Բանտում գտնվող Մուրադ Բոջոլյանը եւ Սարգիս Հացպանյանը նամակ են հղել Հայ ազգային կոնգրեսին` ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների եւ ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության եւ արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլեւս երբեւէ չլինեն անարդարության զոհեր»,- գրել է Մուրադ Բոջոլյանը` շնորհակալություն հայտնելով Համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին, ովքեր հավատացել են իր անմեղությանը, եւ երեք տարի պայքարել նաեւ իր ազատության համար: Նա կարեւորել է Կոնգրեսի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն իր հանդեպ, ինչը նպաստել է իր բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակներում: Նա նշել է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը, եւ որ չէր ցանկանա, որ այդ փաստը խոչընդոտեր հնարավոր երկխոսությանը իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ:
Սարգիս Հացպանյանն էլ իր նամակում գրել է. «Կոչ եմ անում սկսել երկխոսություն «իշխանության» հետ, օգտվելով շարժման այսօր առկա ուժային եւ դիրքային հզոր առավելությունից: Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, եւ ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին եւ արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաեւ Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը եւ զորակցությունը»: