Անցած շաբաթվա սկզբին «Զվարթնոց» տաճարում տեղի է ունեցել «HSBC Հայաստան» բանկի հիմնադրման 15-ամյակին նվիրված բավական ներկայացուցչական միջոցառում, որին մասնակցել են նաեւ այդ բանկի հիմնադիր եւ համասեփականատեր, բրիտանահայ խոշոր գործարար Վաչե Մանուկյանը, «HSBC» խմբի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մեր տեղեկություններով, նախագահ Սերժ Սարգսյանը թեեւ հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ այդ օրը Ծաղկաձորում ներկա է գտնվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու ծննդյան տարեդարձի արարողությանը։ Բանկի հիմնադրման 15-ամյակի արարողությանը փոքր-ինչ ուշացումով մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, Վաչե Մանուկյանը վիրավորվել է նման վերաբերմունքից. միջոցառման հաջորդ օրը նա մեկնել է Հայաստանից։ Հիշեցնենք, որ «HSBC Հայաստան» բանկը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1996թ. եւ երկար տարիներ համարվում էր համաշխարհային հեղինակություն ունեցող միակ բանկը, որը գործում է նաեւ Հայաստանում։ 1990-ականներին այդ ապրանքանիշը Հայաստան բերելն ուներ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նշանակություն եւ պայմանավորված էր առաջին հերթին Վաչե Մանուկյանի անձնական ջանքերով։