Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918թ. մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու եւ կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա` միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում եւ գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն եւ ժողովրդավարություն: Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է Առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի: Եթե մինչեւ մայիսի 28-ը մենք փորձում էինք ինքնակազմակերպվել կրոնական, մշակութային, կուսակցական, հասարակական եւ զանազան այլ կառույցներում, ապա մայիսի 28-ից հետո սկսեցինք կազմակերպվել պետականորեն, ինչն ազգի կազմակերպման բարձրագույն եւ ամենաարդյունավետ ձեւն է: Մենք շատ բան վերանայեցինք թե՛ մեր ներսում, եւ թե՛ մեր շուրջը: Մինչեւ 1918թ. մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է եւ բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչեւ այսօր, բայց սա նոր սկիզբ էր եւ քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի եւ հայության վրա: Ավելին` մեզանում էլ քիչ չէին հուսահատվածները: Բայց ազգային միասնությունը փայլուն դրսեւորումներ ունեցավ 1918թ. մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, եւ մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից: Կռվողներից ո՛չ զինվորները, ո՛չ աշխարհազորը, ո՛չ սպայական կազմը, եւ նույնիսկ ո՛չ հրամանատարությունը չգիտեին, որ ընդամենը մեկ-երկու օր հետո պաշտոնապես վերականգնվելու է հայոց պետականությունը, բայց կատարվել էր ամենակարեւորը. մենք կռվում էինք` որպես Հայաստան, եւ վատ չէինք կռվում: Սա արդեն իրականություն էր: Արդեն մենք էինք խաչ քաշում դարավոր ստրկության, թշվառ ու անկազմակերպ մեր անցյալի վրա: Երկրում ծայրահեղ եւ արտակարգ իրավիճակ էր, բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանությունները չմոռացան ամենակարեւորը` անկախությունն ու ժողովրդավարությունը չեն հակասում իրար: Ավելին` նրանք հզոր պատվար են միմյանց համար: Այո, մարդիկ` անհատները, զոհաբերում էին իրենց շահերը, իրավունքները, ունեցվածքը եւ նույնիսկ կյանքը հանուն հավաքական շահի, բայց արդյո՞ք կարելի է չհիշել այդ մարդու` անհատի շահերի, իրավունքների, նրա անձնական երջանկության մասին: Ներկայիս Հայաստանը նույնպես ապրել է ծայրահեղ իրավիճակներ եւ կանգնած է եղել այս հակասության առաջ: Այսօր մենք` որպես ազգ եւ պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձեւ` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն: Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ եւ համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը: Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ եւ պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն եւ իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց եւ ի՞նչ պետք է պաշտպանի: Կարծում եմ` այս հարցը բոլորը պետք է տան իրենց: Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին եւ ազատություններին: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը` սրանք մեկ համալիր են: Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ո՛չ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլեւ հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը ուսանելի է: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին եւ առանձին-առանձին արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի: Եթե մինչեւ 1918թ. մայիսի 28-ը մենք եւ աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, եւ դրա արձագանքները սերունդների հոգիներում են»: