Աստծունը՝ Աստծուն: Նախագահինը՝ նախագահին

30/05/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Ճշմարտությունն օրենքից վեր է: Ներողամտությունը վեր է ճշմարտությունից»: Սա սուրբ հայրերի եզրակացությունն է: Պաշտոնական ներողամտության ցուցադրության հիմքում, հասկանալի է, ամենեւին այս իմաստնությունը չէ: Ժամանակ առ ժամանակ պետությունը ներողամտության ցուցադրական ժեստեր անելու անհրաժեշտություն է զգում: Դա ինչ-որ առումով հասկանալի է. որպես կանոն` ներողամտությունից ազատ ժամանակ պետությունը ցուցադրաբար դաժան է:

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում հայտարարեց: Անազատությունից համեմատաբար ազատ վիճակում հայտնվեցին մոտ 300 բանտարկյալներ: Արարքն այն ժամանակ է բարոյական արժեք ունենում, երբ կատարվում է գիտակցված, ներքին համոզմունքով` առանց քաղաքական օգուտները հաշվարկելու: Իսկ ներողամտության այս ակցիան ակնհայտորեն նախընտրական ենթատեքստ ուներ, հետեւաբար` ներքաղաքական լարվածությունը թուլացնելու, հասարակությանը լիցքաթափելու թեմայով զրույցներն այնքան էլ լուրջ չընդունվեցին:

Ոչ ոք չի կարող առարկել` կարեւոր իրադարձություն է, երբ մոտ 300 մարդ հայտնվում է ազատության մեջ: Նրանց մի մասն արդեն կրել է պատժի մեծ մասը, մի մասն ունի մեղմացուցիչ հանգամանքներ: Թեեւ ազատության մեջ են հայտնվում հատկապես նրանք, ովքեր հանցագործությունը կատարել են կանխամտածված: Անազատության մեջ կշարունակեն մնալ մարդիկ, ովքեր հանցանք են գործել ոչ կանխամտածված, պատահաբար: Թեեւ պատմական նախադեպերն էլ վկայում են` համաներումը, ներումը սուբյեկտիվ, քաղաքական քայլ է: Հիշենք բոլոր ժամանակների ամենահայտնի օրինակը` Հիսուս Քրիստոսի խաչելությունը: Նրա հետ խաչվելու էին դատապարտվել երեք ավազակ` Դիստասը, Գեստասն ու Բարաբբան: Զատկի տոնի կապակցությամբ ներում պետք է շնորհվեր կա՛մ Հիսուս Քրիստոսին, կա՛մ Բարաբբային: Սինեդրիոնի որոշմամբ` մահապատժից ազատվեց ավազակ Բարաբբան:

Չկա ոչինչ առավել արժեքավոր, քան ազատությունը: Եվ հատկապես, երբ մարդիկ ազատության մեջ են հայտնվում ազատազրկման վայրերից եւ այն էլ` պատժաժամկետը չավարտված: Սակայն հարց է առաջանում` վտանգավոր չէ՞ անգամ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով ազատ արձակել մոտ 300 հանցագործի (չմոռանանք, որ համաներման արժանացածներից միայն երկուսն են անազատության մեջ եղել` որպես քաղաքական բանտարկյալներ` Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը): Եթե վտանգավոր չէ, այդ դեպքում մեկ այլ հարց է առաջանում` ինչո՞ւ էին այդ մարդկանց պահում անազատության մեջ: Եթե ազատության մեջ նրանք վտանգավոր չեն, այդ դեպքում գուցե նրանց բանտարկե՞լ էլ չարժեր: Իսկ եթե արժեր նրանց բանտարկել, այդ դեպքում գուցե անիմա՞ստ է ազատ արձակելը: Անգամ Անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ:

Եվ ո՞ւր մնաց այս դեպքում այն անհատների անձնական երջանկության իրավունքը, ովքեր շարունակում են չկանխամտածված հանցագործության կամ դատավորների անբարեխղճության պատճառով բանտերում մնալ: Հատկապես որ` այդ մարդիկ չունեն ներողամտության կարիք: Նրանք կարող են բավարարվել միայն արդարադատությամբ: Իսկ իր տոնական ուղերձում այնքան գեղեցիկ էր ձեւակերպել ՀՀ նախագահը. «գբայց արդյո՞ք կարելի է չհիշել այդ մարդու` անհատի շահերի, իրավունքների, նրա անձնական երջանկության մասին»:

Մեր իրականությունն այնպիսին է, որ մարդիկ հանցագործ են դառնում նաեւ անազատության պայմաններում, կալանավայրերում: Եվ ինչ-ինչ տոների ժամանակ նրանց հնարավորություն է տրվում` ազատություն վերադառնալ: Այս մարդիկ իրենց կոտրված ճակատագրերով են վճարում, որպեսզի իշխանություններն ինչ-որ ժամանակ, հատկապես ընտրություններից առաջ, կարողանան իրենց մեծահոգությունն ու ներողամտությունը ցուցադրելու հնարավորություն ունենալ: Իսկ դա արդեն ոչ մի կապ չունի «դասական» ներողամտության հետ:

Հետեւաբար` ներողամտության նման պոռթկումներն արդեն շատ դեպքերում ուշացած են. ներողամտությունը պետք էր դրսեւորել այդ մարդկանց հանդեպ դատավճիռ ընթերցելուց առաջ: Նրանք, ովքեր կարողանում են լավ հաշվել, դժվարություն չեն ունենա թվերն ի մի բերելով` ընդհանրացնել` պետական բյուջեից որքան գումար է հատկացվում հասարակության համար վտանգ չներկայացնող, որոշ դեպքերում` լրիվ անմեղ մարդկանց տարիներով անազատության մեջ պահելու համար: Եվ հակառակը` որքան հանցագործներ են այսօր զբաղեցնում բարձր պաշտոններ, զբաղվում գանձագողությամբ, ընտրակեղծիքներով: Նրանց բոլոր հանցանքներն արդեն նախապես ներված են: «Անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը,- շարունակում էր իր ուղերձում ՀՀ նախագահը,- Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդ չունի լիակատար ազատություն եւ իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց եւ ի՞նչ պետք է պաշտպանի»: Գեղեցիկ խոսքեր են, որոնց թիկունքը, սակայն, դատարկ է: Եվ միտքն էլ, թե 1918թ. մայիսի 28-ին հայը հռչակվեց քաղաքացի, այնքան էլ համոզիչ չէ: Իշխանության համար Քաղաքացին լավ է անցյալում եւ ապագայում, սակայն ոչ ներկայում, իր իշխանության օրոք: Հակառակ դեպքում` քաղաքացիական դիրքորոշում ունենալու համար մարդիկ չէին ազատազրկվի, չէր զոհվի տասը անմեղ քաղաքացի: Քաղաքացիների արժանապատվությունն ընտրությունների ժամանակ չէր ոտնահարվի: Քաղաքացու կարծիքը կշիռ կունենար:

Եվ, ի վերջո, քաղաքացիների ազատությունը կախված կլիներ ոչ թե քաղաքական պատեհությունից, երկրի ղեկավարի բարոյական ընկալումներից, գիտակցության մակարդակից, այլ օրենքից: Ստացվում է, որ իշխանությունների ներողամտությունը հակասության մեջ է մտնում իրենց իսկ սահմանած արդարադատության հետ. օրենքները դադարում են պահպանվել, իսկ հանցագործությունները` պատժվել:

Համաներումի ինստիտուտը հատուկ է թույլ, ավտորիտար պետություններին: Այս դեպքում է, որ երկրի ղեկավարներին անհրաժեշտ է ունենալ երախտապարտ մարդկանց մի բանակ: Եթե երախտապարտ չեն ազատ, մտածող մարդիկ, այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում շահել հանցագործների բարեհաճությունը: Հատկապես` եթե առջեւում ընտրություններ են: