Կարեւոր է թափանցիկությունը

04/06/2011

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում «շատ դրական» է գնահատել մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներին ազատ արձակելու փաստը եւ ողջունել է ՀՀ ներքաղաքական կյանքում առկա վերջին միտումները: «Կարեւոր է, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը լինի թափանցիկ եւ կառուցողական, եւ պետք է ասեմ, որ այս ամենը շատ ոգեւորիչ է: Սա մեծ հնարավորություններ է բացում հայաստանցիների համար` հատկապես հաշվի առնելով, որ մոտենում է նախընտրական շրջանը,- ասել է Մ. Յովանովիչը` ավելացնելով,- Կարծում ենք, որ իրապես շատ կարեւոր է նաեւ իշխանությունների որոշումը` թույլատրել մարդկանց հանրահավաքներ կազմակերպել այնտեղ, որտեղ նրանք ուզում են դա անել: Այս բոլոր զարգացումներն ու Մարտի 1-ի գործով ընթացող քննության վերսկսումը շատ կարեւոր են ոչ միայն` Հայաստանի պատմության այդ շատ դրամատիկ շրջանի բուն հանգամանքները պարզելու, այլեւ այն տեսանկյունից, որ դա հայաստանցիներին հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ սխալներ են թույլ տրվել, հետագայում դրանցից խուսափելու համար»: