«Իշխանության եւ ՀԱԿ-ի երկխոսության արդյունքն արդեն զգացվում է` համատեղ հարձակում է սկսվել ՀՅԴ-ի վրա: Շնորհակալություն ենք հայտնում հիստերիկ եւ բացարձակապես անհիմն հարձակումների համար»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, որ այդ երկխոսության արդյունքում վերջապես մեր երկրում վերսկսվում է գաղափարական պայքարը: «ՀԱԿ-ի ղեկավարը շատ արհեստականորեն եւ ուռճացված է ներկայացնում ՀՅԴ-ի անհանգստությունը երկխոսության նկատմամբ»,- ասել է նա` ավելացնելով, որ իրենք հասկանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի այս մոտեցումը, քանի որ «նախ` միտինգի եկող ժողովրդի թիվն անընդհատ քչանում է», հետո էլ, ըստ Հովհաննիսյանի` ՀԱԿ-ի ղեկավարը ՀՅԴ-ի վրա կենտրոնանալով` ցանկանում է շեշտել իշխանության հետ երկխոսություն սկսելու գործընթացի կարեւորությունը: Հովհաննիսյանի խոսքով, ՀԱԿ առաջնորդի նման մոտեցումը ՀՅԴ-ի նկատմամբ բացատրվում է նրանով, որ ՀԱԿ-ը նոր թիրախ է փնտրում: Այդուհանդերձ, ողջունելով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը` նա ասել է, որ մինչ օրս գաղափարական մեկ մրցակից են ունեցել` ի դեմս կառավարության, իսկ այս երկխոսությամբ գաղափարական մրցակիցները շատանում են: «Ի՞նչ է ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա ասում է նույնը, ինչ ասել է նախկինում: Նա ասում է` Հայաստանը չի կարող դիմանալ, եւ Սերգոն կրկին կարող է լավ ապրել, եթե Հայաստանը միայն ու միայն հանձնի Ղարաբաղը»,- հայտարարել է Վ. Հովհաննիսյանը, ում կարծիքով, իշխանության համար էլ կարեւորը սեփական իշխանությունը պահելն է, եւ նա ԼՂ հարցում այն դիրքորոշումն ունի, որ պետք է դիմանալ, զարգանալ, սակայն ինքը չի կարող: Ինչ վերաբերում է իշխանության հետ ՀԱԿ-ի բանակցություններին` Վահան Հովհաննիսյանն ասել է. «Խնդիրն այն է, թե ով է բանակցում եւ ինչու: Ինձ համար հստակ է, որ ՀԱԿ-ի բանակցությունները չպետք է ներկայացնել որպես ամբողջ հասարակության բանակցություն իշխանության հետ, որովհետեւ ժողովրդի մի մեծ զանգված ոչ մեկին, այդ թվում` ՀԱԿ-ին, ձայն չի տվել»: Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման հավանականության մասին, Հ. Հովհաննիսյանն ասել է. «Չեմ բացառում երբեք, որ կարող է արտահերթ ընտրությունների անցկացման անսպասելի որոշում լինել»: Չբացառելով նման հնարավորությունը` Հովհաննիսյանն ընդգծել է, թե ինքը հասկանում է, որ իշխանության մեջ էլ հիմա, բնականաբար, երկու թեւի պայքար կա, որոնք, թեեւ իրար դեմ կանգնած ճակատներ չեն, բայց ունեն մտայնություններ: Ըստ նրա, առողջ ու պարտվողական մտայնություններ կան նաեւ Կոնգրեսում, հետեւաբար դժվար է խոսել, թե ինչ օրակարգով են անցկացվելու ՀԱԿ-իշխանություն բանակցությունները: Ըստ նրա` պարզ է, որ իշխանությունն էլ իր օրակարգն ունի: «Բայց ՀԱԿ-ը տեղավորվում է այդ օրակարգում, թե չէ, այ այստեղ է, որ ես լուրջ հարց եմ տեսնում: Ես էլ եմ կարծում, որ իշխանությունն արդեն ներողություն խնդրի ու գնա, բայց այստեղ պրոբլեմն այն է` ումից ներողություն խնդրի ու գնա: Ես կարծում եմ, որ նա հասարակությունից, ժողովրդից պետք է խնդրի այդ ներողությունը, եւ ոչ թե որեւէ քաղաքական ուժից, որքան էլ այդ ուժն իրեն առաջին դրոշակակիր ներկայացնի»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, թե իշխանությունը պետք է գիտակցի, որ ինքը հավերժ չէ, եւ, որ ձախողվել է: