– Իշխանությունները մեծ հաշվով կատարեցին ընդդիմության առաջին 3 պահանջները: Հատկապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում ընդդիմությունը հայտարարում էր երկխոսության գնալու հավանականության մասին: Ի՞նչ են պատրաստվում անել իշխանությունները:
– Սա նախագահի երկրորդ համաներումն է, երկուսի դեպքում էլ ազատվեցին ոչ միայն Մարտի 1-ի դեպքերի արդյունքում կալանավորված անձինք: Համաներումը պետության կողմից կիրառվող ժողովրդական միջոցառում է, հումանիստական քայլ եւ լարվածության մեղմացում է: Այնպես որ, սա պետք է գնահատել:
– Ընդդիմության գնահատականը նախապես էր հայտարարված` քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո պատրաստ են իշխանությունների հետ երկխոսության գնալ, բայց արտահերթ ընտրությունների շուրջ:
– Իմ պատկերացմամբ` դեռ այն պահը չէ, որ 2 թիմեր կամ 2 անձինք նստեն ու երկխոսեն կոնկրետ հարցերի մասին: Սա պրոցես է, համաներումն էլ մտնում է դրա մեջ, որպեսզի լարվածությունը թուլացվի: Հասարակության մեջ լիցքաթափման պրոցես է գնում: Տեսեք, թե քանի հոգի ազատվեցին ու վերադարձան իրենց ընտանիքները: Երկխոսությունը շարունակվելու է մինչեւ ընտրությունները: Մենք գնում ենք բարեփոխումների թե հասարակական հարաբերությունների, թե տնտեսության եւ պետականության հասկացողության մեջ, որպեսզի երկրում չլինեն ցնցումներ, ծայրահեղական մոտեցումներ` հեղափոխություններ, քաղաքացիական ընդհարումներ: Դա պահպանողականների դեւիզն է: Մենք քաղաքական դաշտի կենտրոնում ենք գտնվում ու փորձում ենք պահպանել մեզանից աջ եւ ձախ գտնվող ուժերին: Եվ եթե հարկ կա, գնում ենք զիջումների, բայց զիջումներ ոչ թե ընդդիմությանը, այլ պրոցեսներին:
– Դուք բարեփոխում եք անվանում, բայց ընդդիմությունը զիջում է կոչում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ձեր բարեփոխումները հիմնականում ընդդիմության պահանջների շրջանակում են լինում:
– Հիմա դրան ընդդիմությունը կանվանի զիջում, մենք` բարեփոխում, կարեւորն արդյունքն է: Ներքաղաքական լարվածության թուլացումից բացի, մեզ առավել կարեւոր է արտաքին կայունությունը: Եթե մենք ներսում կայուն չենք, արտաքին սպառնալիքներին չենք կարողանա դիմագրավել: Եվ այս պրոցեսը տանում է նրան, որ ունենանք կայուն հասարակություն: Եթե հանկարծ Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա անհրաժեշտ կլինի հասարակությանը շատ արագ վերափոխել դեպի պատերազմ: Անհրաժեշտ է, որ մենք, ժողովուրդը միասնական լինենք: Եվ անհրաժեշտ է ներքին փոխզիջումներով ընդառաջ գնալ արտաքին սպառնալիքներին: Այսպես կոչված, արտահերթ ընտրությունները միշտ անկայունության են բերում պետությանն ու հասարակությանը: Եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն լիներ, այդ մասին իշխանությունները կհայտարարեին:
– ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը որպես արտահերթ ընտրությունների պատճառ է նշել կեղծված ընտրությունները, կամ այն, որ գործող խորհրդարանը չի արտահայտում հասարակության մեջ առկա տրամադրությունները:
– Ինչպե՞ս չի արտահայտում, եթե չարտահայտեր, մենք կլինեինք փոքրամասնություն, ընդդիմությունը կլիներ մեծամասնություն: Կգա 2012թ., եւ ժողովուրդը նորից կարտահայտի իր կամքը: Եթե նախկինում սխալ է արտահայտել, ապա այդ ժամանակ թող ուղղի, եւ ՀԱԿ-ը գա իշխանության:
– Սասուն Միքայելյանը կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո հարց ուղղեց` «ե՞ս պետք է ներողություն խնդրեմ, թե՞ Հանրապետական կուսակցությունը»: Նաեւ ասաց, թե իշխանությունները սխալ են արել, որ իրեն բանտարկել են: Այնուամենայնիվ, համաներում հայտարարելը չի՞ նշանակում, թե իշխանություններն անուղղակի կերպով ընդունում են, որ ընդդիմության ներկայացուցիչներին բանտարկել են քաղաքական հայացքների համար:
– Ես չեմ ուզում մեկնաբանել Ս.Միքայելյանի ասածները, ես մեկնաբանում եմ այն խոսքերը, որտեղ տեսնում եմ քաղաքական միտք: Նեղացած դուրս է եկել, մի բան ասել է: ՀՀԿ-ն որեւէ մեկից, որեւէ կազմակերպությունից կամ խմբից ներողություն խնդրելու ցանկություն չունի: ՀՀԿ-ն կարող է միայն ներողություն խնդրել հասարակությունից, եթե սխալ է թույլ տվել: Բայց կարծես թե այդ սխալը թույլ չենք տվել:
– Բայց եթե սխալ թույլ չեք տվել, ինչո՞ւ է այսքան մարդ ձեզանից դժգոհ:
– Ես չեմ ասում, որ անսխալական ենք: Իհարկե, կար միջազգային տնտեսական ճգնաժամ, դա էլ է ազդել ընդհանուր պրոցեսների վրա: Բացի այդ, 2008-ից հետո հասարակական իրավիճակը խառնշտողները նույնպես ազդում են կառավարման մեխանիզմների վրա: Կային նաեւ արտաքին ճնշումներ:
– Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա բարեփոխումների չէիք գնում: Հեղափոխության կամ իշխանափոխության վտանգն այս 3 տարիներին մեծ է եղել: Սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատացել է, ավելացել է ժողովրդի մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհությունը:
– Ամեն ժամանակահատված իր տրամաբանությունն ունի, իրադարձությունների շարքն ունի: 2008-ին եղան հայտնի իրադարձությունները: Ներքին խնդիրներից բացի, մենք ունենք արտաքին սպառնալիքներ: Եվ մենք փորձում ենք ներքին կայունություն ունենալ: Մենք մեղք չունենք, որ ընդդիմության պահանջների ժամանակահատվածն ու Ադրբեջանի ռազմական սպառնալիքները համընկել են: Եվ մենք ստիպված գնում ենք կայունության բարեփոխումների, երկխոսության պրոցեսի, որպեսզի ամրապնդենք ներքին միասնականությունը: Գուցե հանուն պետականության, հանուն կայուն հասարակության մենք ինչ-որ բան կորցնում, զիջում ենք: Բացի այդ, կա միջազգային հանրություն, որն այսօր տրամադրված է բոլորին հավասար աչքով նայելու: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեք նախագահների հայտարարությունն ասում է այն մասին, որ նաեւ այս տարածաշրջանում է հարկավոր լուծումները տալ ինքնորոշման իրավունքի ճանաչման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման ճանապարհով:
– Այդ կայունությունը ձեռք բերելու համար իշխանությունն էլ ի՞նչ է պատրաստ զիջել ընդդիմությանը:
– Մենք հավաքների մասին օրենքը ընդունեցինք, համաներում արեցինք, այն, ինչ որ պահանջում էր ընդդիմությունը: Նրա պահանջներից մեկը պատրաստ չենք անել, դա արտահերթ ընտրությունն է:
– Արդեն երկար ժամանակ է, որ Սերժ Սարգսյանն անընդհատ հանդիպումներ է ունենում տարբեր ոլորտների պատասխանատուների հետ: Բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին պահանջներ է ներկայացնում: Սակայն, հատկապես տնտեսական ոլորտում, արդյունքները բացասական են, եւ նախագահի այդ պահանջները կարծես թե ներկայացվում են զուտ հայտարարություն անելու, եւ ոչ թե սպասելիքներ ունենալու համար:
– Բարելավում է, պրոցեսը սկսված է, մինչեւ աշուն արդյունքները կտեսնենք: