Արդեն մեկ շաբաթ է` երեւանյան սննդամթերքի վաճառքի կետերում սուրճի գինը սկսել է աճել: Եթե մեկ շաբաթ առաջ «Ռոյալ Բրազիլիա» սուրճի մեկ տուփի գինը 320-330 դրամ էր, ապա երեկվա տվյալներով` գինը հասել է 400 դրամի:
Մթերային խանութների աշխատակիցների փոխանցմամբ՝ թանկացել է թե՛ տուփերով, թե՛ կիլոգրամով վաճառվող սուրճը: «Տուփերով սուրճը 70-80 դրամով ա թանկացել, իսկ կիլոյովը՝ 80-100, տեղեր կան` նաեւ 120-130 դրամով»,- նշեց սննդամթերքի առեւտրով զբաղվող կինը: Մեկ շաբաթվա ընթացքում կանաչ սուրճի առանձին տեսակների գնաճը 6-10% է, իսկ սուրճի մյուս տեսակների պարագայում՝ 20%-ից ավելի:
Հայաստանում հատիկավոր սուրճ ներկրող ընկերությունները գների աճը պայմանավորում են միջազգային շուկայում գների բարձրացմամբ: «Ոչ մի տրամաբանական պատճառ չկա, որ ասենք, սուրճը պակասել է, դրա համար թանկացել է՝ Ո՛չ: Միջազգային շուկան է, որ, պարտադրում է: Դժբախտաբար, հիմա մեզ համար շատ դժվար է»,- նշեց «Փարիզյան սուրճի» հիմնադիր Աշխեն Գործունյանը, ում կարծիքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում սուրճի գինը բարձրացել է ոչ թե 20, այլ 70 %-ով: Ըստ Ա. Գործունյանի՝ այդ ցուցանիշը վերջին 5 տարիների ընթացքում առավելագույնն է, ինչից հատկապես տուժում են փոքր ընկերությունները: Հայաստանը սուրճ ներմուծում է Ինդոնեզիայից, Վիետնամից եւ Հնդկաստանից: Համաձայն տարածված կարծիքի՝ մեր երկիրը հիմնականում ներկրում է այդ երկրների վատորակ սուրճը: «Չէի ուզենա մրցակցությանը վատաբանել, բայց Հայաստանում սուրճի որակը ահավոր վատ է, որովհետեւ ներկրում են հիմնականում ամենավատորակ սուրճը, որի գինը համեմատաբար ցածր է»,- նկատեց «Փարիզյան սուրճի» հիմնադիրը: Հարցին, թե խոսակցություններ կան նաեւ, թե տուփերով` աղացած սուրճի հետ մշտապես կաղին, գարի են աղում, ճի՞շտ են, Ա. Գործունյանը պատասխանեց. «Հարյուր տոկոսով դա ճիշտ է, որովհետեւ ես անձամբ փորձանմուշներ եմ տարել Ֆրանսիա, որտեղ փորձագետները հաստատել են ձեր ասածը: Դրա դեմ պայքարելու համար պետք է պետական համակարգ ստեղծվի, որպեսզի սպառողն իմանա՝ ի՞նչ է խմում, որ իրեն չեն խաբում, որ գնած սուրճի մեջ կաղին չկա: Այդ խնդիրն, արդեն 16 տարի է, կա»: «Ռալա» ՍՊԸ-ի աշխատակցի փոխանցմամբ՝ սուրճի գինը բարձրացրել են ներկրող ընկերությունները: Ըստ նրա՝ իրենց ընկերությունը բոված սուրճ է գնում, որի գինն անհամեմատ թանկացել է: Եթե նախկինում 1 կգ սուրճը գնում էին 4 դոլար 60 ցենտով, ապա այսօր 5 դոլար 20 ցենտ է: Նա կարծում է, որ իրավիճակը շտկելու համար պետք է ՀՀ Կառավարությունը քայլեր ձեռնարկի, այլապես իրենք եւս ստիպված են լինելու բարձրացնել սուրճի գինը: Մենք փորձեցինք նաեւ մեկնաբանություններ ստանալ սուրճ ներկրող եւ սուրճի մեծածախ առեւտրով զբաղվող որոշ ընկերություններից: Հետաքրքիր էր այն հանգամանքը, որ այդ ընկերություններում պատասխանատուներ չկային, ավելի ճիշտ՝ կա՛մ զբաղված էին, կա՛մ գտնվում էին շենքից դուրս: «Նույնիսկ, եթե միջազգային շուկայում գների բարձրացում է տեղի ունենում, մեր շուկան կարող է պաշտպանվել այդ գների բարձրացումից՝ կիրառելով միջազգային պայմանագրերի գործիքը: Դրա էությունը հետեւյալն է` այդպիսի ապրանքատեսակների ներկրմամբ զբաղվող անձինք, եթե առավել եւս շուկայում ունեն գերիշխող դիրք, պարտավոր պետք է լինեն 1 տարվա կտրվածքով իրենց գնային քաղաքականությունը հրապարակել հանրության համար»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ սուրճ ներկրող ընկերությունները՝ որպես ապահովագրման համակարգ, միջազգային շուկաներից կարող են ձեռք բերել ֆյուչերսային պայմանագրեր, որոնք ներկրողին հնարավորություն են տալիս ապահովագրել ներկրող ապրանքի կոնկրետ գինը: Այդպիսով Հայաստանի քաղաքացիների համար նաեւ տեսանելի կլինի երկրում իրականացվող գնային քաղաքականությունը: «Հակառակ դեպքում մենք նման թանկացումները միշտ կարող ենք բացատրել միջազգային շուկայում գների աճով, ինչը կարող է նաեւ իր օբյեկտիվ հիմքերն ունենալ, բայց դրանից մեր սովորական սպառողը ոչինչ չի շահելու: Ավելին՝ միջազգային տնտեսական վերլուծությունները վկայում են, որ գները միշտ ունեն ոչ ճկուն վարքագիծ իջեցման ուղղությամբ: Դրանք հեշտությամբ բարձրանում են, բայց իջեցման ուղղությամբ միշտ ունենում են դժվարություններ: Զարգացած կամ ազատ շուկայական հարաբերություններ ունեցող երկրների տնտեսություններում էլ կա այս տենդենցը: Իհարկե, այնտեղ այդքան չէ, ինչքան մեզ մոտ, բայց այդ միտումը միշտ կա եւ պահպանվում է: Սա տնտեսագիտական կանոն է»,- ընդգծեց Ա. Մինասյանը: Մաքսային պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 2,4 հազ. տոննա սուրճ, իսկ 2010թ. նույն ամիսներին՝ 3,1 հազ. տոննա: Ընդ որում՝ սուրճի գները սկսել են աճել դեռեւս նախորդ տարեվերջին: Եթե հունվարի 1-ին 1տ սուրճի միջին գինը 540 դոլար էր, մարտին՝ 600, ապա ապրիլին 1տ գինը հասել էր 660 դոլարի: Հայաստանում հատիկավոր սուրճ ներկրող ընկերությունների շարքում գերիշխող դիրք ունեն «Ռոյալ Արմենիա», «Ալեքս Գրիգ», «Կապիտալ», «Գրանդ Քենդի» սուրճ ներկրող ընկերությունները: Մեկ ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հատիկավոր սուրճի ոլորտում ուսումնասիրություններ է սկսել: Արդյունքները դեռ պարզ չեն, փոխարենը պարզ են լուծվող սուրճ ներկրող «Մոկոնաթ» ընկերության կողմից իրավախախտումներն ու գնային չարաշահումները: Այս ընկերությունը 48 տոկոս բաժնեմաս ունի սուրճի շուկայում, ինչպես նաեւ` խոշոր մասնաբաժիններ ունի բրնձի, սառեցված ձկների եւ ներկրվող սառեցված մսի շուկայում: