«Կարծում եմ` ՀԱԿ-ը սխալ է թույլ տալիս` պահանջելով արտահերթ ընտրություններ: Դա պարտություն կլինի, որովհետեւ ընտրությունները կկեղծվեն, բայց դրանից հետո բոլորը կհայտարարեն, որ ընտրությունները կայացել են, եւ իշխանությունը կդառնա լեգիտիմ,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը` պարզաբանելով,- ԱԺ-ն հիմա չի աշխատում, որովհետեւ լեգիտիմ չէ: Իսկ վաղն այդ ընտրություններին ընդառաջ կգնան, ու բոլորը նորից կլծվեն նույնին` ընտրությունները կեղծելուն… Այդ պատճառով ես ինձ թույլ եմ տալիս պնդել, որ ՀԱԿ-ը սխալվում է, երբ պահանջում է արտահերթ ընտրություններ»: Միաժամանակ նա առաջարկել է երկխոսության` ներկայումս քննարկվող ձեւաչափի փոխարեն ստեղծել բանակցությունների այլ ինստիտուտ` կլոր սեղան: «Միգուցե ՀԱԿ-ն իշխանության հետ պայմանավորվի, եւ կլոր սեղան ստեղծվի, որի որոշումները գնան գործադիր իշխանություն` ի կատարումն: Առանց այդ պայմանավորվածության ոչինչ չի ստացվի… Մենք դեռ արտահերթ ընտրությունների հնարավորություն չունենք: Ավելի վատ խորհրդարան կընտրվի, քան այսօր: Ավելի լավ է այսօր մի նոր ինստիտուտ ստեղծել խորհրդարանին զուգահեռ… Թող կլոր սեղան ստեղծվի, որը կունենա իր պաշտոնական ֆունկցիան: Եկեք այսօր հայտարարենք անցումային ժամանակահատված, որովհետեւ նախագահն ասել է, որ ինքն անցում է կատարում ավտորիտարիզմից ժողովրդավարություն: Այս ընթացքում թող խորհրդարանին զուգահեռ բանակցային կլոր սեղան գործի»,- ասել է Լյուդմիլա Հարությունյանը: