2006-2007թթ. ընթացքում կատարված անարդյունավետ ծախսերի վերաբերյալ Վերահսկիչ պալատի, ապա նաեւ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ծառայողական քննության արդյունքում հրապարակված փաստերը շատերն ընկալեցին որպես կառավարության կողմից ակնարկ ու թաքնված սպառնալիք՝ ուղղված ՀՅԴ-ին։ Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում Սոցապ նախարարությունը ղեկավարում էր ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը։ Մեկնաբանելով նշված ստուգումներն ու դրանց արդյունքները` Ա. Վարդանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Հատուկ մեկնաբանության ոչ իմաստ եմ տեսնում, ոչ էլ ցանկություն ունեմ։ Վարչապետն իր նախարարին հանձնարարական է տվել, նա էլ կատարել եւ զեկուցել է։ Միայն մի բան կասեմ։ Այդ կարգի բոլոր ծրագրերն իրականացվում են հստակ կանոնակարգերով՝ կառավարության հաստատումով, ԱԺ վավերացմամբ, մրցույթներով, Ֆինանսների նախարարության կողմից ծախսերի համապատասխան թույլտվություններով։ Ետին թվով դատողություններ անելը, ծախսերի մի մասն անարդյունավետ գնահատելը` չեմ կարծում, թե միտումնավոր է արվում։ Բայց նաեւ կարծում եմ՝ այսօրվա վարչապետ-կառավարությունը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի իր առջեւ, քան ինքնակամ գնացածների ետեւից անուղղակի խոսելն է։ Իմ նախարարական գործունեության գնահատականը տվել են նախկին նախագահն ու վարչապետները։ Տվել ու այսօր էլ տալիս են համակարգի հարյուրավոր աշխատակիցները, եւ դա ինձ լիովին բավարարում է»։