Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

02/06/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հետերաները դեմոկրատիայի առաջին շարքերում

Նախորդ գլուխներում մենք տեսանք, որ հին ժամանակներում տարածված էր կրոնական-սրբազնացրած պոռնկությունը, երբ հեթանոսական տաճարների մեհյաններում, նրանց մոտակա տարածքում կամ սրբատեղիներում կանայք մասսայաբար տրվում էին տղամարդկանց` հանուն կամ ի սեր աստվածների: Դա հիմնականում կատարվում էր տոնակատարությունների ժամանակ, բայց կարող էր տեղի ունենալ նաեւ ժամանակացույցից դուրս, սովորական օրերին: Այսօրվա քաղաքակիրթ մարդու համար այս վայրի եւ գռեհիկ սովորույթը սկզբնական շրջանում իր մեջ պարունակել է կուսությունը զոհաբերելու սրբազան գաղափարը: Սակայն տղաները թող չուրախանան: Շատ տեղերում տաճարում ծառայության անցնելու եւ քուրմի կարգավիճակ ստանալու համար նրանք պարտավոր էին լինում ամորձատման միջոցով զոհաբերել իրենց առնականությունը: Հետագայում կրոնական պոռնկությունը կորցնում է կուսությունը զոհաբերելու գլխավոր նպատակը եւ վերափոխվում է բեղմնավորման, ծննդաբերության եւ արգասավորության գործընթացի: Մասնավորապես, ամուլ կանայք` հոգնելով աստվածներին աղերսել` պարգեւել իրենց հղիություն, գտան կարճ եւ հուսալի ճանապարհ. հարաբերվել առաջին իսկ հանդիպած տղամարդու հետ, ինչի մասին ամուսինը ոչ միայն տեղյակ էր լինում, այլեւ ներկա էր գտնվում:

Կրոնական պոռնկությունը տարածված էր Փոքր Ասիայում, Միջագետքում, Հունաստանում, Հռոմում եւ ուրիշ վայրերում: Հայ մատենագիրները, հավանաբար, ելնելով ազգային արժանապատվությունից եւ ուրիշ էթնոհոգեբանական գործոններից, համեստաբար լռում են այդ խայտառակ երեւույթի մասին: Մենք ուրիշ ենք, մեր կանայք` նույնպես: Մինչդեռ սրբազնացրած պոռնկությունը շատ էլ լավ եղել է հեթանոսական Հայաստանում: Այն ծաղկել է հատկապես Անահիտին նվիրված մեհյանների շուրջը: Իսկ երբ կանայք հղիանում էին, մեղքը գցում էին խեղճ Անահիտի վրա, քանի որ նա պտղաբերության եւ արգասավորության աստվածուհին էր, ասելով, թե նա լսել է իրենց աղերսը, որի շնորհիվ էլ իրենք հղիացել են: Մինչդեռ Անահիտն ամենեւին էլ չէր խնդրում եւ չէր պահանջում պառկել պատահած մարդու հետ: Նա չէր էլ կարող դա անել: Անահիտը, ինչպես նաեւ նրա ընկերուհի, սիրո աստվածուհի Աստղիկն առաքինության եւ հավատարմության մարմնացում են եղել: Եվ եթե կանայք զբաղվել են անբարոյականությամբ, լինի ինքնակամ թե կրոնական դրդապատճառներից մղված` դա արդեն իրենց խնդիրն է եղել: Իսկ Անահիտի գործընկերները` բաբելական Իշտարը, ասորական Բելիտան եւ կամ հույն Աֆրոդիտեն մինչեւ ուղն ու ծուծը եղել են վավաշոտության եւ այլասերության դասական օրինակներ աստվածուհիների միջազգային ընտանիքում: Բացի այդ, ինչն ավելի վատ է, նրանք այդ հատկանիշները տարածել, անգամ պարտադրել են իրենց հայրենակցուհիներին: Ինչեւէ։

Եվ ահա պոռնկության այս բումի օրերին հայտնվում է Սոլոնը (մ.թ.ա. 640-560), անտիկ աշխարհի պայծառ ուղեղներից մեկը, ով լինելով նշանավոր պետական-քաղաքական գործիչ, նաեւ տաղանդավոր պոետ էր: Դառնալով արքոնտ, ինչը նշանակում է` բարձրագույն իշխանություն, Սոլոնը իրագործեց բազմաթիվ բեկումնային բարեփոխություններ Աթենքի սոցիալ-հասարակական կյանքի բոլոր հանգուցային ոլորտներում` առաջ մղելով աթենքյան դեմոկրատիան: Սոցիալ-տնտեսական զարգացման ռեֆորմներ ծրագրելիս Պյոտր Ստոլիպինը եւ Ջորջ Մարշալը հավանաբար ոգեշնչվել են Սոլոնի գաղափարներով:

Այս Սոլոնը երբ սպառեց իր բոլոր մտահղացումները` հանկարծ անդրադարձավ, որ կա դեռեւս կուսական մի բնագավառ` Հելլադայի պոռնիկները: Եվ նրա հանճարեղ ուղեղում ծագեց ոչ պակաս հանճարեղ մի միտք: Այդ ինչո՞ւ մեր հայրենակցուհիները ձրիաբար պետք է աջ ու ձախ բաժանեն այն, ինչը վերջին հաշվով հանդիսանում է ազգի սեփականությունը: Մտածեց եւ օրենք ընդունեց բորդելներ բացելու մասին, որոնք հանդիսացան պետական մակարդակով աշխարհում առաջին հասարակաց տները` «դիկտերիոնները»: Այստեղ աշխատող կանանց կոչում էին «prostasai»-վաճառքի կանայք: Դիկտերիոն այցելելը համարվում էր մի տեսակ պարտադիր ծրագիր յուրաքանչյուր երիտասարդ աթենացու համար եւ դիտվում էր որպես գեղագիտական դաստիարակության ամբողջացում: Հասարակաց տները, ինչպես եւ հաշվարկել էր մեծ ռեֆորմատորը, զգալի ու երբեք չկտրվող դրամական հոսք ապահովեցին պետական գանձարան, նկատելիորեն հարստացնելով երկիրը: (Մնում է զարմանալ, թե այսօրվա պետական այրերը ինչպես են աչքաթող արել ֆինանսական այդ հուսալի աղբյուրը: Արդյո՞ք աչքաթող են արել, թե՞ այդ բորդելները հաջողությամբ գործում են ընդհատակում եւ ավելացնում են նրանց սեփական հարստությունը: Իսկ ինչ վերաբերում է օրինական հասարակաց տներ բացելու վերաբերյալ իշխանավորների առարկություններին, մեծ հաշվով սոփեստություն է, փարիսեցիություն: Ի հեճուկս խորհրդային բարոյականության կոդեքսի, կա սեքս, կա մարմնավաճառություն: Եղել է եւ կլինի, քանի մարդկությունը գոյություն ունի: Մի՞թե ավելի տրամաբանական չէ այն առնել պետական հսկողության տակ, ինչպես անում են իրենց քաղաքացիների առողջության եւ պետական բյուջեի մասին իրոք մտածող երկրները):

Ֆրիդրիխ Նիցշեն իր տրակտատներից մեկում այն միտքն է հայտնում, որ հին հույները Ասիայի լավագույն հետնորդներն ու աշակերտներն են եղել: «Հոմերոսից մինչեւ Պերիկլես,- գրում է գերմանացի փիլիսոփան,- իրենց մշակույթի զարգացմանը ու հզորացմանը զուգընթաց, նրանք ավելի խիստ` այսինքն ավելի արեւելյան վերաբերմունք են որդեգրում կանանց նկատմամբ»: Իրոք կանանց էմանսիպացիան սկիզբ է առնում դեմոկրատիայի հայր Պերիկլեսի օրոք: Նա շարունակեց Սոլոնի քաղաքականությունը: Պերիկլեսը ոչ միայն չփակեց բորդելները, ինչը կլիներ հետադարձ քայլ աթենքյան դեմոկրատիայի դինամիկայում եւ զգալիորեն կխփեր պետության ֆինանսներին, ընդհակառակը, նոր որակ, նոր ձեւ եւ բովանդակություն հաղորդեց պոռնկությանը: Նրա օրոք Հունաստանը հանդես եկավ եւս մեկ նորարարությամբ: Աթենքը դարձավ հետերիզմի հայրենիքը: (Հունարեն «հետերա»` «hetaira», նշանակում է ընկերուհի, սիրուհի): Իր տեսակի մեջ այդ հեղափոխիչ շարժման հիմքը դրեց գեղեցկուհի Ասպազիան, ով 20 տարեկան հասակում Միլեթից եկավ Աթենք: Նա անտիկ աշխարհի ամենազարգացած եւ կրթված կանանցից մեկն էր, ունիկալ երեւույթ, որն անվիճելի հեղինակություն էր եւ ոգեշնչման աղբյուր ժամանակի նշանավոր քաղաքական դեմքերի, դիվանագետների, փիլիսոփաների, գիտնականների եւ արվեստագետների, հռետորների ու խոշոր պետական այրերի համար: Նախ` սիրեցյալը, հետո նրա ամուսինը դարձած Պերիկլեսի անմահ «Դամբանականը» գրված է Ասպազիայի կողմից: Սոկրատեսը նրան համարել է հռետորության իր ուսուցիչը:

Ասպազիան Աթենքում բացեց հետերաների իր հայտնի «Միլեզիա» սալոնը, որտեղ դեռատի աղջիկներին ծանոթացնում էին սիրո արվեստի գաղտնիքներին եւ տեխնիկայի նրբություններին: Այստեղ դասավանդում էին հռետորական արվեստ, երաժշտություն, պար, երգեցողություն, նկարչություն, դիմահարդարում եւ այլն: Ասպազիան ժառանգություն թողեց երկմասանի «Գեղեցկության պահպանման տրակտակը», որը փնտրված ձեռնարկ եղավ կանանց մի քանի սերունդների համար: «Միլեզիայի» հետերաներն անփոխարինելի զրուցակիցներ էին` սեղանի շուրջ, եւ անգերազանցելի սիրուհիներ անկողնում: Նրանք ճառագում էին հմայք, նազելիություն, հեշտանք:

Հետերիզմը կատարյալ հեղաշրջում էր հույների ուղեղներում, մենթալիտետում եւ կենցաղի ամենաինտիմ անկյուններում: Ժողովրդական ժողովը մի շարք օրենքներ ընդունեց հետերիզմի վերաբերյալ: Նախ` նա օրինականացրեց այդ ինստիտուտը, հետո մի շարք արտոնություններ սահմանեց հետերաների համար, այդ թվում` նրանց թույլատրեց «հիստերիա սարքել» անկողնում: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, մի փոքր հետ գնանք: Որ սեռական հարաբերության ժամանակ կինը դողում է, տնքում, հառաչում եւ ճչում` առաջինն ուշադրություն է դարձրել մեծ Հիպոկրատը: Իսկ հույն բժիշկները կանանց այդպիսի տարօրինակ պահելաձեւը, որն առաջացնում էր տղամարդկանց զարմանքը, համարեցին վարակիչ հիվանդություն եւ կանացի հիստերիա: Ժողովրդական ժողովն ընդունեց օրենք, որով արգելվում էր կանանց նման վարքագիծն անկողնում: Նշված օրենքն ընդունելուց հետո պարկեշտ ընտանիքներում սկսեցին աղջիկներին սովորեցնել թաքցնել իրենց էմոցիաները ամուսնական առագաստում: Այդ նպատակով պատրաստում էին խցկան` նրանց իսկ մազից: Ամուսինն իրավունք ուներ ծեծել կնոջը, եթե էքստազի մեջ նա համարձակվեր բերանից հանել խեղդիչ սարքը: Ամենաշատը, ինչն իրեն կարող էր թույլ տալ կինը` սեռական հարաբերությունից հետո հարցնելն էր. «Դու գո՞հ ես ինձնից, իմ ամուսին»: Նման անմեղ հարցը կարող էր դուր չգալ բոլոր ամուսիններին: Նրանցից խիստ պահպանողականները կարող էին վիրավորվել. «ա՜խ դու, լիրբ, փչացած»: Լքել կնոջը, երկար ժամանակ մոտ չգալ նրան, գերադասելով հետերաներին, որոնց բոլոր իրավիճակներում թույլատրվում էր հառաչել եւ գոռգոռալ սրտներն ուզածի չափ: Իսկ հետաքրքրասեր աթենացիները գիշերները գաղտագողի մոտենում էին Պերիկլեսի տանը, որպեսզի ականջ դնեն Ասպազիայի հառաչանքներին նրա գրկում:

Հա՞րկ է նշել, որ ընտանիքներում ձեւավորված նահապետական եւ կիսաստրկատիրական բարքերի ֆոնին` հետերաների սալոնը դարձավ կենսախնդության եւ հաճույքի կենտրոն, երազանքի տուն անվանի աթենացիների եւ քաղաք ժամանած նշանավոր մարդկանց ու դեսպանների համար: «Հետերաները տրված են մեզ հաճույքի համար, հարճերն` ամենօրյա կարիքների, իսկ կանայք` նրա համար, որ երեխաներ բերեն եւ հետեւեն տնային տնտեսությանը»,- ասել է Դեմոսֆենը, ինչը ճշգրտորեն մեկնաբանում է հետերիզմի ինստիտուտի դերը հելլենական հասարակությունում: Ասպազիայի սալոնի մշտական այցելուներն էին նույն այդ Դեմոսֆենը, Պլատոնը, Սոկրատեսը, Պերիկլեսը եւ ժամանակի բոլոր նշանավոր դեմքերը: Հետերաները լինելով հնագույն պրոֆեսիայի ներկայացուցիչներ` տարբերվում էին Թաղարների փողոցի բազմաթիվ մարմնավաճառներից մի կարեւոր հարցում: Եթե սալոնի այցելուն նրան դուր չէր գալիս, նա չէր տրվում ոչ մի գումարի դիմաց:

Հանձին Ասպազիայի եւ մյուս առաջնակարգ հետերաների` հույները պատմության մեջ առաջին անգամ կանանց մոտ թողեցին պետական-քաղաքական գործերին, լսեցին իրենց սիրուհիներին կարեւոր որոշումներ կայացնելիս: Բոլոր ժամանակների հետախուզությունները հատուկ ուշադրություն են դարձրել ծախու կանանց: Անտիկ աշխարհը բացառություն չի կազմել: Իոնացի հետերա Տարգելիան պարսից արքայից արքա Կյուրոսի սիրած ագենտներից էր: Նա այնպիսի ջանասիրությամբ մշակեց իր բարձրաստիճան հաճախորդների ուղեղներն ու մարմինները, որ նրանք հոժարակամ Հունաստանի Իոնիայի մարզը հանձնեցին Պարսկաստանին: Կուրտիզանուհի Մատա Հարին շատ բան էր ժառանգել Տարգելիայից:

Ալեքսանդր Մեծն այնքան էր երես տվել եւ շփացրել իր տարփուհի աթենացի Տաիսիային, որ ենթարկվելով նրա կամակորությանը` հրդեհեց Պերսեպոլիսը: Տաիսիան հետագայում, Ալեքսանդրին թաղելուց հետո, անցավ Եգիպտոս եւ ամուսնացավ Պտղոմեոս I թագավորի հետ: Տաիսիայի էլիտար պոռնիկ լինելը արգելք չհանդիսացավ, որ եգիպտացիները նրան դասեն սրբերի շարքը: Անգամ մեծ փիլիսոփա Պլատոնը կրել է իր սիրուհի հետերա Ախեանասի ազդեցությունը: Հետերաները խորը հետք են թողել համաշխարհային մշակույթի վրա: Անտիկ աշխարհի ականավոր ներկայացուցիչներից մեկը կրքոտ սիրո եւ նվիրվածության պոետ, լեսբուհի Սաֆոն էր Լեսբոս կղզուց: Լեգենդար Ֆրինան ներշնչման մշտական աղբյուր է հանդիսացել հանճարեղ քանդակագործների եւ նկարիչների գլուխգործոցները կերտելիս: Դրանց մեջ առանձին տեղ է գրավում Աֆրոդիտեի` աշխարհում առաջին անգամ մերկ կերտված արձանը անկրկնելի Պրակսիտիսի կողմից: Նախանձը եւ չարությունը գեղեցկության անբաժան ուղեկիցներն են: Ֆրինայի դեմ դատ բացվեց աստվածների կուռքերին վիրավորելու մեղադրանքով: Նրան սպառնում էր արտաքսում կամ մահապատիժ: Նշանավոր հռետոր Հիպերիդիսը դատի ժամանակ պոկեց Ֆրինայի հագուստը նրա վրայից եւ բացականչեց. «Մի՞թե նման գեղեցկությունը կարող է անպատվել աստվածներին»: 200 դատավորներ` հիացած մերկացած Ֆրինայի գեղեցկությամբ, նրան անմեղ ճանաչեցին: Ըստ հունական մենթալիտետի` այդքան կատարյալ մարմինը չէր կարող պարունակել անկատար ոգի: Արդյո՞ք միայն ըստ հունական մենթալիտետի։

Սակայն հետերաների հետերան, նրանց թագուհին մնում էր Ասպազիան, որին երբ Պերիկլեսը տեսավ` խելքամաղ եղավ: Սեր` առաջին հայացքից: Պերիկլեսը բաժանվեց իր կնոջից եւ ամուսնացավ Ասպազիայի հետ, չնայած աթենական օրենքներն արգելում էին օտար քաղաքացիների հետ ամուսնանալը, եւ նրանցից ծնված երեխան համարվում էր անօրինական: Այդուհանդերձ, նրանք ձեռք ձեռքի տված կերտեցին աթենքյան դեմոկրատիան համարյա քսան տարի: Նրանց միությունը հիացմունքի առարկա էր: Պլուտարքոսն այն անվանել է «կրքոտ սեր»: Իսկ երբ Ասպազիային դատեցին, սրբապղծության եւ կանանց այլասերելու մեղադրանքով, Պերիկլեսը, որին իր հզորության եւ մասշտաբների համար անվանում էին «Օլիմպիացի», տառացիորեն արցունք թափեց եւ գթություն հայցեց սիրասուն կնոջ համար: Եվ դատարանը հետերային ազատ արձակեց:

Հետո Պերիկլեսը զոհ գնաց ժանտախտի համաճարակին, Ասպազիան կորցրեց տասնութամյա տղային, մահապատժի ենթարկվեց նրա մեծ բարեկամ Սոկրատեսը: Այդ մարդիկ, ասես, իրենց հետ տարան Աթենքի հզորությունն ու մեծությունը:

Սակայն հելլենիզմի ազդեցությունն ու նշանակությունը մարդկության համար մնացին հավետ: Իսկ հետերիզմն իր շարունակությունը գտավ եվրոպական կուրտիզանների եւ ճապոնական գեյշաների շնորհիվ, ինչպես նաեւ` միջազգային ֆեմինիստական շարժման մեջ:

Շարունակելի