Այս տարվա ապրիլին Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» (Do Not Forget Me Istanbul) կինոնախագիծը, որի մասնակիցները տարբեր ազգությունների` թուրք, սերբ, հույն, բոսնիացի, հայ, պաղեստինցի 6 կինոռեժիսորներ են:
Այդ նախագիծը մեկնարկել է անցյալ տարի, երբ Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, եւ թուրքերը որոշել էին յուրահատուկ կինոձոն նվիրել Եվրոպայի ու Ասիայի սահմանագծում գտնվող Ստամբուլին: Ստամբուլն իր էությամբ ինտերնացիոնալ ու հակասական (միաժամանակ` ավանդապաշտ ու մոդեռն) քաղաք է, որտեղ տարբեր մշակույթներ, ավանդույթներ, լեզուներ են միաձուլվել: Եվ պատահական չէ, որ «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» կինոնովելները ստեղծել են Բալկանյան պետություններն ու Միջին Արեւելքը ներկայացնող ռեժիսորները, քանի որ այդ երկրների մշակույթների ազդեցության տակ է ձեւավորվել քաղաքի այսօրվա դիմանկարը: «Մի մոռացիր ինձ, Ստամբուլը» ներկայացվում է` որպես «տարբեր ազգերի կոլեկտիվ հիշողություն»:
Նախագծին մասնակցող կինոռեժիսորներից յուրաքանչյուրը 15-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ է ստեղծել, որի կենտրոնում Ստամբուլի անցյալն ու ներկան են: Նրանց շարքում է նաեւ Երեւանում ծնված, Լոս Անջելեսում ապրող կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը, ով նկարահանել է «Պոլիս» նովելը` ֆրանսահայ դերասան Ժաքի Ներսիսյանի մասնակցությամբ: Ֆիլմի սյուժեն կառուցված է դեպի պատմական հայրենիք կատարած մի սփյուռքահայի ուղեւորության շուրջ: Ֆիլմի հերոս Արմենակը մեկնում է Ստամբուլ` ցեղասպանության տարիներին քանդուքարափ եղած պապի խանութը գտնելու ցանկությամբ: Ֆիլմի հերոս Արմենակը երաժիշտ է, ով իր պապի լուսանկարը ձեռքին` սկզբում այցելում է Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցու գերեզմանատունը, իսկ հետո զրուցելով տարբեր ազգությունների ստամբուլցիների հետ` ինքն իր համար բացահայտում է անցյալը: Արմենակը երբեք չի եղել Ստամբուլում, սակայն կարծես գենետիկորեն է զգում, որ սա իր քաղաքն է, որի մասին պատմել է Ցեղասպանության պատճառով իր ծննդավայրը թողած պապը: Ֆիլմի ռեժիսորը նկատել է. «Ուզում էի, որ ֆիլմում իր արմատներին վերադարձող սփյուռքահայի աչքերով տեսնված Պոլիսը լիներ»: Է. Նազարյանի դիտարկմամբ` ինքն առաջին հերթին կարեւորել է հայերի ու թուրքերի զգացական, մարդկային կապերը, որոնք քայլ առ քայլ վերականգնվում են Արմենակի ուղեւորության ընթացքում: Առաջին անգամ Ստամբուլում նկարահանող ռեժիսորը իր հարցազրույցներում նշել է, որ նկարահանման ժամանակ ֆիլմի մասնակիցներից կամ սովորական անցորդներից իմացել է, որ շատերի նախնիները հայեր են եղել: Էրիկ Նազարյանը սկզբում մտադիր էր «Պոլիսը» նկարահանել որպես լիամետրաժ ֆիլմ, սակայն, երբ ծագեց «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» նախագծի գաղափարը, որոշեց կանգ առնել 15-րոպեանոց տարբերակի վրա: «Նկատի ունենալով, որ նախագիծը Պոլիս քաղաքը հարստացնող մշակույթների դերը չմոռանալու մասին է, նախընտրեցի ֆիլմս խտացնել»,- ասել է նա: Ֆիլմում ակնարկվում է հերոսի ընտանեկան պատմությունը, որի անբաժանելի մասն է կազմում հայերի ցեղասպանությունն ու պարտադրված արտագաղթը (էկրանից հնչում է նաեւ «գենոցիդ» բառը): «Ես ուզում եմ, որ հանդիսատեսը դիտելով այս ֆիլմը` հասկանա, որ հայկական Սփյուռքը մեծամասամբ գոյացել է Ցեղասպանության պատճառով»,- ասել է Է.Նազարյանը: «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի հայազգի ռեժիսորից բացի, մնացած հեղինակները նույնպես հուշ-վերքեր կրողներ են, եւ նրանց համար Ստամբուլը սոսկ տուրիստական գրավչություն ունեցող, կոլորիտային քաղաք չէ: Ստամբուլը շատերի համար երկխոսությունը կրկին վերսկսելու հարթակ է: