Հավատարմություն խորհրդանշող թավշածաղիկը
Tagetes Erecta-թավշածաղիկ ուղղաձիգ, պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին։ Չինական մշակույթում այն երկարակեցության խորհրդանիշ է։
Հնագույն ժամանակներից թավշածաղիկն օգտագործվել է որպես բուժամիջոց փորացավի, լյարդի հիվանդությունների, սրտխառնոցի, ատամի ցավի դեպքում։ Ծաղկաթերթերն օգտագործել են սննդի մեջ` որպես համեմունք եւ ուտեստներին գույն հաղորդելու համար։ Կերակրել են ընտանի թռչուններին։ Ացտեկները լվացել են իրենց մարմինները բույսի թուրմով։ Այս դեկորատիվ ծաղիկը զարդարում է նաեւ Երեւանի պուրակները։ Այգեպանները ցանում են բույսի սերմերը գարնան վերջում, քանի որ այն չի դիմանում ցրտահարությանը։ Թավշածաղիկը բավականին հեշտ է դիմադրում չոր եւ անձրեւոտ եղանակին, նույնիսկ ծաղկած վիճակում նոր հողի մեջ տեղափոխվելուց հետո շարունակում է նորմալ աճել։ Վրաստանում թավշածաղկի ոսկեգույն-դեղնավուն ծաղկափթթությունները հայտնի են «իմերեթյան շաֆրան» անվանումով եւ հնուց օգտագործվել են հավից պատրաստվող «խարչո» ուտեստին, բանջարային արգանակներին, ձկնային կերակրատեսակներին գույն եւ համ հաղորդելու համար։ Թավշածաղիկն արեւելյան խոհանոցում փոխարինում է քրքումին (շաֆրան), նաեւ թանձր կերակրահյութի (սոուս), մարինադի, պանրի, գինու, մրգահյութերի արտադրության մեջ։ Քանի որ խոսեցինք քրքումի մասին, նշենք, որ 1 կգ չորացրած քրքում ստանալու համար հարկավոր է 200.000 ծաղիկ։
Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, դրա ծաղկազամբյուղները պահեստավորում են աղի մեջ, մարինադի ձեւով։ Բույսը մեծ կիրառում ունի նաեւ Ուկրաինայում։
– 1 կգ ծաղկազամբյուղներին ավելացրեք 500 մլ զտված ջուր եւ 60 գ խոշոր աղ, եփեք 5 րոպե, տեղավորեք մանրէազերծված ապակե տարաների մեջ, պահեք հով տեղում։ Օգտագործեք արգանակների մեջ։
– 1 կգ ծաղկազամբյուղներին ավելացրեք 500 մլ 3 տոկոսանոց քացախ, 40 գ աղ, 2 գ սեւ բիբար։ 5 րոպե եփեք, տեղավորեք տարաների մեջ, պահեք հով տեղում, օգտագործեք երկրորդ կերակրատեսակները համեմելու համար։
Թավշածաղկի ցողունը ուղղաձիգ է, խիտ ճյուղավորվող, առաջացնում է լայնասաղարթ թփիկներ` 20-120 սմ բարձրության։
Տերեւներն ունեն հերթադիր դասավորություն, տերեւաթիթեղները` փետրաձեւ, ատամնաձեւ, պայծառ կանաչից մինչեւ մուգ կանաչ են։ Պտուղը սեւ կամ շագանակագույն տափակ սերմիկ է։ Ծաղիկները հավաքված են բազմաթեր եւ ոչ բազմաթեր, վառ դեղին, կիտրոնադեղին, մուգ նարնջագույն, կարմրաշագանակագույն եւ այլ աչքի զարնող գույներով։ Թավշածաղիկը ունի յուրահատուկ աստղածաղկի բույրը հիշեցնող հոտ, թավշածաղկի հյութահանուկը օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ` պատրաստում են օծանելիքներ եւ օդեկոլոններ։ Իր անպահանջկոտության եւ վառ, գունեղ ծաղիկների հմայքով այս խոտաբույսը վաղուց դարձել է այգիների, գազոնների, նաեւ մեր պատշգամբների պարտադիր զարդը։ Բայց քչերին է հայտնի թավշածաղկի բուժիչ հատկությունների մասին։ Խոտաբույսը պարունակում է վիտամիններ A, C, P, E, ներկանյութեր, հակաօքսիդանտ հատկություն ունեցող եթերային նյութեր, հարուստ է ֆիտոնցիդներով։
Գիտակ բանջարաբույծները բզեզներից եւ ուտիճներից կարտոֆիլը պաշտպանելու համար աճեցնում են թավշածաղիկներ կարտոֆիլի յուրաքանչյուր 7-րդ շարքից հետո։ Թավշածաղկի այդ հատկությունների շնորհիվ բարձրացնում են բերքատվությունը (բանջարեղենի, մրգերի, եգիպտացորենի)։ Իսկ աշնանը, մինչեւ ցրտերի ընկնելը, մանրացնում եւ վարում են բնահողի հետ միասին։ Վնասատուների դեմ պայքարելու համար դույլի կեսը լցնում են մանրացրած թավշածաղիկներով (կարելի է` նաեւ չորացրած), ավելացնում 5 լ եռջուր, 2 օրից քամում են, ավելացնում 40 գրամ օճառ, թուրմով մշակում են բույսերը` մինչեւ պտուղների հասունացման շրջանը։ Միջատներին վանելու համար չորացրած թավշածաղիկները պահեք պահարանի մեջ։ Ծաղկի պատրաստուկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, փափկեցնող ազդեցություն։
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է թավշածաղկից պատրաստված յուղային ծաղկամզվածք։
Անհրաժեշտ է տարան ամբողջովին լցնել ծաղկաբույսի գլխիկներով, վրայից ավելացնել զտած արեւածաղկի յուղ (կամ ձիթապտղի)։ Պահել 2 շաբաթ մութ տեղում։ Ընթացքում պարբերաբար թափահարեք, քամեք։ Պահեք ապակե տարայի մեջ, սառնարանում, բայց ոչ սառցախցիկում։
Օգտակար դեղատոմսեր
Թարախային ցանի դեպքում. Մաշկի վնասված մասին օրվա մեջ 2 անգամ քսեք թավշածաղկի յուղամզվածք։
Պառկելախոցի (պառկելավերք) դեպքում. Բամբակե գործվածքը թրջեք թավշածաղկի յուղամզվածքի մեջ, ֆիքսեք վնասված հատվածին։ Ամեն օր դրեք նոր վիրակապ։
Արմունկների կոշտացած մաշկի դեպքում. արմունկը 10 րոպե պահեք գոլ յուղամզվածքով լցված տարայի մեջ, այնպես, որ ծածկի կոշտացած մաշկը, գործողությունը կրկնեք օրը մեջ։
Թավշածաղկի թուրմը օգտագործվում է որպես հանգստացնող, միզամուղ, քրտնաբեր, հակաճիճվային միջոց։
Թուրմը կամ թեյը ամրացնում է անոթների պատերը, արտաքին եւ ներքին արնահոսությունների դեպքում։ Որպեսզի դադարեցնեք արնահոսությունը եւ ազատվեք մակաբուծական վարակից, անհրաժեշտ է. 1ճ/գ ծաղիկները թրմեք 30 րոպե 200 մլ եռջրով, քամեք։ Թուրմը ընդունեք 2-ական ճ/գ, օրվա մեջ 3-4 անգամ։
Որպես նախապահպանություն` ենթաստամոքսային գեղձի, շաքարախտի, նյարդային համակարգի բուժման համար. թավշածաղկի ծաղիկները սերմերի հետ մանրացրեք եւ 5 րոպե եփեք 200 մլ եռջրով։ Ընդունեք 1/4-ական բաժակ, օրը 4 անգամ։
Ենթաստամոքսային գեղձի հաճախակի նոպայի դեպքում (պանկրեատիտ) ընդունեք 1-ական թ/գ թուրմ ամեն 2 ժամը մեկ։
Որդաթափության, արնահոսության դեմ. 1ճ/գ չորացրած թավշածաղիկները թրմեք 30 րոպե 200 մլ եռջրի մեջ։ Ծաղկաթուրմը ընդունեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։
Դիմադրողականությունը բարձրացնող թեյ. Թավշածաղկի 2 ճ/գ ծաղկազամբյուղաթափքին, 1 թ/գ ասպիրակի ծաղիկներին ավելացրեք 2 բաժակ եռջուր, թրմեք 20 րոպե փակ կափարիչով։ Խմեք օրվա մեջ 2-3 անգամ, մեկական բաժակ, սնունդ ընդունելուց առաջ։
Վիտիլիգո հիվանդության դեպքում. Եփեք 1 հատ չոր ծաղիկը 150 մլ եռջրով, թրմեք 1 ժամ եւ խմեք այդ թուրմը օրվա մեջ` 2-3 կում։ Բուժման ժամկետը 3-5 ամիս է։ Աստիճանաբար լաքաները կվերանան։ Կարելի է շարունակել բուժումը` մինչեւ լաքաների լրիվ անհետանալը։