«Մենք աղետից դուրս չենք եկել. սովն էլ ա աղետ, բա ի՞նչ ա»,- ասում է ընտանիքին կորցրած ծերունին

27/05/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ակնոցի հաստ ապակիների ետեւում թաց աչքերը թաքցրած ծերունին խունացած լուսանկարները «թերթելով»` ծանր հոգոցով սրբում է աչքերը: Իմ ներկայությունից չի սթափվում, կարծես, էս աշխարհի գոյավորումը լուսանկարների մեջ է: 76-ամյա Նադիրբեկ Սարգսյանն ու ողջերն իրարից շատ հեռու են: Ապրում է հանգուցյալների հետ, որովհետեւ իր ընտանիքից այլեւս կենդանի մարդ չկա: Ասում է` «Էս նկարինը` Սերժիկս ա, էս մեկը` Սանասարս ա, էս բանակի նկարովը` ախպոր հետ, Վարդանս ա: Ժենիկի նկարներից շատ չունեմ, բայց Ժենիկիս պակասը շատ եմ զգում, իսկ սա… սա էլ Հովսեփիկս ա»:

Բոլոր երեխաների ու թոռնիկի լուսանկարներին ծանոթացնելուց հետո Նադիրբեկ պապը կարկամում ու երկար լռում է: Ամեն անգամ նրանց նայելիս լռում է, որովհետեւ նույնիսկ էսքան տարիներ հետո ցավը չի մեղմացել: Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Որբյան 30 վագոն-տնակի բնակիչ միայնակ ծերունին ամեն րոպե Աստծու հետ կռիվ է տալիս:

 

Ուզում է հասկանալ, թե ինչու էնպես ստացվեց, որ երեխաների դիակները հերթով ճանապարհելիս` իրեն թվաց, որ ինքն էլ գնալու է երեխաների մոտ, բայց մինչեւ այսօր իր ու ընտանիքի միջեւ եղած հեռավորությունն իրեն մաշում է, ինքը դեռ ապրում է: «Երկրաշարժը… Երկրաշարժը մինչեւ էսօր մեր մեջ ա, աղջիկ ջան: Ամեն րոպե աչքիս առաջով անցնում են էն օրերը:

Մեծս` Սերժիկս, էդ օրը 2 տարեկան Հովսեփիս տարել էր բժշկի: Ժաժքի ժամանակ… Հիվանդանոցը գետնի տակ էր մնացել, երեխեքս էլ… Չորս օր անց ենք իրանց հանել գետնի տակից: Սանասարիս չէինք կարում գտնել: Կհավատա՞ս, ինչքան փլատակ կար, տակերը ման եմ եկել, ինչքան դիակ կար` նայել եմ, որ… 3 ամիս հետո ենք գտել: Գետնի տակից: Անգամ չէինք կարում ճանաչել: Պատկերացրու, որ տակաշորերից եմ ճանաչել: Դա մի սարսափելի բան էր, սոսկալի… Ես եմ տրակտոր բերել, հող փորել, երեխեքիս դիակները գտել: Մեկին` 4 օր հետո, իսկ մյուսին` երեք ամիս անց եմ գտել: Հովսեփս էլ 2 տարեկան էր: Ոնց եմ մինչեւ հիմա ապրում… Ժենիկս էլ մահացավ»,- ասում է Նադիրբեկ պապը: Կինը երկրաշարժի ժամանակ բարձրահարկ շենքում է եղել: Ցնցման պահին համատարած խուճապից նա երրորդ հարկից պարանով փորձել է ցած իջնել: Խուճապահար վիճակում պարանով հասել է երկրորդ հարկ, սակայն կարծել է` արդեն առաջին հարկում է: Պարանը բաց է թողել ու ընկել է ցած: Ոտքերը ջարդուփշուր են եղել, մեկ ամիս անց մահացել է: Երկու տղաներին, թոռնիկին ու կնոջը կորցնելուց հետո ծերունին մնացել է փոքր որդու` Վարդանի հետ: Գետնի տակ անցած տան կիսափուլ պատերի մի մասը մինչեւ այսօր առկա են պապի վագոն-տնակի բակում: Ասում է, որ տունը փլվելուց հետո նույն տան վրա Վարդանի հետ վագոն-տնակ են տեղադրել, որտեղ մինչեւ այսօր ապրում է: Նադիրբեկ պապի ունեցվածքը գտնվում է այն հողի տակ, որտեղ նա այսօր ապրում է. «Է՜հ, կոպեկ-կոպեկ խնայելով տուն ու տեղ դրեցինք: Մինչեւ երեխեքին մեծացրինք` մենք էլ հետները մեծացանք, բայց դրեցի հողի տակ ու էսօր էսպես…»: Նախկինում Վարդանը խնամում էր հորը ու նրա ներկայությունը ծերունուն պարտավորեցնում էր, ինչ էլ լինի` ապրել: Հիմա Վարդանն էլ չկա… Ասում է` «Շատ խելոք տղա էր: Մեր առաջվա քաղաքապետ Սուրեն Ավետիսյանն իրան կանչեց, որ իր մոտ աշխատի: Նրա վարորդն էր: Երեք տարի առաջ վթարի ենթարկվեց ու մահացավ: Ախր չգիտեմ էլ` ո՞նց պատմեմ իմ ցավը: Էդ մի երեխաս էր… բոլորին հողի տակ դրեցի ու սենց` մեռածներիս կարոտ մնալով, ապրում եմ: Չգիտեմ` ինչի՞ եմ ապրում»: Դժվար է ասել` պապն ապրո՞ւմ է, թե՞ սպասում է այն պահին, երբ ինքն էլ… Վագոն-տնակի տան պատերին փակցրած հանգուցյալների լուսանկարները ճնշող են: Ամենուր լուսանկարներ են, որոնց հայացքներն ամեն վայրկյան քեզ են նայում: Ծերունին ամեն օր խոսում է նրանց հետ, կարծես ապրում է ճիշտ նույն այն ընտանիքում, որը ստեղծել էր երջանիկ ապրելու համար: «Երբ բոլորին կորցնում ես ու մնում ես մենակ` դա աններելի մի բան ա: Ինձ մեկ-մեկ թվում ա, որ ոչ թե իրանք են ինձ հետ, այլ` ես իրանց: Խոսում եմ, կիսվում եմ, լաց եմ լինում, ինձ թվում ա` իրանք իմ հետ ապրում են: Էսօր բոլորն ասում են` աղետի գոտի, բայց ամեն մարդու ապրումն ու կորուստը հասկանալը դժվար ա: Մենք կիսամեռ մարդիկ ենք: Մենակ պատերով ու շենքեր կառուցելով չի, մարդիկ կիսատ-պռատ են, խոցված, մաշված ու ապրում են` երանի տալով մահին»,- ասում է Նադիրբեկ պապը: Ընտանիքին կորցրած 70-անց պապն այսօր ապրում է 22.000 դրամ թոշակով ու 13.000 դրամ նպաստով: Ասում է` հաց ու մակարոնով գոյությունը պաշտպանում է ու երկրաշարժից այս կողմ չգիտի` միսն ինչ բան է: Էլեկտրականություն շատ ժամանակ չի օգտագործում, որ լույսի գումար քիչ վճարի. «Ձմռանն էլ ցրտին փորձում եմ դիմանալ: Ոտքերս ահավոր ցավում են: Բժշկի չեմ գնում, թոշակով ի՞նչ բժշկի գնալ: Հիմա մոտս հիշողության կորուստ ա սկսում: Մի բան ասում եմ, հաջորդ պահին մոռանում եմ: Էսքան տարի անց էլ մենք աղետից դուրս չեկանք, սովն էլ ա աղետ, բա ի՞նչ ա»: Նադիրբեկ պապն ասում է` տնամերձ հողամաս ունի, ուզում է մշակել, բերք ստանալ, բայց սերմացու գնելու հնարավորություն չունի: «Գիտե՞ս, հողի հետ աշխատելուց մարդ համ լավ ա զգում, համ ցրվում ես, համ էլ գոնե բերք կստանայի: Մի երկու ծառ ունեմ, խնամում եմ, բայց, օրինակ` կարտոշկա չեմ կարա ցանեմ, որովհետեւ սերմացուի համար փող չկա: Թանկ ա, չեմ կարա առնեմ: Եթե մի հովանավոր գտնես, ինձ օգնեն, սերմացու տան` էնքան շնորհակալ կլինեմ»,- խեղճացած, ամաչելով ասում է նա: Երկրաշարժից փլված, բայց մինչեւ այսօր մնացած տան կիսափուլ պատի արանքում Նադիրբեկ պապը ծառ է տնկել, որը գեղեցիկ ծաղկել, բայց քարուքանդ եղած պատերի մեջ` շատ խորհրդավոր տեսարան է ստացել:

Սպիտակի բնակիչ Նադիրբեկ Սարգսյանն այսօր գոյատեւում է սարսափելի ծանր կենսապայմաններում: Ապրում է հանգուցյալ երեք որդիների, թոռնիկի ու կնոջ` սեւ շրջանակների մեջ տեղադրված լուսանկարների հետ: Երբեմն դուրս է գալիս բակ, որ վագոն-տնակի խոնավությունից մի քիչ արեւի երես տեսնի: «Հայաթում նստում եմ, լաց լինելով հետ եմ գալիս տուն: Ամեն անգամ, երբ ավտո ա անցնում` ինձ թվում ա` հես ա տղաս միջից դուրս ա գալու: Էն ժամանակ ավտո ունեինք: Տղես միջից դուրս էր գալիս, ու ես ինձ աշխարհի ամենաուժեղ ու ամենահարուստ մարդն էի զգում: Հիմա ամեն ավտոյի հետ իրան սպասում եմ: Հույս ունեմ, որ մի օր ինքը դուրս կգա եկող ավտոյից, կգրկեմ ու երկար լաց կլինեմ»: