Նախ, սրտանց շնորհավորում եմ շախմատի մեր հավաքականի տղաներին, ովքեր այս օրերին անցկացվող աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում, 2,5:1,5 հաշվով հաղթելով շախմատի օլիմպիադայի եւ աշխարհի գործող չեմպիոն Ուկրաինայի հավաքականին, վաստակեցին 7,5 միավոր եւ առայժմ զիջում են միայն Ռուսաստանի հավաքականին, որը վաստակել է 8 միավոր: Երեկ մեր տղաները պետք է խաղային ԱՄՆ հավաքականի հետ: Ի դեպ, մինչ այդ մեր հավաքականը հաղթել էր նաեւ Վրաստանի հավաքականին:
Պատահականություններ չեն լինում: Եվ համաձայնեք, որ Շախմատի աշխարհի թիմային առաջնության գլխավոր դերակատար երկրները՝ Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, զարմանալիորեն նույնացվում են այսօրվա մեր քաղաքական կյանքի հետ: Համենայնդեպս, այսօր հայկական լրատվամիջոցներում ամենաշատը հանդիպում ենք հենց այս երկրների անուններին: Եվ եթե հիշենք ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի վերջին մամլո ասուլիսում արտահայտած այն միտքը, որ Հայաստանի 2007 եւ 2008թթ. համապետական ընտրություններին ԱՄՆ-ը պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, ապա կարելի է ենթադրել, որ 2007թ. Հայաստանի թիմային առաջնությունում (ԱԺ ընտրություններին) եւ 2008թ. անհատական առաջնությունում (ՀՀ նախագահական ընտրություններին) սպասվում է բավականին հետաքրքիր ու լարված պայքար: Գուցեեւ՝ անսպասելի արդյունքներով: Եվ, քանի որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքերում խաղացողների քանակի պակաս չի զգացվելու, մենք կփորձենք հերթով քննարկել այդ մրցաշարերում սպասվող բոլոր պարտիաները: Այսօր կանդրադառնանք «Հանրապետական» – «Օրինաց երկիր» պարտիային: Պարտիա բառն այս դեպքում նշանակում է ոչ թե կուսակցություն, այլ` մրցախաղ:
Սպիտակների ճամբար
Թագավոր – Անդրանիկ Մարգարյան
Թագուհի – «Հանրապետական»կուսակցության վարչապետական թեւ
Նավակներ – Ուժային կառույցներ
Փղեր – Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ադմինիստրատիվ ռեսուրս
Ձիեր – ԶԼՄ-ներ
Զինվորներ – Փողին հավատացող ընտրազանգված
Սեւերի ճամբար
Թագավոր – Արթուր Բաղդասարյան
Թագուհի – «Օրինաց երկիր» կուսակցություն
Նավակներ – Աշխարհաքաղաքական ռեսուրսներ
Փղեր – Ընդդիմադիր որոշ կուսակցություններ
Ձիեր – ԶԼՄ-ներ
Զինվորներ – Պոպուլիզմին հավատացող ընտրազանգված
Խաղում են սպիտակները
Վերջին մի քանի ամիսները ցույց տվեցին, որ «Հանրապետական» կուսակցությունը չի փոխում իր արդեն փորձած մարտավարությունը: Առաջ տանելով իր զինվորներին, ուժեղացրեց սպիտակ փղերը (ՏԻՄ ռեսուրսը): Բայցեւայնպես, տարօրինակ կերպով շարունակում է անտեսել ձիերին (ԶԼՄ-ներին):
Խաղում են սեւերը
Ի տարբերություն «Հանրապետական»-ների, «Օրինաց երկիր»-ը, չունենալով իր մրցակցի պես ուժեղ ադմինիստրատիվ ռեսուրս, իր ձիերին (ԶԼՄ-ներին) բավականին ակտիվ դիրքերում է պահում, բնականաբար, առավել ծանր պահերին նավակներին (Աշխարհաքաղաքական ռեսուրսները) խաղի մեջ մտցնելու պայմանով: «Օրինաց երկիր»-ը գիտակցում է, որ «Հանրապետականի» ոչ վարչապետական թեւը յուրաքանչյուր պահի պատրաստ է լքել այդ կուսակցության շարքերը:
Խաղում են սպիտակները
Ակնհայտ է, որ եթե մինչեւ 2007թ. չկատարվի ավանդների վերադարձնելու 2003 թվին սեւերի տված խոստումը, նրանց զինվորները կկորցնեն իրենց ուժը: Ավելին, նրանք կարող են համալրել սպիտակ զինվորների շարքերը: Սա հասկանալով, սպիտակների թագուհին իրենց իսկ թագավորի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, որպեսզի այդ խոստումը չիրագործվի: Ի դեպ, սեւերի ճամբարից մի ստվար զանգված եւս հաճույքով կլքի, հատկապես, այսպես կոչված, գործարար հատվածը: Այն պահին, երբ նրանք զգան, որ իրենց բիզնեսին չնչին վտանգ է սպառնում, «Օրինաց երկիր» անունը կմոռանան մեկընդմիշտ:
Խաղում են սեւերը
Սեւերի թագավորը (որն, ի դեպ, համարվում է նաեւ 2008թ. մրցաշարի հիմնական խաղացողներից մեկը), օգտվելով սահմանադրական փոխատեղումից (փոփոխություններից), փորձեց առաջ տանել իր` նախապես մտածած մարտավարությունը: Բացի այդ, սեւերն իրենց նավակների միջոցով վերջին շրջանում հետաքրքիր «խաղեր են տալիս»՝ ինչպես դրսում (հաշվի առնելով Արթուր Բաղդասարյանի այցելությունները ԱՄՆ եւ Ռուսաստան), այնպես էլ` ներսում (Օրերս Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնական արարողությանը ներկա էին ավելի քան 80 երկրների պատվիրակություններ, որի առիթով ծախսվել էր 200.000 դոլար):
Խաղում են սպիտակները
Սպիտակները, սակայն, չեն պատրաստվում «ձեռքերը ծալած» նստել: Ունենալով բավականին հզոր լծակներ, սպիտակները գիտեն սեւերի թույլ կողմերը: Դա նրանք ապացուցեցին «Օրինաց երկրի» եւ Պետավտոտեսչության հետ կապված հայտնի պատմության ժամանակ, երբ ընդամենը մի քանի ժամում իրենց նավակներով խեղճացրին մրցակցի թագուհուն: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական ուժերին, ապա սպիտակները քաջ գիտակցում են, որ թեպետ նրանց ուժի մասին միշտ էլ խոսվել է, սակայն իրականում, համենայնդեպս` մինչ օրս, նրանք Հայաստանում ունեցել են մինիմալ դերակատարում:
Խաղում են սեւերը
Սեւերի թագավորը՝ Արթուր Բաղդասարյանը, եւս նկատել է այդ նվազ դերակատարումը, բայց լինելով ավելի երիտասարդ (Սահակաշվիլիի եւ Յուշչենկոյի սերնդակից), նա, միեւնույն ժամանակ, նաեւ տեսել է Վրաստանում եւ Ուկրաինայում այդ ուժերի իշխանության գալու օրինակները: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր դերակատարում կարող են ունենալ սեւերի փղերը (որոշ ընդդիմադիր կուսակցություններ), որոնց հետ պարբերաբար հետաքրքիր քայլեր է անում Արթուր Բաղդասարյանը (հիշենք միայն նրա եւ Արամ Զ. Սարգսյանի ու Արտաշես Գեղամյանի փոխադարձ ռեւերանսները): Իհարկե, սպիտակների թագավորը նույնպես լավ հարաբերությունների մեջ է ընդդիմադիր որոշ կուսակցությունների հետ, այդ թվում՝ Արամ Զ. Սարգսյանի:
Շախմատային մեկնաբան Կարեն Քոչարյան
Ինչ խոսք, ժամանակը ցույց կտա, թե ում ֆիգուրներն են ավելի ազդեցիկ: Սակայն մի բան պարզ է: Այն մարզիչը, որը ժամանակին այս երկու շախմատիստներին ընդգրկել էր մի հավաքականի կազմում, դժվար թե նույն բանը կարողանա անել հաջորդ ընտրություններում: Իհարկե, այսօրվա մեր պարտիայում մենք հաշվի չենք առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ՀՅԴ-ն կամ «Ժողպատգամավորը», 2008թ. պատրաստվող մի քանի գրոսմայստերների եւ այլն: Իրականում այդ ամենը պետք է համակարգված դիտարկել, որպեսզի պատկերն ավելի ստույգ լինի: Կարծում եմ, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում մենք միասին կփորձենք վերլուծել բոլոր հնարավոր պարտիաները: