Հեղափոխությունը գիլյոտին չէ

30/05/2011

Երեք օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Նա երեկ արդեն մասնակցել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում անցկացված քաղաքական խորհրդի նիստին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Փաշինյանը, իր եւ ՀԱԿ-ում առկա պատկերացումների միջեւ հակասություններ չկան: Հարցին, թե ՀԱԿ-ի հանգիստ, հետեւողական, «շախմատային պարտիա» բնորոշվող դանդաղ ընթացքին ինչպե՞ս է վերաբերվում, Փաշինյանը պատասխանել է. «ՀԱԿ-ի ամենակարեւոր առավելություններից մեկն այն է, որ ինքը հեղափոխության մասին չի ասում, բայց հեղափոխություն անում է: Իմ պատկերացրած հեղափոխությունը միշտ էլ եղել են իրական փոփոխությունները, փոփոխությունները մարդկանց գիտակցության եւ վարքի մեջ: Ինձ համար հեղափոխությունը գիլյոտին չէ: Ինձ համար հեղափոխությունը գիտակցության փոփոխություն է, այնպիսի գիտակցության փոփոխություն, այնպիսի Հայաստանի ձեւավորում, որը համապատասխանում է այն ուրվագծին, այն կառույցին, որ նախատեսված է սահմանադրությամբ: Ես ինձ ու ՀԱԿ-ին որեւէ կերպ տարանջատելու փորձերին համաձայն չեմ, ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ եւ քաղաքական թիմում իմ չափով կարող եմ ազդել որոշումների կայացման վրա եւ իմ չափով այդ որոշումների իրականացմանը մասնակից եմ»: ՀԱԿ-ի հաջորդ պահանջը իշխանություններից արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն է լինելու: Նախորդ երեքը, ինչպես ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են արձանագրում, իշխանությունը կատարել է: Իր եւ Սասուն Միքայելյանի ազատ արձակումը Փաշինյանին վստահություն է ներշնչում, որ կլինեն նաեւ արտահերթ ընտրություններ: «Իսկ ինչո՞ւ իշխանությունը արեց այն, ինչին ոչ մեկը չէր հավատում` նկատի ունեմ մեր ազատությունը: Իշխանությունը ունի մի առանձնահատկություն, երբ իշխանության մարդիկ կտրվում են իրականությունից, բայց այնուամենայնիվ գալիս են պահեր, երբ արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությամբ իրականության զգացողությունը վերականգնվում է ցանկացած իշխանավորի մոտ, անկախ նրանից, թե որքան բարձր պարիսպներով է տարանջատված իրականությունից, կյանքից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: