Երեկ Երեւանում բացվել է «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը: Բացման արարողությանը մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործարանը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում, դրա հիմնադիրն է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերությունը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին: Գործարանն ունի շուրջ 14.300քմ տարածք, որն օգտագործվում է հիմնական եւ օժանդակ արտադրությունների համար: Ապակե եւ պլաստիկե տարաներում շշալցվում է գազավորված ըմպելիքների 8 տեսակ, եւ արտադրության ունիվերսալ հոսքագիծն ունի տարբեր տարողությամբ շշերում ժամում շուրջ 13.000 լիտր արտադրություն տալու հնարավորություն: Գործարանի արտադրանքը կարող է լիովին բավարարել հայաստանյան շուկայի պահանջարկը: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ կարտահանվեն հարեւան եւ Միջին Ասիայի երկրներ: Շուկայից վերադարձվող շշերն այստեղ լվացվում են, իսկ ջրի եռաստիճան զտման եւ մշակման համակարգը, ժամանակակից սարքավորումներով զինված գործարանը, ըստ ընկերության բիզնես խորհրդատու Էդգար Ղազարյանի, կարող է ապահովել բարձր արտադրողականություն եւ որակի վերահսկում: Ներկայացնելով գործարանի արտադրամասերի աշխատանքը` Ղազարյանը նշել է, որ 2 ժամ պարբերականությամբ պատահական ընտրությամբ վերցվում է արտադրվող հյութի մեկ նմուշ եւ գործարանի լաբորատորիայում կատարվում է մանրամասն ուսումնասիրություն թե մանրէաբանական վիճակի, թե խցանի փակման ամրության, եւ թե գազի ու շաքարի խտության առումով: Նա տեղեկացրել է, որ գործարանում նախատեսվում է ունենալ 250 աշխատող, ովքեր կվարձատրվեն «մասնավոր հատվածում միջինից բարձր աշխատավարձով»: Ղազարյանը տեղեկացրել է նաեւ, որ գազավորված ըմպելիքների հայաստանյան գործարանի բացումն այս ապրանքատեսակների շուկայական գնի վրա ազդեցություն չի ունենա: