Լուրջ ճնշում է լինելու

02/06/2011

«Հունիսին Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը, թիկունքում ունենալով ամերիկացի եւ ֆրանսիացի բանակցող կողմերը, լուրջ ճնշում է գործադրելու, որպեսզի նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը վերջապես ստորագրեն Հիմնական սկզբունքների փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններն ընթանում են արդեն 5-ից ավելի տարի»,- «The National Interest» պարբերականում գրել է Կարնեգի Հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը: Նա ներկայացրել է Հիմնական սկզբունքների առանցքային կետերը, ըստ որոնց` հայկական ուժերը հերթականությամբ կլքեն Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները, Լեռնային Ղարաբաղը «միջանկյալ կարգավիճակ կստանա», ինչը նրան միջազգային լեգիտիմություն կտա, բայց ոչ լիարժեք անկախություն, բացի դա, Ղարաբաղը ապագայում հանրաքվե անցկացնելու խոստում կստանա` «օրենքի ուժ ունեցող կամարտահայտում»` տարածքի ապագա կարգավիճակը որոշելու համար: