370։ Ինչ վերաբերում է առաջիկա 2 տարիների կանխատեսումներին, ապա, ըստ հայկական բանկերի, 2012թ. մեկ դոլարը կարժենա 379.1 դրամ, իսկ 2012թ.՝ 385.1։