ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն անհանգստացած են

02/06/2011 Արնինե ԱՎԵՏՅԱՆ

Մայիսի 31-ին կայացած հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի երեք պահանջների կատարման հանգամանքը նկատի ունենալով, իրենք արդեն պատրաստ են` իշխանության հետ ֆորմալ, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության գնալ:

Իշխանական ճամբարից երեկվանից արդեն անընդհատ պատասխաններ են հնչում այն բովանդակությամբ, թե պատրաստ են քննարկել ընդդիմության առաջարկությունները: Նման հայտարարությունները գալիս են հիմնականում իշխող Հանրապետական կուսակցությունից: Կոալիցիոն մյուս` «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցություններն առայժմ զգուշավոր հետեւում են, թե ինչ է տեղի ունենում ընդդիմության եւ իշխանության` ավելի շուտ` Սերժ Սարգսյանի միջեւ:

Այն պահից, երբ Ս.Սարգսյանը սկսեց դրականորեն արտահայտվել ընդդիմության մասին եւ աստիճանաբար կատարել վերջինիս ներկայացրած պահանջները, հատկապես ԲՀԿ-ն սկսեց ինքնուրույնության նշաններ ցույց տալ: Իշխանության կողմից ընդդիմության հետ կապված որեւէ հայտարարությանը հաջորդում էր ԲՀԿ-ի պատասխան հայտարարությունը, թե իրենք առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու են առանձին, որովհետեւ իշխանական երկրորդ ուժն են: Այնուհետեւ ԲՀԿ ղեկավար Գ.Ծառուկյանն իր կուսակցությանն անվանեց «հզոր ուժ»: Նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու մասին հարցի պատասխանն էլ թողեց «հաջորդ դասին», այն դեպքում, երբ ընդամենը երեքուկես ամիս առաջ կոալիցիոն հայտարարություն էր ստորագրել այն մասին, որ պաշտպանելու են «գործող նախագահի» թեկնածությունը: Իր հարցազրույցներով անհանգստության նշաններ սկսեց ցույց տալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անունը կապվում է ԲՀԿ-ի ակտիվացման հետ: Եվ քաղաքական դաշտում գոյություն ունեցող եւ ունեցած կառույցներն ու անհատները սկսեցին անհանգստանալ, թե ՀԱԿ-ի հետ Հանրապետականի ու Ս.Սարգսյանի հավանական երկխոսության արդյունքում իրենք կհայտնվեն քաղաքական լուսանցքում: Բնական է, որ առաջին հերթին պետք է անհանգստանային կոալիցիոն այդ երկու կուսակցություններն ու մտահոգվեին, թե դա իրենց հաշվին է տեղի ունենալու: Որոշ տեղեկությունների համաձայն` անհանգիստ են նաեւ ՀՀԿ անդամներն իրենք: Այնուամենայնիվ, բոլորն էլ զգուշավոր կերպով «ողջունում» են ակնկալվող երկխոսությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս է հայտարարել, թե ողջունում է երկխոսության յուրաքանչյուր փորձ, որը բերելու է ՀՀ քաղաքական համակարգի կայունության ամրապնդմանը, մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Այդ առումով յուրաքանչյուր ուժերի միջեւ երկխոսություն, յուրաքանչյուր քաղաքական բանավեճ մեզ համար ընդունելի է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:

«Նախ ասեմ, որ ես դրական եմ վերաբերվում ցանկացած երկխոսության, որովհետեւ մեր պատկերացումներով, ընդհանուր առմամբ, պրոբլեմների, հարցերի դեմ ոչ թե պայքարում են, այլ դա դարձնում են քննարկման առարկա, որպեսզի գտնեն իրատեսական լուծումները»,- ավելացրեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

ՀՀ առաջին նախագահը նաեւ հայտարարեց, թե առաջիկա օրերին կորոշեն իրենց բանակցող պատվիրակության կազմը: «Այն բաղկացած կլինի 3գ5 հոգուց: Եվ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը: Կոնգրեսի օրակարգը հայտնի է` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»,- հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը:

Իշխանական թեւից պատվիրակության կամ պատվիրակության կազմի մասին հայտարարություններ դեռեւս չկան: Ով էլ խոսում է այդ մասին, հայտարարում է, թե այդ հարցը դեռ չի քննարկվել, կամ դա Ս.Սարգսյանը պետք է որոշի: Ամեն դեպքում այսօր քաղաքական կուլիսներում քննարկման առարկա է դարձել, թե ինչ սկզբունքով պետք է ձեւավորվի իշխանական պատվիրակությունը: Այնտեղ ընդգրկվելու են չեզո՞ք, անկուսակցակա՞ն գործիչներ, թե՞ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներ: Չէ՞ որ իշխանությունը կազմել են երեք կուսակցությունները: Մեր տեղեկություններով` նաեւ այս հարցն է շատ հուզում ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Արդյո՞ք նրանք մաս կկազմեն այդ երկխոսությանը, թե՞ դա կարվի իրենց թիկունքում, եւ միայն իրենց վերջում կտեղեկացնեն արդյունքների մասին: Ամեն դեպքում Խ.Գալստյանն այսպես պատասխանեց. «Նման որեւէ հարց մենք այս պահին չենք քննարկել, չեմ կարող պատասխանել, թե ինչպիսի ձեւաչափ կընտրվի այդ երկխոսության համար»:

Հ.Մարգարյանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ այդ պատվիրակության մեջ ներգրավված կլինեն կոալիցիայի ներկայացուցիչները: Երկխոսության առաջարկությունն ընդունելու, դրա համար պատվիրակություն կազմելու եւ այդ կազմի ձեւավորման հետ կապված հարցերով երեկ դիմեցինք Ս.Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին, բայց պատասխան չստացանք: Որոշ տեղեկությունների համաձայն` այս հարցը քննարկվում է նաեւ ՀԱԿ-ում: Եվ երեկ արդեն վարկածներ էին շրջանառվում, թե ընդդիմության պատվիրակության կազմում լինելու են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու Լ.Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: Իշխանական կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը, ով բոլոր ժամանակներում եղել է ընդդիմության ու իշխանության միջնորդը: Ասում են, որ հենց նա է եղել միջնորդ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ, երբ ստեղծվում էր «Միասնություն» դաշինքը: Թեեւ զուտ ֆորմալ առումով հազիվ թե Գ. Հարությունյանը կարողանա նման դերակատարում ստանձնել, քանի որ զբաղեցնում է ՍԴ նախագահի պաշտոնը: Խոսակցություններ կան, թե երկուստեք ցանկանում են այդ պատվիրակությունները կազմել ոչ թե անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից, այլ հնարավորինս չեզոք մարդկանցից, որպեսզի կուսակցական շահարկումներից ու պայմաններից զերծ մնան: Պատվիրակության կազմավորման հետ կապված երեկ երկու կողմերից էլ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ: Երկուստեք պատասխանում էին, թե այդ հարցը դեռ քննարկվում է: