Կհամարձակվե՞ն խաղից դուրս թողնել սփյուռքին

06/06/2011

Վերջին շրջանում ներքաղաքական կուլիսներում շատ էր խոսվում առաջիկա խորհրդարանական ընտրություննաերին երեք ավանդական կուսակցությունների` Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ), Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) եւ Հնչակյանների` ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում մեկ միասնական ցուցակով մասնակցության մասին:

Ոմանք էլ, իհարկե, նման ձեւաչափը համարեցին անհավանական եւ ավելորդ համարեցին նույնիսկ այդ մասին քննարկումներ ծավալելը: Փաստ է, այդուհանդերձ, այն, որ այդ տեսակետը ոչ հերքվեց, ոչ էլ հաստատվեց կողմերից որեւէ մեկի կողմից: Նույնիսկ որոշակի անուշադրության մատնվեց մայիսի 30-ին Հայաստանում ավանդական այդ երեք կուսակցությունների աշխարհասփյուռ կառույցների ղեկավարների` Հրանտ Մարգարյանի, Մայք Խարապյանի, Սեդրակ Աճեմյանի հանդիպումը: Սոսկ հաղորդագրություն տարածվեց այդ հանդիպման մասին, ուրիշ ոչինչ: Այս երեք կուսակցությունները, որքան էլ ունենան ազգային հողի վրա միասնական մոտեցումներ, այնուամենայնիվ, գաղափարական լուրջ տարաձայնություններ եւ պատմական հակամարտություններ ունեն: Այդ իսկ պատճառով միայն այդ հանդիպման փաստն արդեն արտառոց էր, քանի որ նման մակարդակի հանդիպումներ խիստ հազվադեպ են եղել: Այդ հանդիպման մասին, թերեւս, որեւէ մեկնաբանություն չարվեց, եւ այն չընկալվեց որպես ներպետական ինտրիգների վրա ազդող հանդիպում, այլ շատերի կողմից ընկալվեց որպես Սփյուռքին վերաբերող հանդիպում: Որքանո՞վ էր եռակողմ այդ հանդիպումը կապված հայաստանյան խնդիրների հետ: Չէ՞ որ նրանք կարող էին Սփյուռքի հարցերով (եթե դա այդպես է) հանդիպել աշխարհի ցանկացած երկրում, մանավանդ, որ այդ երեք կուսակցությունների ղեկավարներից երկուսը բնակվում են արտասահմանում, իսկ Հրանտ Մարգարյանն էլ շատ հաճախ է լինում արտերկրում: Ավելին, եթե նրանք ցանկանային իրենց հանդիպումը գաղտնի պահել, ապա դրա համար ավելի հարմար վայր կընտրեին, քան Հայաստանը: Եվ պաշտոնական որեւէ հաղորդագրություն չէին տարածի հանդիպման վերաբերյալ:

Ինչ է կատարվում իրականում: ՀՅԴ-ն հստակ հայտարարել է, որ հետագայում ինչպիսի ձեւաչափեր էլ ստեղծվեն, միեւնույն է, իրենք բացառել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Դաշնակցությունը ժամանակին նեղսրտել էր, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ժամանակ, լինելով ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկեր, այդ մասին իմացել էր մամուլից: Եվ դա ՀՅԴ-ում համարեցին ոչ միայն արհամարհանք կոալիցիոն գործընկերոջ հանդեպ, այլեւ գտան, որ այդպես կարող էր վարվել միայն անհուսալի գործընկերը: Բայց արդյո՞ք ՀՅԴ-ի ռեսուրսը բավարար է, որպեսզի կարողանա Սերժ Սարգսյանին իր պայմանները պարտադրել, եւ առաջին հերթին` պարտադրել իր գոյությունը առաջիկա խորհրդարանի կազմում: Իհարկե` ոչ: Ուստի Դաշնակցությունը կարող է գնալ խորամանկ քայլի` երեք ավանդական կուսակցությունները կարող են ազգային դաշինք ստեղծել ու միասնաբար մասնակցել ԱԺ ընտրություններին: Եվ եթե այդ դաշինքը (արդար ընտրությունների դեպքում) չհավաքի 7 տոկոսից ավելի ձայն, չհաղթահարի նվազագույն շեմը ու չմտնի խորհրդարան, ապա Սփյուռքը դա կհամարի իրեն ուղղված հարված: Դրանում ակնհայտորեն կմեղադրվեն իշխանությունները ու հասարակության մեջ նրանց կողմից տարված ոչ պատշաճ վերաբերմունքը մեր սփյուռքահայ քույր-եղբայրների ու առաջին հերթին` բարերարների հանդեպ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրությունները դարձյալ կեղծվեն, ապա Սփյուռքը դա պետք է գնահատի, որ այդ «նկարած» ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել մի 7 տոկոս էլ իրենց համար «նկարել»: Այսինքն` դարձյալ իշխանություններին կմեղադրեն եւ անձամբ ՀՀ նախագահին, իսկ Սփյուռքում Հայ դատի գրասենյակները կդառնան Սերժ Սարգսյանի քաղաքականությունը դատապարտող գրասենյակներ: Այսինքն` Սերժ Սարգսյանը միայն Դաշնակցությանը միգուցե կարողանար «պատժել», բայց խիստ վտանգավոր կլինի խաղից դուրս թողնել 3 կուսակցություններին միաժամանակ: Այդ դեպքում ՀՀ նախագահը ստիպված պետք է լինի դիմակայել ողջ Սփյուռքին, քանի որ դա ընկալվելու է որպես վերաբերմունք Սփյուռքի նկատմամբ: Իսկ եթե Ս. Սարգսյանը համաձայնի այդ դաշինքը մտցնել խորհրդարան, ապա դրանով էլ հարցը չի լուծվում, քանի որ Սփյուռքն այլեւս Հայաստանի իշխանության մեջ ներկայացված կլինի ինստիտուցիոնալ ձեւով, եւ սփյուռքահայերը կսկսեն այդ կառույցի միջոցով հարաբերվել իշխանությունների հետ: Բայց դա խիստ վտանգավոր կարող է լինել ՀՀ նախագահի համար: Բացատրենք. առանց այն էլ Ռուսաստանը մեր երկրում ներկայացված է ամենուր եւ ամեն կերպ: Եթե Սփյուռքն էլ, որ այս տարիներին բավարար չափով ՀՀ իշխանություններից իր նեղացածությունն է ցույց տվել, ներկայանա սեփական կառույցով, ապա կստացվի` պետություն պետության մեջ: Իհարկե, սա թույլ չի տա Սերժ Սարգսյանը, բայց արդյոք նա կհամարձակվի՞ խաղից դուրս թողնել Սփյուռքին: Չէ՞ որ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս հետո նախագահական ընտրություններն են, եւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ցանկությունն այլեւս գաղտնի չէ, եւ նրա վերադարձի հավակնություններն անթաքույց են: Գաղտնիք չէ, որ ժամանակին Ռ. Քոչարյանը լավ հարաբերություններ է ունեցել ավանդական կուսակցությունների հետ: Համենայնդեպս, միշտ այնպես է արել, որ գոնե այդ 3-ից 2-ը լինեն իր կողքին` այսինքն` Սփյուռքի «հսկիչ փաթեթն» իր ձեռքում է պահել: Իսկ հիմա, եթե Սերժ Սարգսյանն այդպիսով նեղացնի Սփյուռքի կուսակցություններին, ապա նրանք կամա թե ակամա հայտնվելու են Քոչարյանի գործընկերային տիրույթում: Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն միտքը, որ մշտապես թեւածում է ներքաղաքական շրջանակներում, այն է` եթե Ռուսաստանի առաջիկա նախագահը Վ. Պուտինն է, ապա այդ պարագայում ՀՀ-ում անվերապահորեն նախագահ կդառնա Ռ. Քոչարյանը, ապա բոլորովին այլ պատկեր է ստացվում: Այսինքն` եթե պարզվի, որ Քոչարյանը վայելում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Սփյուռքի աջակցությունը, իսկ երկրի ներսում այն ուժերը, որոնք դեմ են հայ-թուրքական մերձեցումներին ու նաեւ` Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում սպասվելիք զիջումներին, իսկ իրանական կողմի այս օրերի հստակ հաթաթան, թե` չլինեմ-չիմանամ, որ Ղարաբաղի հարցն այնպես կարգավորեք, որ օտար զորքեր տեղակայվեն իր հյուսիսային սահմանի մոտ, ապա միանշանակորեն կարելի է փաստել, որ Քոչարյանը կվերադառնա առանց դժվարությունների: Հո չե՞ք կարծում, որ նա հանրահավաքային պայքարի արդյունքում պետք է փորձեր վերադառնալ կամ էլ հասարակության համակրանքի արդյունքում: Հակաքոչարյանական ուժերն այսօր հիստերիա են ծավալել, որպեսզի ժողովրդի աչքից գցեն նրան: Ուրեմն ի՞նչ. ստացվում է` նրանք կարծում են, որ ժողովրդի աչքում բարձր է Քոչարյանի հեղինակությունը: Բնական է, որ նրա վերադարձը կապահովեն իշխանական վերնախավը` լինի դա քաղաքական, տնտեսական կամ էլ վարչական ու ուժային, մանավանդ որ, այս հակաքոչարյանական պսիխոզի պատճառով իրենցից շատերը խուճապի մեջ են հայտնվել:

Այսինքն` մինչ Սերժ Սարգսյանը զբաղված էր նոր գործընկեր ձեռք բերելու գործով` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այս ընթացքում նա կամաց-կամաց կորցնում է վերջերս մեծ դժվարությամբ իր կողմը քաշած «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) աջակցությունը: Այս իրավիճակին է գումարվում սփյուռքյան 3 կուսակցությունների ղեկավարների հանդիպումը հայաստանյան դաշտում, որով հստակ ասվում է, որ իրենց դեմ արված քայլին պատասխան կտան միասնաբար ու համախմբված: Իսկ ՀՀ իշխանությունների կողմից այդ կառույցի դեմ ցանկացած ոտնձգության դեպքում նրանք պարզապես երես կթեքեն Հայաստանից:

Այսինքն` եթե ցանկանում ես Սփյուռքը համախմբել դրսում, որպեսզի քեզ ենթարկեցնես, ապա այդպիսով ստիպում ես, որպեսզի Սփյուռքը համախմբվի ներսում եւ պայքարի քո դեմ: Պատահական չէր, որ այդ եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցկացվող երկու միջոցառումներից անմիջապես առաջ` Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հանձնաժողովի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկզբում արհամարհեց Սփյուռքի տեսակետը (հայ-թուրքական մերձեցումների ժամանակ), այնուհետեւ փորձեց սիրաշահել` իբր ուզում է խորհրդարանը դարձնել երկպալատ, որպեսզի Սփյուռքը ներկայացված լինի այստեղ: Սփյուռքը, սակայն, թեեւ շատ շուտով հասկացավ, որ դա ընդամենը իրեն սիրաշահելու անհաջող փորձ է, բայցեւ «սիրեց» ՀՀ ԱԺ-ում իր ներկայությունը ապահովելու միտքը: Այժմ, սակայն, իրավիճակն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է, որպեսզի պայքարի իր իսկ նախաձեռնողական քաղաքականության դեմ, որպեսզի Սփյուռքը չստիպի ՀՀ նախագահին` իրեն ներկայացված տեսնել ապագա խորհրդարանում քաղաքական ողջ սպեկտրով, մանավանդ, որ դրա համար սահմանադրական փոփոխությունների կարիք էլ չկա:

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ