Խորհրդային ժամանակներից մնացած կիսադատարկ շենքում առավոտյան 29-ամյա կինը, մազերն ուսերին թափած, աչքը հպել էր դիպուկահարի հրացանի օպտիկական նշանոցին եւ նշան էր բռնում վիրտուալ ծառերի արանքով վազող զինվորներին։ Նրա շուրջն են հավաքված մյուս ուսանողները՝ պահեստազորի մի զինվոր, նոր ծլող բեղերով պատանիներ եւ մահմեդական հիջաբը հագին 34-ամյա մի կին՝ կապի ընկերության աշխատակցուհի։ Երբ ռազմական պատրաստություն իրականացնող կազմակերպությունը ապրիլին հայտարարեց դիպուկահարների դասընթացների մասին՝ դա իսկական սենսացիա առաջացրեց. դիմողների թիվը երեք անգամ ավելի շատ էր, քան կարող էին ընդունել մարզիչները։
Պատճառը կարելի է գտնել այն բողոքի մեջ, որն առկա է առօրյա կյանքի բոլոր դրսեւորումների եւ երկրի ապագայի մասին խոսակցություններում։
1990-ականների կեսերից Ադրբեջանը ձգտում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ իր սահմաններում գտնվող եւ հիմնականում էթնիկ հայերով բնակված անկլավը, եւ ապահովել ադրբեջանցիների վերադարձը իրենց բնակավայրերը, որտեղից նրանց ստիպել էր փախչել պատերազմը։
1994 թվականից ի վեր հրադադար է հաստատվել, եւ երկրի պաշտոնյաները միջնորդավորված բանակցություններ են վարում Հայաստանի հետ։ Գործընթացն ուշադրության կենտրոնում կլինի այս ամիս, երբ երկու կողմերը հանդիպեն Կազանում։
Սակայն առաջխաղացման «պատուհանը» նեղ է, եւ այստեղ մարդիկ ասում են, որ իրենց համբերությունը հատել է։ «Ես ավելի լավ է պատերազմ գնամ, քան եւս 20 տարի սպասեմ»,- ասում է այս դասընթացների մասնակից 34-ամյա Շաֆագ Իսմայլովան, ով փախել է Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս, բայց հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Զանգելանի շրջանից։ Պատերազմի մասին հարցին նրա ընկերուհին՝ Շաֆագ Ամրահովան, պատասխանեց. «Պատերազմը բոլորի համար էլ վատ է, բայց իրավիճակը երբեմն պահանջում է դա»։
«Սառեցված հակամարտությունները» թույլ չեն տալիս իրենց մասին մոռանալ։ Լեռնային Ղարաբաղը, Մոլդովայի Մերձդնեստրը եւ Վրաստանի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկլավները Խորհրդային Միության թողած այն ժառանգություններից են, որոնք ամենից շատ են գլխացավանք պատճառում։ ԽՍՀՄ-ը նրանց շնորհել էր, այսպես ասած, կիսապետության կարգավիճակ, որը գոյատեւում էր գաղափարախոսական վակուումի հողի վրա ծաղկած ազգայնականության շնորհիվ։ 2008թ. պատերազմը Վրաստանում հիշեցնում է, թե այդ սառեցված հակամարտությունները որքան արագ կարող են տաքանալ։
Պատճառներից մեկը, որ Լեռնային Ղարաբաղում դա տեղի չի ունենում, այն է, որ կողմերից ոչ մեկն այս պահին պատերազմելու լուրջ պատճառ չունի։ Հայաստանը, որը վերահսկում է այդ տարածքները, շահագրգռված է ստատուս-քվոն պահպանելու մեջ։ Ադրբեջանը առաջ գնալու ռեալ հնարավորություն չի տեսնում։ Թեեւ կարող է հեշտությամբ ետ մղել հայկական ուժերին այդ տարածքներից, սակայն ռուսական բանակը կարող է օգնության հասնել իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, ինչպես դա եղավ Հարավային Օսիայում։
Սակայն իրավիճակը, դանդաղ, բայց կայուն, հետեւողականորեն, դառնում է վտանգավոր։ ԵԱՀԿ միջնորդությամբ անցկացվող բանակցություններն անցյալ տարի ձախողվեցին՝ առանց ստորագրության թողնելով «հիմնական սկզբունքների մասին համաձայնագիրը»։ Դրան զուգահեռ, կողմերը հզորացնում են իրենց զինված ուժերը։ Ադրբեջանը, որը Հայաստանից շատ ավելի հարուստ է, Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով, 2003 թվականից ի վեր ռազմական ծախսերն ավելացրել է 20 անգամ։
Լարվածությունն աճում է, եւ պատերազմի սպառնալիքներն այնպես են միաձուլվել բանակցությունների ընթացքի հետ, որ դժվար է ասել՝ որտեղ է վերջանում մեկը եւ սկսվում մյուսը։ «Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը չի վերսկսվի,- ասում է նախագահի ավագ օգնական Ալի. Մ. Հասանովը,- Մենք ցանկանում ենք խաղաղ համագոյակցել, ոչ թե պատերազմել։ Բայց ոչինչ չի կարող փոխարինել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք մեր կյանքը զոհել՝ հանուն տարածքային ամբողջականության»։ Նրա խոսքերով, Բաքուն շատ հիասթափված է միջազգային միջնորդների ջանքերից։ «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը չեն անում այն, ինչ խոստացել էին։ Ամերիկան այժմ մտածում է, որ Աֆղանստանը եւ Իրաքը, Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները եւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգը ավելի կարեւոր են, քան Լեռնային Ղարաբաղի նման հակամարտությունը»,- ասում է նա։
Այս հարցում Բաքվում շարժիչ ուժերից մեկն էլ փախստականներն են, որոնք արդեն 2 տասնամյակ ապրում են անորոշության մեջ։ ՄԱԿ-ի տվյալներով, Ադրբեջանում կա 586.013 փախստական, որը կազմում է Ադրբեջանի բնակչության 7%-ը։ Այդ ցուցանիշը աշխարհում ամենաբարձրերից մեկն է։
Չնայած փախստականների կենսապայմանները շատ տարբեր են, եւ այժմ նրանց մի մասին վերաբնակեցնում են, սակայն Բաքվի հանրակացարաններից մեկն այցելելով՝ մենք տեսանք, որ երեխաները մեծանում են աղտեղության մեջ։ Մոտ 100 փախստականներ ապրում են խոնավ, գարշահոտ սրահում՝ նախկին գրասենյակային շենքի մեկ հարկում։ Նրանց խոսքերով, 21 ընտանիքների համար որպես զուգարան ծառայում են բետոնե հատակի վրա արված 3 անցքերը։ Ձմռանն այստեղ սարսափելի ցուրտ է, իսկ ամռանը շենքի նկուղում ճահճացած ջրի մեջ բազմանում են մոծակները։ «Նրանք այլեւս չեն դիմանում։ Նրանք ցանկանում են պատերազմել, քանի որ այլեւս չեն հավատում խոստումներին»,- հարեւանների մասին ասում է 41-ամյա Ջամիլան։
Այդ պահին կողքով անցնող հարեւաններից մեկը կշտամբեց նրան, որ խոսում է արեւմտյան լրագրողների հետ, եւ զգուշացրեց, որ նրանք կարող են լինել հայամետ։ «Մեր երեխաները նայում են ուրիշ տներին, տեսնում են, որ ուրիշները լավ են ապրում, եւ ամաչում են։ Գրեք, որ դրա համար մեղավոր են անիծված հայերը»,- ասաց կինը, ով հրաժարվեց իր ազգանունն ասել։
Այս լարված մթնոլորտում Լեռնային Ղարաբաղը դարձել է «միակ հարցը, որի շուրջ ամբողջական սոցիալական կոնսենսուս կա»,- ասում է քաղաքական վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը։ «Մի քանի տարի առաջ այցելելով Բաքու` կլսեիք «Ղարաբաղ կամ մահ» արտահայտությունը, ինչպես նաեւ` ռեփ ոճի երգեր, որտեղ մեղադրանքներ են հնչում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հանդեպ, առ այն, որ նրանք չտեսնելու են տալիս այս ամենը։ «Կամ վերջ դրեք այս ամենին, կամ մի կողմ կանգնեք»,- սրանք երգի բառերն էին»,- ասում է Հուսեյնովը։
Իսկ հրադադարը մշտապես խախտվում է։ Ամեն տարի դիպուկահարների կրակոցներից երկու կողմերից էլ զոհվում է մոտ 30 մարդ։ Մարտ ամսին Ադրբեջանը հայտարարեց, որ հայ դիպուկահարի կրակոցից զոհվել է 9-ամյա Ֆարիզ Բադալովը։ Չնայած Հայաստանի նախագահը հայտարարեց, որ իրենց ուժերը դրա հետ կապ չունեն, ադրբեջանական հեռուստատեսությունը ռեպորտաժներ պատրաստեց երեխայի տխուր ճակատագրի մասին։ Դրանցից մեկում նշվում էր, որ այդ օրը շփման գիծը հատել է միայն մեկ փամփուշտ, որն էլ խոցել է տղայի գլուխը։
Այս պատմությունից տպավորված՝ Ադրբեջանի ռազմահայրենասիրական մարզատեխնիկական կամավորական ասոցիացիայի անդամ Վալիդ Գարդաշլին նախաձեռնեց 45 օր տեւողությամբ դիպուկահարների դասընթացները, որոնք անվճար են դիմորդների կեսի համար։ «Մենք մտածեցինք, որ պետք է մի բան անենք։ Մենք պատերազմի չենք պատրաստվում։ Սակայն նա խեղճ տղա էր, ի՞նչ վատ բան էր արել։ Նա զինվոր չէր։ Նա ընդամենը կովերին էր նայում»,- ասում է Գարդաշլին։
Այս դասընթացը մեծ իրարանցում առաջացրեց թե՛ Հայաստանում, որտեղ ոմանք անհանգստություն հայտնեցին, թե՛ Ադրբեջանում, որտեղ 32 տեղի համար դիմեց մի քանի անգամ ավելի մարդ։ Մրցույթը հաղթահարած 15-ամյա մի տղա իր սեփական պատճառն ասաց. «Ես պատրաստվում եմ, որ կռվեմ Ղարաբաղում»։ Օրիորդ Իսմայլովան, ով նույնպես մասնակցում է դասընթացին, անհանգստությամբ լսում էր տղային։ Իսմայլովան նույնպես փախստական է։ Սակայն ասում է, որ երիտասարդներն ավելի տաքարյուն են։ «Այս երիտասարդ տղաները սպասել են իրենց ողջ կյանքում։ Մենք ցեղասպանություն ենք ապրել, եւ ոչ ոք մեզ չի օգնում։ Ոչ Ամերիկան, ոչ էլ Ռուսաստանը»,- ասում է նա։
Էլլեն ԲԱՐՐԻ