Երեկ Ազգային ժողովը սկսել է համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկության ու ԱԺ համապատասխան որոշման նախագծի քննարկումը, որը կշարունակվի այսօր: Հրապարակված նախագծից պարզ է դարձել, որ համաներման արդյունքում ազատ կարձակվի 396 դատապարտյալ, կկրճատվեն 379 դատապարտյալների պատժաչափերը: Ամենակարեւորը` համաներումը կտարածվի քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արա Հովհաննիսյանի նկատմամբ: Քաղբանտարկյալներից համաներումը չի ազդի միայն Շմավոն Գալստյանի վրա: Մի խոսքով, սա իսկապես մեծ ընդգրկում ունեցող համաներում է, ինչի մասին երեկ հայտարարել են բոլորը Ազգային ժողովում: Սակայն ԱԺ-ի երեկվա քննարկումները ծիծաղելի էին` դրա ընթացքում հնչած ելույթների իմաստով: Բոլոր իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով, վերամբարձ բառերով ներկայացնում էին այս ակտը` այն որակելով որպես իշխանությունների ու նախագահ Սերժ Սարգսյանի մարդասիրության դրսեւորում: Եվ որեւէ մեկը, բնականաբար, իրեն նեղություն չէր տալիս հարցնելու` իսկ ի՞նչն էր խանգարում, որ այդ մարդասիրությունը ծնվեր 3 տարի առաջ, ինչո՞ւ հանկարծ այն դրսեւորվեց միայն այսօր: Եվ եթե համաներումն իրականացնելու է «լարված մթնոլորտի լիցքաթափման», «հասարակական համերաշխության ձեւավորման» եւ այլ կարեւոր գործառույթներ, ո՞վ է պատասխանատվություն կրելու, որ դա տեղի չի ունեցել ավելի շուտ: Այսինքն` իրականում համաներումը իշխանությունների համար ընդամենը ներքաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված քայլ էր եւ, բնականաբար, չի լուծելու այն խնդիրները, որոնց մասին հայտարարվում է: Մյուս կողմից, համաներումն այս ձեւով եւ այս պայմաններում, ըստ էության, փակուղու առաջ է կանգնեցրել Հայ ազգային կոնգրեսին: Վերջինս շարունակում է հայտարարել քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո իշխանության հետ երկխոսություն սկսելու մասին` միայն արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: Իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով հայտարարում են, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: ՀԱԿ-ը շարունակում է պնդել նույնը (այլ տարբերակ չունենալով)` միաժամանակ նույնիսկ մոտավոր կերպով չներկայացնելով, թե ինչ է պատրաստվում անել երկխոսության տապալման դեպքում: Մի խոսքով, համաներումից հետո «անհանդուրժողականության պատը» փոխարինվելու է շախմատային պատով: