«Ուզում եմ ապրել, այ բալիկ ջան։ Մի բժիշկ ճարի, աղաչում եմ»,- ասում է 88-ամյա ծերունին

06/06/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի` իրար ետեւից շարված տնակային թաղամասերը ճիշտ նույն վերակենդանացման բաժինների նման են, որտեղից մարդկանց ճանապարհում են կամ դեպի դիահերձարան, կամ` հիվանդասենյակ: Ծերերը սպասում են մահվան, իսկ ջահելները սպասում են ոչ թե իրենց «բուժմանն», այլ` ապրելու հույսը մի քիչ վերականգնելուն, «վերանորոգելուն», բուժելուն: Վագոն-տնակների բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն` արդյոք իրենք հերթագրվա՞ծ են բնակարան ստացողների ցուցակում. «Արդեն շատ ենք հոգնել, ամեն անգամ նույն պատմությունն ա: Առաջ հույս կար, բայց հիմա… Հիմա ոչինչ չգիտենք ու չենք էլ ուզում իմանալ: Իմանալուց հուսահատությունն ավելի ա շատանում»: 84-ամյա Լենդրուշ պապի պատկերն` իր վագոն-տնակով հանդերձ, ուրվագծում է աղետ տեսած մի ողջ ժողովրդի տառապանքը: Թախտին գամված ծերունին ինձ ասում է` «Խնդրում եմ` ինձ մի բժիշկ ճարի… Ցավերից մեռնում եմ, օգնի ինձ»: 22.000 դրամ թոշակով ապրող այս ծերունին ցավերից հաճախ գալարվում է, բայց դեղորայքով ցավը մեղմացնելու հնարավորություն չունի: Ասում է` «Միզապարկ, պոչկեք լրիվ հիվանդ են, չեմ կարում հաց ուտեմ, ջուր խմեմ: Ուռում եմ, սաղ ջանս ջուր ա լցվում, բայց չի դատարկվում: Խնդրում եմ` օգնի ինձ, չեմ դիմանում էս ցավերին: Շատ ցավերի եմ դիմացել, բայց սա, սա… աննկարագրելի բան ա»: Լենդրուշ Բաբայանի մոտ մասնագետները շագանակագեղձի ուռուցք են հայտնաբերել եւ դեղորայք են նշանակել: Մինչ օրս ծերունին 12.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք բերելու հնարավորություն չի ունեցել, քանի որ այն իր թոշակի ուղիղ կեսն է կազմում: «Ասա՛, ես ինչո՞վ առնեմ, ո՞նց ապրեմ, ո՞նց լույսի փող տամ, ո՞նց հաց առնեմ…»: Երկրաշարժից հետո, 1991թ.-ից ի վեր ծերունին ապրում է վագոն-տնակի սոսկալի ծանր պայմաններում: Ասում է` «Գնացի քաղսովետ, ասին` հեն ա վագոն ունես, էլի, ապրի: Ասի` ո՞նց ապրեմ, տուն եմ կորցրել, էլ չեմ կարում էս վագոնում: Ասին` գնա մարզպետարան: Չեմ կարում, աչքս չի տեսնում, օպերացիա արած ա, բայց էլի փառակալել ա` չեմ տեսնում: Գիտեմ, որ էնտեղ գնալն էլ նույն պատասխանն ա ունենալու: Խափըմ են էլի` էսօր կտանք, վաղը կտանք, էնքան կասեն, մինչեւ ժաժքի հետեւորդները ոչնչանան»:

Լենդրուշ պապն ասում է, որ թեեւ երեք երեխա ունի, սակայն բոլորն էլ անտուն ու անօգնական վիճակում են, անգամ իրենց երեխաների օրվա հացը չեն կարողանում վաստակել: «Մինը Լեննականում ա, երկուսը` Սպիտակում: Չեն կարում ապրեն, ես ո՞նց ասեմ` ինձ օգնեք»: Նախկինում կինն էր իրեն խնամում. «Մի քանի տարի առաջ կնոջս քուրը մեռավ, տարան, որ թաղեն, հենց քրոջ գերեզմանի վրա, թաղման ժամանակ կնոջս ինֆարկտ խփեց, մահացավ»: 25 տարի Սպիտակի «Լուսարձակ» թերթում տպագրիչ աշխատած պապն ասում է, որ ինքը թեեւ գրական աշխարհի մարդ է եղել, այդուհանդերձ, «ժաժքից» հետո մտքերը մեկ ուղղությամբ են ծանրաբեռնվել` ինչպե՞ս ապրել: Հարցնում եմ` «Ի՞նչ կասես մեր իշխանություններին»: Պատասխանում է` «Կասեմ, որ չեմ կարըմ ապրեմ, չեմ էլ կարըմ մեռնեմ: Իշխանություն, մի բան արա, կամ ինձ մի բժիշկ ու ճար արա` ապրեմ, կամ ինձ մեռցրու: Չէ՛, դու իշխանությանն ասա` թող ինձ մեռցնի. մեռցնելն իրա մոտ ստացվըմ ա, բայց ապրեցնելը զոռ ա»:

Բրնձով ու մակարոնով տասնյակ տարիներ գոյատեւած Լենդրուշ պապն այլեւս հասկանում է, որ մեռնելն ավելի հեշտ է, քան ապրելը: Չնայած դրան, իր մոտից հեռանալիս, այնուամենայնիվ, ինձ ձայն է տալիս. «Բայց ուզըմ եմ ապրել, այ բալիկ ջան: Մի բժիշկ ճարի, էլի, աղաչըմ եմ»: