Ծեծելով սպանել է

30/05/2011

Մայիսի 26-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 տանը հայտնաբերվել է 58-ամյա Գայանե Ասոյանի դիակը` բռնության հետքերով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ քննչական խումբը` վարչության պետ Ավետիք Աբրահամյանի, Մասիսի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի, քննչական բաժնի պետ Ղահրամանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են նաեւ դատական բժիշկն ու փորձագետը: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մինչ քննչական մարմինը կստանար փորձաքննության արդյունքները, Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը մայիսի 28-ին Այնթապ գյուղի 12-րդ փողոցի թիվ 29 տնից սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել նույն տան բնակիչ, 23-ամյա Աշոտ Շահզադյանին: Նախաքննությամբ պարզվել է, որ նա մայիսի 26-ի երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, Գայանե Ասոյանի տան բակում, ապա` նաեւ տան ննջասենյակում վիճաբանել է նրա հետ եւ բռունցքներով հարվածելով նրա դեմքին` սպանել նրան: Սպանությունից հետո Շահզադյանը դիմել է փախուստի: Ա. Շահզադյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր: