Պրովոկացիաներ՝ Եհովայի վկաների կողմից

27/05/2011

Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կենտրոնում ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդներն ու երիտասարդական կազմակերպությունների անդամներն աղանդների գործունեության դեմ ստորագրահավաք էին կազմակերպել: Նրանք նաեւ նամակներով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ըստ երիտասարդների՝ իրենց վրդովմունքի պատճառ է դարձել Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Սբ. Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի եւ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամների` Անդրանիկ Մակվեցյանի ու Սամվել Գրիգորյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Ի դեպ, նշենք, որ կատարվածի առնչությամբ Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: «Եհովայի վկաներին բնորոշ է այդպիսի պահվածքը: Դա ավելի շատ միտումնավոր պահվածք է, որն ունի իր նպատակները, որոնք պետք է հասկանալ: Բացի այդ դեպքից, հինգշաբթի Ոստիկանության Շենգավիթի բաժանմունք ահազանգ է եղել, որ Շիրակի փողոցի թիվ 2 տան մոտ Եհովայի վկաները բարձրախոսով քարոզչություն են արել, որն օրենքով արգելված է: Եհովայի վկաներն ամեն ձեւով պրովոկացիաներ են անում, որ իրենց նկատմամբ գործողություն կատարվի, որ իրենց ճնշում են Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: