Կոտրատված թախտին ծալապատիկ նստած տղան դեղնած լուսանկարները թերթելով` մեկ հրճվում է, մեկ տխրում, մեկ էլ քթի տակ ինչ-որ խոսքեր է մտմտում, որը նույնքան անհասկանալի է, որքան անպատասխան մնացած իմ հարցերի նկատմամբ իր անտարբերությունը: 12 տարեկան Սարգիսն է, ով խորհրդավոր հայացքով նայում է, ու աչքերի մեջ անակնկալ հայտնված ուրախությունը փայլում է: Այնպես է ժպտում, որ թվում է` Սարգիսի ուրախությունից ուրախանալով` պիտի գրկախառնվենք: «Ո՞նց ես»,- հարցնում եմ նրան: Սարգիսը մի տեսակ չարանում է, արհամարհանքով նայելով` մեջքով շրջվում է դեպի ինձ: Իմ ու Սարգիսի միջով անհասկանալի մի բան է անցնում, որի պատճառով տղայի հայացքը սառում, չարանում է: Մայրը` Հեղնարը, ինձ հրավիրում է նստելու, բայց քանի որ աթոռ չկա, անհարմար վիճակից դուրս գալու համար, առաջարկում է աթոռանման մի փայտ ու վրան հազար ու մի կեղտոտ, մաշված փալաս է գցում: Հետո չորս երեխաների մայրը սկսում է պատմել իր ծանր կյանքից, երեխաների անօգնական վիճակից: Սարգիսը եւ մեզ հետ է, եւ մեզ հետ չէ: Անբառ մոտենում եմ նրան, նստում եմ թախտին: Մի տեսակ նեղացած նայում է ինձ ու ձեռքի դանդաղկոտ շարժումով ցույց է տալիս իր լուսանկարը: Ես ու մայրն անխոս նայում ենք Սարգիսին: Ինքն ամեն անգամ Սարգիսին առաջին անգամ տեսնելու պես ուշադիր է նայում: Հաստատ գիտեմ, որ բառը կրկին ինձ ու Սարգիսին հեռացնելու է իրարից, դրա համար էլ հարցերն ու խոսքերը թողնում եմ մոր` Հեղնարի տարածքում: Ես, Սարգիսն ու լռությունը հաշտ շփվում ենք այնքան, մինչեւ Հեղնարն ինձ պատմում է տղայի պատմությունը: Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 48 վագոնը մարդուն խելագարության հասցնելու տարածք է: Երկրաշարժից հետո տներին փոխարինող վագոնների դռները բացելիս` հողը ոտքիդ տակից փախչում է: Ամեն դռան ետեւում մի սոսկալի պատմություն է: Ամեն դռան ետեւում մի հաշմանդամ երեխա է… 12 տարի առաջ նույն վագոն-տնակում է ծնվել Սարգիսը, որտեղ անգամ ջուր գոյություն չունի, իսկ լույսը խնայում են` քիչ վճարելու համար:
Հեղնարը պատմում է` «Աղջիկներս մեծերն են, իսկ Սարգիսս` միակ տղաս: Տեսնում եք, էլի, թիթեղյա պատեր, անմարդկային պայմաններ, կենդանու նման ենք ապրում»: Սարսափելի պայմաններում ծնված երեխան 20 օրականում հիվանդացել է կապույտ հազով, ու հիվանդանոցներում բուժվելուց հետո նրա մոտ հետագայում հայտնաբերվել է աուտիզմ հիվանդությունը: Մայրն ասում է, որ հիվանդության պատճառները շատ են, բայց ոչ միանշանակ հաստատված. «Գիտեք, էլի, ժաժքը մեր մեջ ինչ սթրեսներ ու վախեր թողեց: Ժաժքից հետո էլ ընտանիքներ քանդվեցին, որովհետեւ մարդիկ կիսագժված էին, իրար չէին հասկանում: Շատերի ընտանիքը քանդվեց, որովհետեւ մահացան, շատերն էլ սկսեցին ներվային վիճակից իրար հետ յոլա չգնալ: Ահավոր սթրեսային տարիներ էին, հիմա շատ երեխեք են հաշմանդամ ծնվում: Դուք Սպիտակի դոմիկների դռները բացեք…»: Արդեն տասը տարի է` Հեղնար Հարությունյանը միայնակ է մեծացնում երեխաներին: Ամուսինը հեռացել է, ամուսնալուծված են: Ասում է` կենցաղային ծանր կենսապայմանները, երեխայի հիվանդությունը, սովը… «Տղամարդիկ չեն դիմանում նեղությանը: Սպիտակում հիմա կանայք տղամարդիկ են դարձել, որովհետեւ տղամարդիկ ժաժքից հետո կամ գժվեցին, կամ էլ դարձան ալկաշ: Ասում էս է՜հ… հողի տակից երեխեքի դիակ հանելը չի անցնում: Էդ վերքի ցավ չի, որ լավանա ու անցնի, դա հոգուդ մեջ քրքրում ա քեզ»: Ընտանիքից հեռացած երեխաների հայրը ոչ մի բանով չի օգնում նրանց: Հեղնարն ասում է` նոր է վիրահատվել, կանացի հիվանդություն ունի, ինչի պատճառով, տեւական ժամանակ է` չի աշխատում: Ապրում են 33.000 դրամ նպաստով, ու ոչ մի կերպ չի կարողանում բացատրել, թե ինչպես է այդ գումարով հոգում երեխաների դպրոցական ծախսերը, կոմունալ վճարումները եւ օրվա «ապրելիքը»: Արմենը սովորում է Երեւանի թիվ 2 օժանդակ դպրոցում: Սպիտակ, իրենց վագոն-տնակ է վերադառնում տարվա մեջ երկու անգամ` ամանօրյա եւ ամառային արձակուրդներին: Չնայած մոր ու քույրերի կարոտին` Սարգիսը մասնագետների հսկողության տակ իրեն անհամեմատ հանգիստ է զգում: Տան պայմաններում հաճախ նրա մոտ նյարդային նոպաներ են սկսվում: «Երբ մի բանից նեղվում ա` ագրեսիվ ա դառնում, տալիս ջարդում-փշրում ա, քույրերին ա վնասում: Ահավոր վիճակում ա հայտնվում, չարանում ա»,- ասում է մայրը` վստահեցնելով, որ Սարգիսի փոքրիկ բարկությունն անգամ կարող է օրեր շարունակ վերածվել նյարդային ջղաձգումների: Մայրը որդուն հանգստացնելու համար դեղորայք է տալիս, բացի դրանից` գրքերի, նկարների միջոցով փորձում է խաղաղեցնել նրան: Հեղնարն ասում է` այլեւս կորցրել են բնակարան ստանալու հույսը: «Ոչ տուն են տալիս, ոչ էլ բարելավում են: Հասկանո՞ւմ ես, սա ապրել չի, սա տանջվել ու տառապել ա: Երկրաշարժից հետո հավատում էինք, որ վագոնում ապրելը ժամանակավոր ա, շուտով մարդավարի պիտի ապրենք, բայց հիմա չէ, հիմա հույս չունենք: Ասում էինք` գոնե մեր երեխեքը նորմալ կապրեն, բայց… երեխեքի կյանքն էլ մեր հետ խորտակվեց»,- դժգոհում է նա, ում տնակ է մտնում հարեւանուհին ու սկսում է Հեղնարի երեխաների կենսակերպի մասին դաժան բաներ պատմել: «Պետությունը պիտի հասկանա, որ աղետի գոտում մի սուրու ոչխար չի ապրում: Էստեղ դաժան ճակատագրով մարդիկ են, տղաներ են մեծացնում` ուղարկում ծառայելու: Ինչքա՞ն կարելի ա բնակարանի սպասել: Ասում են` ազգը ոչնչանում ա, բանակում ծառայող չկա: Թող պետությունն ինձ տուն տա, ես մի զույգ տղա կունենամ: Վագոնում եմ ապրում, հինգ երեխա ունեմ: Կհավատա՞ս, նույն սենյակի մեջ ենք սաղս քնում, ու ես քանի տարի ա` չգիտեմ ինչ բան ա մարդ ու կնկա հարաբերությունը: Սա ապրելու ձեւ՞ ա, մեր երկրի ղեկավարները մի րոպե կարա՞ն վագոնում ապրելուն դիմանան: Հլը էս հիվանդ երեխու վիճակը նայեք, բա սա մարդկությո՞ւն ա»,- ասում է Հեղնարի հարեւանուհի, վագոն-տնակի բնակչուհի Նարինեն:
Մասնագետները Հեղնարին խորհուրդ են տվել Սարգիսին վագոն-տնակային պայմաններում չպահել` տեղեկացնելով, որ այդ կենսապայմանները շատ վատ են անդրադառնում նման ծանր հիվանդություն ունեցող տղայի ներաշխարհի վրա: Մայրն ասում է, որ տուն վերադառնալուց հետո մի քանի օրից որդին սկսում է նյարդային դառնալ, չարանալ: Թախտին ժամեր շարունակ ծալապատիկ նստած Սարգիսը սկսում է ինքն իր հետ խոսել: Արագ-արագ ինչ-որ բառեր է իրար կցմցում ու խոսում է ինքն իր հետ, ասես, վագոն-տնակում` իր շուրջը ոչ ոք չկա: Մայրն ասում է, որ այդպես հաճախ է լինում, խոսում է միայնակ, անհաղորդ. «Ինքն իրան խոսում ա, ու ոչ մի ռեակցիա: Ոնց որ ինքը խոսա, ինքն էլ լսի»: Սարգիսն արտաքին աշխարհի հետ ոչ մի կոնտակտ չունի, բայց ինքն իրեն շատ հարցեր է տալիս, փորձում է պատասխաններ գտնել, իսկ երբ չի գտնում` չարանում, ամեն ինչ ջարդուփշուր է անում: