«Իմ ընկերներն ասում են, որ ինձ սազում է ռոքը»

02/06/2011

Երեկ երեխաների պաշտպանության օրն էր: Եվ այս առիթով մեզ հետ զրույցում հայկական էստրադայի «մեծանալ չցանկացող» երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատմեց իր մանկական ամենահիշվող «վատության» մասին, որն արել էր իր հորաքրոջ աղջիկների նկատմամբ: «Երբ մանկապարտեզ էի այցելում, բավական շատ երգեր գիտեի եւ միշտ երգում էի դրանք տանը: Հորաքրոջս աղջիկներն ամեն անգամ մեր տուն գալով, խնդրում էին, որ նրանց եւս սովորեցնեմ այդ երգերը, սակայն ես կտրուկ հրաժարվում էի: Նրանք լացում, աղաչում էին, իսկ ես` ինձանից գոհ ու հոժար, մերժում էի նրանց: Շատ տիպն էի փոքր ժամանակ: Մինչեւ հիմա նրանք ինձ հիշեցնում են, թե` ինչ վատն էի այդ տարիքում»: Մեր կեսկատակ հարցին, թե ե՞րբ է պատրաստվում մեծանալ, Հասմիկը ծիծաղելով պատասխանեց. «Մենք բոլորս էլ հոգու խորքում երեխաներ ենք: Եկեք երբեք չմոռանանք, թե ինչպիսին ենք եղել մանուկ ժամանակ, եւ շատ խիստ չդատենք երեխաների չարաճճիությունները»: Ի դեպ, նա նշեց նաեւ, որ շուտով հանրության դատին կհանձնի իր նոր `«Միթե» ռոք կատարումը, որի երաժշտության եւ բառերի հեղինակն է երգահան Գիսանե Պալյանը: Մեր հարցին, թե որքանո՞վ է ռոքը համապատասխանում իր կերպարին եւ երգացանկին, Հասմիկը պատասխանեց. «Իմ ընկերներն ասում են, որ ինձ սազում է ռոքը»: Մեր դիտարկմանը, որ ռոքը զգեստ չէ, որը կարող է սազել կամ չսազել` Հասմիկը պատասխանեց. «Բայց սա իմ առաջին ռոք կատարումը չէ: Ես էլի եմ երգել ռոք երաժշտություն, եւ ինձ բազմիցս ասել են, որ ինձ մոտ ստացվում է»: