ՀՀԿ-ն` ԲՀԿ-ի դեմ

30/05/2011

Մեր տեղեկություններով` իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանափակել իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով ընտրվելիք պատգամավորների քանակը: Այսինքն` ԲՀԿ-ն կարող է խնդիրներ ունենալ մեծամասնական այն ընտրատարածքներում, որտեղ նախկինում առաջադրվել եւ հաղթել են իր անդամները: Սովորաբար, մեծամասնական տեղերի հետ կապված` իշխանական կուսակցությունները պայմանավորվածություն են ձեռք բերում, եւ մեկը մյուսի դեմ թեկնածու չի առաջադրում: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` այս անգամ մեծամասնականի դեպքում ՀՀԿ-ն, թեկուզ ոչ բացահայտ, բայց իր ներկայացուցիչներն է առաջադրելու ԲՀԿ-ի թեկնածուների դեմ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել այս լուրը` ասելով. «Ես կասեմ ոչ թե իմ, այլ ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը, որ մեր կուսակցությունը դեռ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր չի քննարկել: Դա կանենք կամ 2011-ի ավարտին, կամ էլ 2012-ի սկզբին»: