Որքա՞ն արժեն մայր բուհում ասպիրանտուրայի տեղերը

02/06/2011

Բաց նամակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար պարոն Ա. Աշոտյանին

Հարգելի պարոն նախարար,

Մեր հանրապետության նախագահը եւ կառավարության անդամները իրենց խոսքերում միշտ կարեւորել են մեր հանրապետության գիտական պոտենցիալի օգտագործումը` որպես պետության զարգացման կարեւոր գործոն:

Ասպիրանտուրայի տեղերի քանակը հատկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` ըստ համալսարանի ներկայացված պահանջի: Իսկ ինչպե՞ս, կամ, ամենակարեւորը, ո՞վ է որոշում համալսարանի պահանջը:

Համալսարանի պահանջը կախված է ֆակուլտետների դեկանների պահանջից: Իսկ ինչպես են որոշում դեկաններն այդ պահանջը: Գաղտնիք չէ, որ առկա ուսուցմամբ ասպիրատուրա ընդունվողներն ազատվում են զինվորական ծառայությունից, իսկ սա «լավագույն» առիթներից է կոռուպցիայի դրսեւորման տեսանկյունից, հատկապես, երբ դեկանն ինքն է որոշում` ում ընդունի ասպիրանտուրա:

Կցանկանայինք Ձեր ուշադրությունը սեւեռել մի հետաքրքիր փաստի վրա: Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հենց այդպիսի խոստում էր տվել ֆիզիկական աշխարհագրության ամբիոնին: Սակայն, ի ուրախություն մեզ, ասպիրանտական տեղերի վերջնական հատկացումը եւ հաստատումը իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ապա` ՀՀ կառավարության կողմից: Եվ կառավարությունը, կարեւորելով ՀՀ ներկայիս գիտական պահանջը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում հատկացրել է ասպիրանտական տեղ երկրաբնապահպանություն մասնագիտությամբ` նույն ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնին: Բնականաբար, այս հանգամանքը «վրդովեցրել» էր ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանին: Նա, ինչպես ֆակուլտետում, այնպես էլ համալսարանի ղեկավարության մոտ հայտարարել է, որ «Մեկ է` ընդունելու եմ իմ ուզած ուսանողին»: Եվ քանի որ ասպիրանտական տեղերն արդեն հաստատված էին, եւ դեկանն ի զորու չէր որեւէ բան փոխել, ուստի որպես արդյունք` փոխվել է ընդունելության հարցաշարը: Ի համեմատություն նախորդ տարվա հարցաշարի, այս տարվա հարցաշարի հարցերի մոտ 70%-ը չի համապատասխանում երկրաբնապահպանություն մասնագիտությանը, ավելին, հարցերը վերաբերում են ֆիզիկական աշխարհագրության նեղ թեմաներին: Նախնական խոսակցություններ կան, որ ի տարբերություն անցած տարվա, երբ այդ մասնագիտական հանձնաժողովի մեջ ընդգրկված էին այդ ոլորտի մասնագիտության գիտնականներ, այս տարի Մ. Գրիգորյանը նախատեսել է նոր ընդունող հանձնաժողով, որոնց կայացրած որոշման վրա նա կունենա մեծ ազդեցություն:

Մենք կարեւորում ենք նաեւ մեր հարգարժան ռեկտորի քայլերն` ուղղված հակակոռուպցիոն գործընթացին, եւ ինչպես նշել էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար եւ ռեկտորի առաջիկա ընտրություններում առայժմ միակ թեկնածու պարոն Արամ Սիմոնյանը վերջերս tert.am-ին տված հարցազրույցում` (http://tert.am/am/ news/ 2011/05/19/aram-simonyan/ գsms_ss=facebook&at_xt=4dd4b8eefcdeea1e%2C0): «Պետք է հասկանալ, որ կոռուպցիան հանցագործություն է: Եթե մարդ մասնակցում է կոռուպցիային, նշանակում է` նա հանցագործ է։ Մարդ պետք է զգա, որ դա հանցագործություն է»:

Ուզում ենք հավատալ, որ պարոն Սիմոնյանը նույնպես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի Մայր բուհի վերոնշյալ ֆակուլտետում: Նշենք մի փաստ եւս, մենք կարեւորում ենք համալսարանի վարկի բարձրացումը: Իսկ երբ համալսարան են ընդունվում կոռուպցիայի միջոցով, արդյունքում համալսարանի վարկն ընկնում է կրկնակի` փող տվող ուսանողը մտածում է, որ` «դե մեկ է, գիտենք, թե ինչպես են ընդունվում բուհ», իսկ դրան հակառակ` արժանի ուսանողը տեսնելով անարդարությունը` վրդովվում է անարդարությունից եւ հիմնականում մեկնում արտասահման: Խնդրում եմ ասեք, դրանից հետո մենք իրավունք ունե՞նք նման մարդկանց մեղադրել հայրենիքը լքելու մեջ:

Կցանկանայինք նշել եւս մի փաստ: Վերջին տարիներին նախարարությունը կրճատեց ասպիրանտուրայի տեղերը` նշելով, թե նպաստում ենք կոռուպցիայի նվազեցմանը: Սակայն, եթե այն ժամանակ ֆակուլտետին հատկացվում էր, օրինակ, 2 տեղ, եթե նույնիսկ մի տեղն ընդունվում էին կոռուպցիայի միջոցով, ապա մյուսը հասնում էր իսկապես սովորող ուսանողին: Իսկ այժմ, շատ անգամ փողն ունենում է իր որոշիչ դերը մի ուսանողի համար, հեռու է գիտությունից, եւ ասպիրանտուրա ընդունվելը ինքնանպատակ է` բանակից խուսափելու համար, եւ իր ճակատագրական դերն է ունենում արժանի ուսանողի համար:

Հարգարժան պարոն նախարար, մենք վստահ ենք, որ Դուք տեղյակ չեք ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում ստեղծված իրավիճակի մասին: Խնդրում ենք հարցին տալ համապատասխան լուծում, ինչը կնպաստի թե Մայր բուհի համբավի ամրապնդմանը, եւ թե ուսանողների հարգանքին իրենց երկրի կրթական ոլորտի նկատմամբ:

Մենք հավատում ենք Ձեր անաչառությանը:

ԵՊՀ մի խումբ ուսանողներ