Կամ՝ կամ

30/05/2011

Այսօր Ազատության հրապարակում կայանալու է Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որը` հերթականը լինելով, իր տեսակով առաջինն է լինելու 2008 թվականի մարտի 1-ից հետո: Այսօրվա հանրահավաքն առաջինն է, որին մասնակցելու են բոլոր քաղբանտարկյալները, եւ ՀԱԿ-ը հայտարարելու է «կիսաբաց դռան» բացման մասին` ազդարարելով երկխոսության պատրաստակամությունը: Բացառապես` արտահերթ ընտրությունների շուրջ: Իշխանությունների պատասխանը հայտնի է` բոլոր հնարավոր տարբերակներով իշխանությունը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների մասին որեւէ քննարկում անիմաստ է: Այսինքն` գոնե հրապարակային, ֆորմալ առումով` այս պահի խաղի կանոնները հայտնի են եւ իրադարձությունների զարգացման առանձնապես շատ տարբերակներ չկան: ՀԱԿ-ը պետք է հայտարարի ապագա գործողությունների, կոնկրետ գործողությունների մասին, առաջին հերթին, թե ի՞նչ է պատրաստվում անել, եթե իշխանությունները մերժում են արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսությունը, թեեւ այդ մերժման մասին, բացի Սերժ Սարգսյանից, հայտարարել են իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ի դեպ, դա որպես ժամանակ շահելու տարբերակ կարող է հայտարարել նաեւ ՀԱԿ-ը` արձանագրելով, որ Հայաստանում բոլոր որոշումները կայացվում են Ս. Սարգսյանի կողմից, եւ մանր ու միջին ՀՀԿ-ականների հայտարարություններն իրենց համար հիմք չեն հանդիսանում: Սակայն, նույնիսկ, եթե ՀԱԿ-ը հերթական անգամ «ժամանակ տա իշխանություններին», հասարակության համար ընկալելի լինելու համար պետք է ներկայացնի այն կոնկրետ գործողությունները, որոնք հետեւելու են իշխանության այս կամ այն պատասխանի դեպքում: Հենց այդ հարցի պատասխանը լսելու համար էլ այսօր, ամենայն հավանականությամբ, հանրահավաքին մասնակցելու են հազարավոր մարդիկ: