Ոգեւորվել է ճեղքումից

04/06/2011

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ղարաբաղյան գործընթացում «ճեղքման դրական նշաններ» է տեսնում` միաժամանակ ողջունելով Ադրբեջանի «վճռական եւ լավատեսական» դիրքորոշումը հակամարտության առնչությամբ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ Հռոմում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հայտնել է, որ հնարավորություն է ունեցել ողջունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ավտոբուսում, որով նրանք վերադառնում էին Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված հանդիսությունից: Նա նշել է, թե ավելի շատ ժամանակ տրամադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցին` հնարավորություն ունենալով քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի որոշ մանրամասներ: Դավութօղլուն ասել է, թե հույսեր է կապում Կազանում կայանալիք հանդիպման հետ: Նա հայտնել է, որ հնարավորություն է ունեցել Ալիեւի հետ քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները եւ ԼՂ շուրջ վերջին զարգացումները: «Նշանները` ճեղքման, դրական են: «Մեծ ութնյակի» եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունները նպատակ ունեն արագացնել խաղաղ գործընթացը: Սպասենք Կազանի հանդիպման արդյունքներին: Հուսով ենք, որ կտեսնենք որոշ դրական քայլեր»,- հայտարարել է Դավութօղլուն: