Օրեր առաջ լրացավ հաղորդավար Էրիկ Անթառանյանի հայրության մեկ ամիսը: Որդու` Սերգեյի ծնվելուն պես հաղորդավարը շատ լուրջ անցել է հայրական պարտականություններին: Բացի այդ, նա անվերջ լուսանկարում է իր բալիկին եւ փորձում գլուխ հանել փոքրիկի մանկական սայլակի անիվներից, որոնք իրենց կառուցվածքով, ինչպես Էրիկն է ասում` «սուպեր-պուպեր» են: Էրիկն ու կինը` Իզաբելլան, ընտանեկան միջավայրում նշել են որդու մեկամսյակն ու լուսանկարները տեղադրել facebook սոցիալական ցանցում: Մեզ հետ զրույցում Էրիկը շատ լուրջ տոնով ասաց, որ Սերգեյը պարտադիր դառնալու է Հայաստանի ապագա վարչապետը. «Երբ երեխան ծնվեց, նայելով նրա դեմքին` հասկացա, որ իմ ձեռքերում մեր երկրի ապագա վարչապետն է: Նրա առաջին լուսանկարը տեղադրելով սոցիալական ցանցում, մեկնաբանեցի հետեւյալ կերպ. «Այսուհետ հետեւեք Հայաստանի ապագա վարչապետի մեծանալու ընթացքին»,- մեզ հետ զրույցում ասաց Էրիկը: Ի դեպ, փոքրիկ Սերգեյի պապիկի անունը` մայրական կողմից, եւս Սերգեյ է: Էրիկի կինը` Իզաբելլան, «Շարմ Հոլդինգ» ընկերության PR մենեջերն է, սակայն այժմ գտնվում է դեկրետային արձակուրդում: Էրիկը նշում է, որ ծնված օրից խոսում են փոքրիկի հետ, պատմում են նրան ամեն ինչ եւ անգամ կարծիք են հարցնում: «Երբ նշում էինք Սերգեյի մեկ ամիսը, տորթի մոմը փչելիս` նրան ասացինք. «Քանի դեռ փոքր ես, մաման ու պապան քո փոխարեն երազանք կպահեն»: Դա լսելուն պես նա սկսեց թարս նայել մեկ` ինձ, մեկ էլ` մորը, կարծես` ուզում էր ասել, որ համաձայն չէ մեզ հետ, եւ որ մենք խախտում ենք նրա երազանք պահելու իրավունքները»,- նշում է Էրիկը: