Առաջադրելու են նոր պահանջներ

27/05/2011

«ՀԱԿ-ի առաջադրած երեք պահանջների կատարմամբ կամ կատարման խոստմամբ Հայաստանում քաղաքական պրոցեսը կանգ չի առնելու, եւ իշխանություններին են առաջադրվելու նորանոր պահանջներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսության մասին հարցին, նա ասել է, թե ֆորմալ առումով երկխոսություն չի ծավալվում: «Այս հարցի հետ կապված բավական շահարկումներ եղել են, թեեւ դրանց բազմիցս տրվել են սպառիչ պատասխաններ: Երկխոսություն չի եղել, այլ եղել է հրապարակային պահանջների առաջադրում եւ վարչախմբի կողմից այդ պահանջների կատարման հարցում ընկալունակության դրսեւորում: Այդ երկխոսությունը եղել է հրապարակային»,- ասել է նա` ավելացնելով, թե երկխոսություն ասելով` ինչ է նկատի ունեցել ՀԱԿ-ը: «Նկատի ենք ունեցել պահանջների կատարումից հետո երկու կողմերի ներկայացուցիչների կողմից հանդիպումների շարք, որում ՀԱԿ-ը մասնակցելու է մեկ օրակարգով` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: Ըստ նրա, երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է անցկացնել նախ` նախագահական եւ ապա` խորհրդարանական ընտրություններ: «Դուք սպասում եք նախ` խորհրդարանական ընտրություններին` զուտ օրացուցային առումով, սակայն մենք աշխատելու ենք արտահերթ նախեւառաջ` նախագահական ընտրությունների հասնելու համար. դրա համար ներդնելու ենք մեր բոլոր ուժերը եւ, վստահ եմ, հասնելու ենք հաջողության»,- ասել է Մուսինյանը: Հարցին, թե իշխանությունների կողմից ՀԱԿ-ի պահանջների կատարումը ՀԱԿ-իշխանություն համագործակցությա՞ն, թե՞ միջազգային ճնշման հետեւանք է, նա պատասխանել է. «Ռեժիմի հետ չենք համագործակցել եւ չենք համագործակցելու, սակայն պատրաստ ենք երկրում առկա սուր խնդիրների շուրջ երկխոսել իրենց կողմից ներկայացված պահանջները կատարելուց հետո»: Նա նաեւ ասել է, որ չպետք է կարծել, թե իշխանությունը քնել-արթնանալով` բարիացավ եւ կատարեց ՀԱԿ-ի պահանջները: Պարզապես ծանրութեթեւ արեց երկրում տիրող իրավիճակը եւ դրանից կատարված համապատասխան հետեւություններից ելնելով էլ` կատարեց համապատասխան քայլեր: Ըստ նրա` ներկայումս լիակատար կերպով կատարվել են ընդդիմության երկու պահանջները: «Երրորդ պահանջի կատարման վերաբերյալ տրվել է հրապարակային խոստում, այժմ այդ գործընթացը ընթացքի մեջ է, եւ կախված նրանից, թե ինչ ավարտ կունենա, մայիսի 31-ին մենք համապատասխան գնահատականներով հանդես կգանք: Մեծ է վստահությունը, որ, այնուամենայնիվ, վարչախմբի կողմից կկատարվի նաեւ երրորդ պահանջը: Պահանջի չկատարումը կլինի անտրամաբանական` քաղաքական գործընթացների տեսանկյունից, ավելին` այն կլինի վնասակար մեր պետության համար»,- ասել է Մուսինյանը: Հարցին, թե մայիսի 31-ից հետո կարելի՞ է սպասել ինչ-որ ակտիվ գործընթացների, թե ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է գնալ ամառային արձակուրդի, Մուսինյանը պատասխանել է. «ՀԱԿ-ը քաղաքականությամբ զբաղվում է 7 օր, 24 ժամ ռեժիմով: Մեզ մոտ երբեք չի եղել ամառ, ձմեռ, աշուն, գարուն տարբերակումները: Ես վստահ եմ, որ քաղաքական պրոցեսներն այնքան դինամիկ են, որ շատ ակտիվ է լինելու նաեւ ամառային շրջանը»: Անդրադառնալով ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի` նախօրեին հնչեցրած տեսակետներին, ըստ որոնց, հանուն պետության ամրությունը չվտանգելու` Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն մեկ անգամ հրաժարվել է իշխանությունից, եւ հետագայում էլ նշել է, որ որոշ հանգամանքներում ինքն ուղղակի չի առաջադրի իր թեկնածությունը, Մուսինյանն ասել է. «Տեր-Պետրոսյանի մասշտաբի քաղաքական գործիչներ աշխարհում կարելի է հաշվել մատների վրա: Նա դառնալու է Հայաստանի նախագահ` ի գիտություն վարչախմբի»: