«Պետք է փոխել վերաբերմունքը»

27/05/2011

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ:

Ս. Սարգսյանի խոսքով` համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ «դառնալ ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացակամ տնտեսավարող սուբյեկտների համար»:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային եւ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ Ս. Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը: «Դուք կարեւոր խնդիր էիք դրել մեր առջեւ` էապես բարելավել մաքսային եւ հարկային վարչարարությունը, կառույցը դարձնել բարձր ծառայություններ մատուցող կառույց, բիզնես միջավայրի համար ստեղծել հավասար եւ մրցակցային պայմաններ եւ հարկային եկամուտների մուտքերի ապահովումը կատարել առանց բիզնեսին վնասելու: Ես ուզում եմ ներկայացնել, թե այդ ճանապարհին մենք ինչ ենք արել. եւ՛ 2010թ., եւ՛ 2011թ. մեր միջոցառումներում, նաեւ նախկինում բոլոր այդ հիմնախնդիրները հաշվի ենք առել: Դրանք շատ բազմազան են, եւ բավականին աշխատանք ենք կատարել: Մենք հիմնականում կրճատել ենք փաստաթղթաշրջանառությունը` հարկ վճարողների համար: Հաշվետվական համակարգն ենք փոխել, այն դարձնելով ավելի պարզ` ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծել ենք` այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխել ենք գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան եւ բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքն ենք ներմուծել հանրապետություն»,- ասել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այնուհետեւ ելույթ է ունեցել Ս. Սարգսյանը` ասելով. «Ձեր առջեւ իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթեւացնել վարչարարության բեռը մեր գործարարների համար, բիզնեսի համար, այլեւ այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի եւ այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որեւէ կասկած չունեք: Այս երկու հիմնական գերխնդիրների իրականացման միջեւ ինչ-որ տեղ իսկապես հակասություն կարող է լինել, բայց դուք պետք է կարողանաք երկուսն էլ ապահովել միաժամանակ: Նորից եմ կրկնում, մի կողմից` թեթեւացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից` ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն` ավելի շատ հարկեր հավաքել: Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնալ ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացակամ տնտեսավարող սուբյեկտների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի: Դա անելու համար ես ինքս եմ պատրաստ անձամբ աջակցել ձեր ջանքերին, եւ, ինչպես գիտեք, մեր վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ հենց այդ նպատակն ունեին: Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ: Ի վերջո, մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, մենք պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ: Պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային եւ մաքսային աշխատողների նկատմամբ: Սա մեզ համար գերխնդիր է, եւ այս խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Միեւնույն ժամանակ` մենք պետք է փոխենք ՊԵԿ-ին ներկայացվող պահանջները: Սա էլ է միանշանակ»: Ըստ Ս. Սարգսյանի` պետք է առաջին հերթին փոխել հարկային եւ մաքսային մարմինների ընկալումը հասարակության եւ գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող եւ վերահսկողություն իրականացնող մարմնի: Իսկ դա անելու համար, Ս. Սարգսյանի խոսքով` ոչ միայն պետք է վերափոխել գերատեսչության գործունեության տրամաբանությունը, այլեւ տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: «Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ եւ արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միեւնույն ժամանակ, նաեւ հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային եւ մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում եւ, ամենակարեւորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների եւ արդարության ապահովման հարցերում: Սա երեւի թե ամենակարեւոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում»,- ասել է նախագահ Ս. Սարգսյանը:

Ի դեպ, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկմանը, թե հատկապես խոշոր տնտեսավարողների մի մասը պարտաճանաչ չէ հարկեր վճարելիս, ասել է, թե բոլոր ոլորտներում էլ ունեն ռեզերվներ հարկային մուտքերն ավելացնելու համար: Նա հրաժարվել է նշել, թե հատկապես որ խոշոր գործարարներն են ամենաանպարտաճանաչները` խոստանալով նրանց անունները հրապարակել հետագայում: Գ. Խաչատրյանը նաեւ նշել է, թե որքան բիզնեսի համար լավ պայմաններ են ստեղծում, այնքան դժվարանում է իրենց աշխատանքը: Որպես օրինակ` նա նշել է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը, որի պատճառով ՊԵԿ-ը զրկվում է այն օպերատիվ տեղեկատվությունից, որը թույլ է տալիս կարճաժամկետ կտրվածքով կանխատեսել հարկային մուտքերը։ «Միայն շահութահարկի գծով 16 մլրդ դրամի ռիսկ ենք տեսնում, բայց ճիշտ կլիներ, եթե ավելի շուտ անցնեինք այդ համակարգին»,- ասել է ՊԵԿ ղեկավարը: