Երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե Լեհաստանում էլ կոմունիստներին իշխանությունից զրկելուց հետո ներկայիս Եվրախորհրդարանի նախագահն իր թիմակիցներով կանգնած էին ընտրության առաջ` անե՞լ իսկական ռեֆորմներ, թե՞ ոչ: «Նրանք եկել են եզրակացության, որ իսկական ռեֆորմը դա այն բարեփոխումն է, որի արդյունքում դու կորցնում ես իշխանությունը: Եթե փորձում ես անել բարեփոխում այնպես, որ դու միեւնույն ժամանակ բոլոր պարագաներում մնաս իշխանության, այդ բարեփոխումը բարեփոխում չի»,- ասել է Վ. Հովհաննիսյանը` հավելելով, թե Լեհաստանում այդ ռեֆորմն արվեց, Լեհաստանն էլ նորմալ ժողովրդավար երկիր դարձավ, բայց այդ բարեփոխումներն արած ուժերը կորցրեցին իշխանությունն ու «գնացին տուն»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով կոալիցիոն նախկին գործընկերոջը` Վ. Հովհաննիսյանին, ասել է. «Ձեզ ռեֆորմը պետք չի, պարոն Հովհաննիսյան, ձեզ պետք է, որ մենք իշխանությունը կորցնենք»: Ի պատասխան` Վ. Հովհաննիսյանն ասել է. «Անկեղծ ասած` այո՛, ինձ պետք է, որ դուք իշխանությունը կորցնեք: Իսկ ես դա երբեք չեմ էլ թաքցրել: Իսկ դուք այդ ինչո՞վ եք այդ արժանիքները վաստակել, որ անընդհատ իշխանության մնաք: Ժողովրդի վիճա՞կն է ձեզ տալիս այդ հնարավորությունը»: