Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է Վիեննա` Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այցի առաջին օրը վարչապետը կմասնակցի Ավստրիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը, ինչպես նաեւ` «Կառավարության ապագան» թեմայով աշխատանքային ճաշին: Հունիսի 8-ին Տիգրան Սարգսյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման բացման լիագումար նիստին, կհանդիպի Ավստրիայի, Ուկրաինայի եւ Հունգարիայի վարչապետերին: Նա այցելելու է նաեւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ եւ ներկա կգտնվի ՀՀ ֆինանսների նախարարի կողմից «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի փոխառության համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Վարչապետը որպես բանախոս` հանդես կգա համաժողովի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում: