Գեղօրաշուշան
Հազարամյակներ առաջ արտաքինով շուշանին շատ նման մի դեղին ծաղիկ իր վրա է վերցրել կայծակի հարվածը եւ փրկել մի աղջկա կյանք։ Այդ օրվանից բույսի անունը կնքել են` «Գեղեցիկ մեկ օր ապրող շուշան»։
Ծաղկի հայրենիքը Հարավ-Արեւելյան Ասիան է։ Այստեղ ապրող ժողովուրդները հավատում են` «որպեսզի կյանքն անցնի ուրախ երանգներով եւ բարձրանա տրամադրությունը, անհրաժեշտ է վաղ առավոտյան դիպչել գեղօրաշուշանի ծաղկաբույսին եւ շնչել դրա ծաղիկների բուրմունքը»։ Բնության մեջ հանդիպում են Hemerocallis lilio-asphodelus- գեղօրաշուշան դեղին եւ H.minor (փոքր) տեսակները։
Բույսի գիտական անվանումը տրվել է 1753թ. Կ. Լինեյի կողմից, լատիներեն «hemera» բառը թարգմանաբար նշանակում է` «օր», իսկ «callos»` «գեղեցկություն»։ Այս անվանումը շատ դիպուկ է, քանի որ բույսի յուրաքանչյուր ծաղիկ, որպես օրենք, ապրում է ընդամենը մեկ օր։ Այնուամենայնիվ, հնարավոր է` դուք չնկատեք այդ օրինաչափությունը, քանի որ բույսի ծաղիկների կոկոնների քանակը ծաղկման շրջանում (մոտ 20 օր) բավականին մեծ է։
Գեղօրաշուշան դեղինը շուշանազգիների ընտանիքին պատկանող բույս է: Ի դեպ, ծաղիկը տեսքով նման է շուշան հայկականին։
Սակայն, ի տարբերություն շուշանի, գեղօրաշուշանը սոխուկներ չունի, ձմեռում է դրա կոճղարմատը, որից առանձնանում են իլիկաձեւ արմատները։ Մերձարմատային տերեւները երկարավուն են, աղեղնաձեւ, ճկված, տերեւների վրա լինում են սպիտակ կամ դեղին գծեր։ Ծաղկակիրները ամուր են, 30-110 սմ բարձրության, դրանք կարող են լինել տերեւների մակարդակին, մի փոքր ավելի ներքեւ կամ վերեւ։ Ծաղիկները խոշոր են, աճում են փնջերով, կազմում ծաղկաբույլեր։ Երեկոյան ժամերին գեղօրաշուշան դեղինի բուրմունքը հիշեցնում է հովտաշուշանին։ Գեղօրաշուշանը ունի եւս մեկ առանձնահատկություն. ծաղկաթերթերի վրա կան տարբերանշաններ լաքայի, օղակի կամ գծերի ձեւով, որոնք ավելի մուգ կամ բաց են լինում ծաղկաթերթերից։ Գեղօրաշուշանի բնության մեջ հանդիպող տեսակներից ստացվել են թվով վեց հիմնական դեկորատիվ տեսակներ եւ 30.000-ի հասնող տարբեր հիբրիդներ։
Ենթատեսակները տարբերվում են ծաղիկների չափով, ձեւով, գույնով, ծաղկման ժամկետներով, բազմացման եղանակով։ Մենք կարող ենք տեսնել ծալքավորված եզրերով եւ խոլորձի նման ծաղիկներ։ Կան տեսակներ, որոնց թերթիկներն ունեն ադամանդյա կամ ոսկյա փայլեր։ Մի խոսքով, ինչպես հայերն են ասել` «անորոշ տեսակի բույս կամ վարդենիս»։
Դեղատոմս
Ավիտամինոզի դեպքում. Ավելացրեք աղցաններին կամ առանձին կերեք 2-3 մանրացրած մուգ դեղնավուն կոկոններ օրը 2-3 անգամ։
Սրտի աշխատանքի թուլացման, ուժասպառության դեպքում. 10 հատ թարմ ծաղիկների վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 1 ժամ, քամեք։ Ընդունեք 40-ական մլ թուրմը` օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։
Հեպատիտի դեպքում (որպես ստացած բուժման լրացում). 2ճ/գ մանրացրած տերեւների վրա լցրեք 0,5 լ եռջուր, պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք) 5 րոպե, թրմեք 1 ժամ, քամեք։ Թուրմի վրա լցրեք եռջուր, հասցրեք նախնական ծավալին։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Ավելացած հեղուկը խմեք հաջորդ օրը։ Պահպանեք սննդակարգ։
Հոդացավի դեպքում. 2թ/գ ծաղիկների եւ տերեւների խառնուրդին ավելացրեք 150 մլ եռջուր, թրմեք 2 ժամ ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 2-3 անգամ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ։
Այրվածքների դեպքում. 2ճ/գ մանրացրած տերեւների եւ ծաղիկների վրա լցրեք կես բաժակ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք։ Երկտակ ծալած թանզիֆը դրեք այրված հատվածի վրա։
Որպես բնական գեղարարություն
Լցրեք 2 ճ/գ մանրացրած ծաղիկների վրա 200 մլ օղի, թրմեք 1 շաբաթ, պահեք մութ տեղում, քամեք եւ ավելացրեք 1 թ/գ կիտրոնահյութ եւ 2 ճ/գ բժշկական գլիցերին։ Օգտագործելուց առաջ խառնեք ջրին 1։4 հարաբերությամբ։ Այդ լոսյոնով մաքրեք դեմքը առավոտյան եւ երեկոյան։
Յուղաթուրմ դեմքի թարմության համար. 250 գրամանոց ապակե տարան լցրեք թարմ մանրացրած ծաղիկներով, վրան ավելացրեք զտած ձիթապտղի ձեթ եւ դրեք լուսավոր տեղ 2-3 շաբաթ։ Ընթացքում կանոնավոր թափահարեք, քամեք եւ 2 օրը մեկ մաքրեք դեմքը քնելուց առաջ։
Ուշադրություն
Գեղօրաշուշանը (ցանկացած տեսակը) թույլ թունավոր է, որի պատճառով խիստ ձեւով անհրաժեշտ է պահպանել չափաբաժինը։