3 տարի ու 3 ամիս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը երեկ վերջապես ազատ արձակվեցին: Ն.Փաշինյանը թեեւ իրավապահներին է ներկայացել 2009թ. ամռանը, սակայն ընդհատակում գտնվելու այդ ավելի քան մեկ տարին եւս կարելի է համարել անազատության շրջան:
Կարելի է ասել, որ երեկ ողջ օրը ողջ հանրությունը սպասում ու հետեւում էր ընդդիմադիր գործիչների արձակման գործընթացին: Իսկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի շրջակայքից առցանց ուղիղ հեռարձակման հնարավորությունն այդ թեման պահել էր ավելի հրատապ վիճակում: Եվ առանց չափազանցնելու կարելի է ասել, որ երեկ Հայաստանի քաղաքականապես ակտիվ հանրության քննարկման թեման քաղբանտարկյալների ազատ արձակումն էր:
Ս.Միքայելյանն ազատության մեջ հայտնվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ից երեկ ժամը 16-ից հետո, իսկ Ն.Փաշինյանը` «Արթիկ» ՔԿՀ-ից երեկոյան 20-ի սահմաններում: Եվ երեկ առավոտից մինչեւ այդ ժամերը ՔԿՀ-ների մոտ քաղբանտարկյալներին էին սպասում նրանց բազմաթիվ հարազատներն ու համակիրները: Ս.Միքայելյանը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո հայտարարեց, թե «իշխանություններն իր հանդեպ այդպիսի բան չպետք է անեին»: Նա ասաց, թե ինքն իր կալանքը կրել է «ազգի ազատության համար, եւ այսուհետ էլ շարունակելու է պայքարել եւ հավատարիմ մնալ Կոնգրեսի ուղուն»: Հարցին, թե արդյո՞ք կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա նախ պատասխանեց, թե ինչո՞ւ պիտի պահանջի, ապա ավելացրեց, որ եթե Կոնգրեսը գտնի, որ պետք է իշխանությունների հետ բանակցել, եւ եթե դա մաքուր երկխոսություն է, ինքը պատրաստ է գնալ նրա հետ: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ինքը դավաճանել է Ս.Սարգսյանին, դրա համար էլ նրան բանտարկել ու առավել խիստ պատժամիջոց են սահմանել, Ս.Միքայելյանն ասել է, որ ինքը նրա մարտական ընկերն է եղել եւ չի դավաճանել նրան: Պարզապես իրենք ունեն տարբեր քաղաքական դիրքորոշումներ: «Իմ ու Ս.Սարգսյանի միջեւ երբեք սեւ բծեր չեն լինի, երկուսս էլ եղել ենք մարտական ընկերներ, մարտի դաշտում ունեցել ենք 1 թշնամի: Իսկ այժմ մենք քաղաքական դաշտի մեջ տարբեր կողմերում ենք: Առաջին անգամ հայտարարություն եմ անում. ես Ս.Սարգսյանին վարչապետ ժամանակ իր աշխատասենյակում ասել եմ` եթե դու այդ մարդկանց հետ գնաս ընտրություններին, ես չեմ գա քեզ հետ նախագահական ընտրություններին: Այս 3 տարիների ընթացքում եթե Ս.Սարգսյանը ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը, ամեն ինչ կարգավորած լիներ, ես գոռոզ տղա չեմ, ներողություն կխնդրեմ իմ ընկերոջից: Ես ինչ ասել էի 3 տարի առաջ, այսօր կատարվեց, ե՞ս պիտի ներողություն խնդրեմ, թե՞ Հանրապետական կուսակցությունը` ինձնից: Ես հոգով արդար եմ»,- հայտարարեց Ս.Միքայելյանը:
Հիշեցնենք, որ Ս.Միքայելյանը դատապարտվել է ՔՕ 225-րդ եւ 335-րդ հոդվածներով` զանգվածային անկարգություն կազմակերպելու եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքներով: Եվ ազատ արձակվեց միայն նախօրեին Ս.Սարգսյանի առաջարկությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներում հայտարարելու որոշման արդյունքում: Այս առիթով Ս.Միքայելյանը հայտարարեց. «Ես իմ արդարության համար պայքարել եմ, նշանակություն չունի` համաներմա՞մբ եմ ազատվել, թե՞ ոչ: Ես անմեղ դատապարտյալ եմ եղել: Սա համաներում չէ, այլ համարյա ներում: Սա էլ մի դպրոց էր, որ անցա, այս պատերից այնկողմ շատ մարդիկ կան, որոնց ճակատագրերը խեղաթյուրվում են, ես դիմում եմ դատական ատյաններին` վերանայել նրանց գործերը: Ես սատանայի հետ էլ կգնամ, միայն թե իմ ազգի համար լավ լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ Ս.Միքայելյանը դատապարտյալների հիվանդանոցում էր առողջական վատ վիճակի պատճառով եւ այս տարիներին մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Արդյո՞ք նա բուժման նպատակով կմեկնի երկրից: «Հիվանդության համար ոչ մի տեղ չեմ գնա, ես փախնող չեմ որոշ մարդկանց պես: Թեկուզ սիրտս կանգնի հարթակի վրա, ես մնալու եմ իմ ժողովրդի հետ ու պայքարելու եմ»,- հայտարարեց նա: Վերջում Սասուն Միքայելյանը բոլորին շնորհակալություն հայտնեց եւ որդիների հետ գրկախառնված շարժվեց դեպի ավտոմեքենա: Ս.Միքայելյանի ազատվելուց 4 ժամ հետո էլ ազատ արձակվեց Ն.Փաշինյանը, ով դատապարտվել էր «զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով»: Վերջինս, ի տարբերություն Ս.Միքայելյանի, հայտարարեց, թե եթե Ս.Սարգսյանն այդքան մարդասեր է, թող ինքնակամ հրաժարական տա: Այդպիսով նա պատասխանեց վերջին օրերին հնչած այն բոլոր հայտարարություններին, թե համաներումը Ս.Սարգսյանի բարի կամքի կամ մարդասիրության դրսեւորումն է: Ն.Փաշինյանը նույնպես անդրադարձավ ՀԱԿ-ի եւ իշխանությունների հնարավոր երկխոսությանը: «Ես կարծում եմ, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը հնարավորություն կընձեռի, որպեսզի մենք անցնցում եղանակով Հայաստանում հաստատենք օրինական իշխանություն եւ անցնցում եղանակով ի վերջո Հայաստանը ազատենք ավազակապետությունից»: Ապա խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին` Ն.Փաշինյանն ասաց. «Այս ընթացքում խոսում են իշխանություն-ընդդիմություն ինչ-որ գործարքի մասին, ես կարծում եմ, որ եթե մենք գործարքի գնացող լինեինք` մեկ տարի չորս ամիս` ընդհատակում, եւ երկու տարի բանտում չէինք անցկացնի: Համոզված եղեք, որ այս ընթացքում իշխանությունը, եթե ոչ` ամեն օր, գոնե ամիսը մի քանի անգամ գործարք առաջարկել է անձամբ ինձ, եւ ես այդ գործարքը առաջարկողներին ցույց եմ տվել շատ հայտնի ճանապարհ: Ես ասել եմ, որ մեր պայքարն անկասելի է, մեր պայքարը սկզբունքային է: Չի կարող լինել ուրիշ որեւէ խոսակցություն, եւ որեւէ մեկը թող չկասկածի, որ մենք Հայաստանը ազատելու ենք ավազակապետությունից, եւ Հայաստանի Հանրապետությունում հաստատվելու է մշտական հարատեւ ժողովրդավարություն»: Ն. Փաշինյանը հայտարարեց, թե այդ պահին ունի բանտից դուրս եկածի եւ դեպի Ազատության հրապարակ շտապողի զգացողություն: Հարցին, թե ե՞րբ է Հայաստանը ազատվելու ավազակապետությունից` Ն.Փաշինյանը պատասխանեց. «Դեռեւս 2007 թվականից, երբ որ ես մտել եմ քաղաքականության մեջ եւ կոչեր եմ արել` ինձ այդ հարցը անընդհատ տվել են` ե՞րբ պիտի լինի հաղթանակը: Ինձ համար երբ-ը կարեւոր չի, այդ հաղթանակը կարող է լինել մի շաբաթից, այդ հաղթանակը կարող է լինել վեց ամսից: Ես կարող եմ ասել մեկ բան` որ մինչեւ հաղթական ավարտ ես պայքարելու եմ նույնքան սկզբունքային, որքան սկզբունքային սկսել եմ այդ պայքարը»:
Նա նաեւ հայտարարեց, թե ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում հնարավորինս արագ տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Փաշինյանը նաեւ ավելացրեց, թե անհամբերությամբ սպասում է մայիսի 31-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ժողովրդի հետ հանդիպմանը` ասելով, որ «ջերմ ու հզոր հանդիպում է լինելու»:
Ավելացնենք նաեւ, որ դեռեւս իր ազատությանն է սպասում եւս մեկ քաղբանտարկյալ` Արա Հովհաննիսյանը, իսկ Շմավոն Գալստյանի վրա համաներումը չտարածվեց: Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասել է, թե «Մենք հայտարարել ենք, որ մեր ընկերները մայիսի 31-ին մեզ հետ միասին պետք է լինեն Ազատության հրապարակում: Դրա կատարման տեխնիկական դետալները մեր պրոբլեմը չեն, վարչախմբի պրոբլեմն են: Վերջնական երբ որ մենք ունենանք արդյունքները, այդ ժամանակ վերջնական ու համապարփակ գնահատական կտանք»: Ա.Մուսինյանը նաեւ շեշտել է, թե «մոտենում ենք քաղաքական գործընթացների մի փուլի ավարտին, որը սկսվեց գարնանից եւ անցավ Կոնգրեսի թելադրած օրակարգով»:
Ավելացնենք, որ երեկ մինչեւ ուշ երեկոյան համաներման ակտի արդյունքում ազատվել են ավելի քան 200 դատապարտյալներ: