«Յուրաքանչյուր նորմալ երկրում ընդդիմության դերը հենց այն է, որ ներկայացնի սոցիալական, տնտեսական, կոռուպցիայի, ստվերի, օլիգոպոլիայի դեմ պայքարի, փոքր ու միջին բիզնեսի պաշտպանության եւ բազմաթիվ այլ առաջարկներ, որոնք խնդիր են մեր երկրի համար: Ընդդիմության այս առաջարկները գոնե ինձ համար շատ ընկալելի են»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի հնչեցրած պահանջներին: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած 15 պահանջների մեջ կան նաեւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներին ազատելու մասին պահանջներ: Առաջին 3 պահանջները կատարելուց հետո իշխանությունները պատրա՞ստ են կատարել այս եւ մյուս պահանջները: «Տեսականորեն հնարավոր է, որ որեւէ պաշտոնյայի հարցում այդ տեսակետները համընկնեն, բայց ՀՀ-ում իշխանությունը երբեք չի կարող գնալ պաշտոնանկությունների զուտ նրա համար, որ դա ընդդիմությունն է պահանջում»,- պատասխանել է Ս.Նիկոյանը: