Մանիպուլյացիայի շղթայական գաղտնիքը

02/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2011թ. պետբյուջեով՝ այս տարվա համար Հայաստանում կանխատեսվում է 4.6% տնտեսական աճ։ Այդ թիվը ոչ ոք չի վիճարկել, ոչ ոք չի որակել այն իրատեսական, հավակնոտ կամ հակառակը՝ չափից դուրս զգուշավոր։ Ավելին՝ միջազգային կառույցների գնահատականները հիմնականում համընկնում են այս կանխատեսման հետ։

4.6% աճը հավակնոտ ու անիրատեսական թույլ չի տալիս համարել նախորդ տարվա ցուցանիշը, երբ կանխատեսվող 1.2 տոկոսի փոխարեն արձանագրվեց 2.6 տոկոս աճ։ Ինչ վերաբերում է զգուշավորությանը, ապա դա էլ հասկանալի է. գյուղատնտեսության ոլորտի` բնակլիմայական պայմաններով բացատրվող անկումը շատերի «աչքն է վախացրել»։

Այդուհանդերձ` տարին արդեն կիսվում է, եւ մակրոտնտեսական ցուցանիշներին հետեւելով` կարելի է մոտավոր գնահատական տալ՝ կգերազանցե՞նք կանխատեսվող աճը, թե՞ հակառակը` կձախողենք։

Մակրոտնտեսական ցուցանիշների հետ սեր ունեցողները, սակայն, այս տարի մի խոչընդոտի հանդիպեցին։ Ազգային վիճակագրական ծառայությունը փոխեց մեթոդաբանությունը եւ որոշ իմաստով արդեն հարազատ դարձած ՀՆԱ-ի ցուցանիշի փոխարեն` սկսեց հաշվարկել տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ էության, դա ՀՆԱ-ից շատ չի տարբերվում, եւ դրանով նույնպես կարելի է կարծիք կազմել տնտեսության աճի մասին։ Միակ տարբերությունն այն է, որ ՏԱՑ-ը հրապարակվում էր ըստ ամիսների։ Այսինքն` հունվարի ՏԱՑ-ը հնարավոր է համեմատել միայն նախորդ տարվա հունվարի հետ եւ նախորդող ամսվա, փետրվարինը` նախորդ տարվա մարտի եւ ընթացիկ տարվա հունվարի, եւ այսպես շարունակ։

Այսինքն՝ նրանք, ովքեր ցանկանում էին ավելի օբյեկտիվ կարծիք կազմել, հնարավորություն չունեին ամբողջ ժամանակահատվածը (ասենք` եռամսյակը) համեմատել նախորդ տարիների եռամսյակների հետ։ Ստիպված համեմատում էին ամսական ցուցանիշները եւ վերլուծությունները կառուցում միայն այդ «կիսատ» ցուցանիշի վրա։

Հիշեցնենք, որ հունվարին ՏԱՑ ցուցանիշը գերազանցեց 6%-ը։ Սա նշանակում էր, որ այս տարվա հունվարին մեր տնտեսությունը 6%-ով ավելի ակտիվ է եղել, քան նախորդ տարվա հունվարին։ Բնականաբար, ոմանք դրանից շատ ոգեւորվեցին եւ սկսեցին վարդագույն ակնոցներով նայել ապագային։ Հետո եկավ փետրվարը, ՏԱՑ-ի ցուցանիշը իջավ մինչեւ 0.9%։ Ոգեւորությունը մի փոքր մարեց։ Մարտին ավելի տխուր ցուցանիշ ունեցանք` 0.3%։ Նրանք, ովքեր տարվա սկզբին ոգեւորվել էին, հանկարծ հիշեցին, որ ՏԱՑ-ն ընդամենը ամսվա կտրվածքով է ներկայացվում, եւ պետք չէ դրա հիման վրա դատողություններ անել ամբողջ տարվա համար։

Իսկ հետո՝ ապրիլին, հանկարծ հրապարակվեց փայլուն ցուցանիշ` 7.7%։ Եվ այս անգամ էլ, ինչպես սպասվում էր, մոռացան, որ դա ընդամենը ամսական ցուցանիշ է, եւ նորից ոգեւորվեցին։

Իրականում, եթե ավելի ուշադիր լինենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներին, ապա պարզ կդառնա, որ ոչ կարիք կա ոգեւորվել 7.7%-անոց ցուցանիշից, ոչ էլ նեղսրտել զրոյականին մոտ ՏԱՑ-ից։ Բանն այն է, որ բացի ՏԱՑ-ի ամսական հաշվարկից, ԱՎԾ-ն ներկայացնում է նաեւ այդ ցուցանիշի, այսպես կոչված, շղթայակապ ինդեքսները։ Դրանց շնորհիվ հնարավոր է պարզ թվաբանության միջոցով համեմատություններ կատարել ոչ միայն առանձին ամիսների, այլեւ ժամանակահատվածների կտրվածքով։

Մենք այդ փոքրիկ հաշվարկը արդեն կատարել ենք, եւ դրա արդյունքները կարող եք տեսնել ներկայացված աղյուսակում։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ. (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ)

Հունվար 106.2
Հունվար-փետրվար 103.4
Հունվար-մարտ 102.2
Հունվար-ապրիլ 103.7

Ինչպես տեսնում եք, փետրվարին ՏԱՑ-ի ցուցանիշը 0.9% էր, սակայն հունվար-փետրվար ժամանակահատվածի կտրվածքով` 3.4%։ Ժամանակահատվածի ցուցանիշն ավելի լիարժեք պատկեր է արտահայտում, այնպես որ, ամենեւին կարիք չկա ողբերգություն սարքել 0.9% ամսական ցուցանիշից։ Նույնկերպ՝ մարտ ամսին արձանագրված 0.3%-ը տխրելու պատճառ չէ, քանի որ հունվար-փետրվարի ՏԱՑ-ը (կամ եթե կուզեք՝ տնտեսական աճը) իրականում 2.2% է։

Եվ վերջապես ամենաթարմ տվյալը` նախօրեին հրապարակված ապրիլյան տվյալներով հանդերձ։ Ապրիլին ՏԱՑ-ի ցուցանիշը, ինչպես արդեն նշեցինք, 107.7 էր։ Սակայն դա ընդամենը ցույց էր տալիս, թե միայն այս տարվա ապրիլը որքանով է գերազանցել նախորդ տարվա ապրիլին։ Իսկ լիարժեք պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է իմանալ նաեւ հունվար-ապրիլ ժամանակահատվածի ամբողջական ցուցանիշը։ Այն 3.7 է։ Այսինքն՝ այս պահին կարող ենք ասել, որ ունենք 3.7% տնտեսական աճ։

Այնպես որ, այս ցուցանիշը կարելի է դիտարկել` ըստ տրամադրության կամ նախատրամադրվածության։ Եթե ցանկանանք ցույց տալ, որ վիճակը փայլուն չէ, կարող ենք համեմատել բյուջեով նախատեսված 4.6% աճի հետ եւ ասել, որ ետ ենք մնում։ Եթե ցանկանանք մեղմացնել գույները` ապա կհամեմատենք նախորդ տարվա 2.6% աճի հետ եւ կասենք, որ աճի տեմպն ավելացել է։ Մի խոսքով` ըստ ճաշակի։

Վերջում ավելացնենք, որ այս մինի-հաշվարկը կատարել ենք հատկապես այն մարդկանց համար, ովքեր ապրում (եւ ուրիշներին կոչ են անում ապրել) ոչ թե իրական կյանքով, այլ ցուցանիշներով։ Մինչդեռ մարդկանց մեծ մասը այդ ցուցանիշներին ոչ ծանոթ է, ոչ էլ ցանկանում է ծանոթանալ։