ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ եթե իշխանություններն իրենց ներկայացված կոշտ պայմանների պարագայում պատրաստ են երկխոսել ՀԱԿ-ի հետ, ապա ՀԱԿ-ը եւս պատրաստ է երկխոսել: Մանուկյանի խոսքով` երկխոսության թեման լինելու է իշխանությունն անցնցում, հանգիստ եւ առանց կորուստների հանձնելու գործընթացը: «Մենք երկխոսության պատրաստ ենք այս թեմայով: Գոնե մեր կողմից հստակ է` ինչ ենք ուզում եւ ինչպես ենք ուզում: Իսկ իշխանության հանձնման ժամկետներն ու ձեւը կքննարկվեն ավելի ուշ»,- ասել է Ա. Մանուկյանը: Հարցին, թե` իշխանությունը երկխոսության պետք է գնա իր իսկ հրաժարականի օրակարգո՞վ, Ա. Մանուկյանը պատասխանել է. «Իհարկե կգնա, ընդ որում, իշխանությունը փափուկ հանձնելը նախեւառաջ օգտակար է Հայաստանի, հետո միայն` ընդդիմության եւ իշխանության համար: Խոհեմությունը շատ լավ բան է, որն ապահովում է նաեւ իշխանությունների ապագան, մի կարծեք, որ իշխանությունը հանձնելով` նրանք միայն կորուստներ են ունենալու»: Նաեւ հավելել է, թե պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ. նախ` նախագահական, ապա` խորհրդարանական: «Ի՞նչ մի դժվար բան է: Կամք գտնելն է դժվար: Ուղղակի սպիտակ թղթի վրա գրվում է պարզ երկու բառ` «հրաժարական» եւ «ստորագրություն»,- ասել է Ա. Մանուկյանը: Պատասխանելով շրջանառվող լուրերին, թե ՀԱԿ-ը խորհրդարանում տեղեր զբաղեցնելու հարցով գործարքների մեջ է իշխանության հետ, Մանուկյանն ասել է. «Պատգամավորական 40-50 կոճակների համար ՀԱԿ-ն իշխանությունների հետ բազարի չի գնա, որովհետեւ ազատ եւ արդար ընտրությունների պարագայում նվազագույնը, ինչ կարող է, խորհրդարանում մեծամասնությունը զբաղեցնելն է»: Իսկ հարցին, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո ո՞րն է լինելու իշխանությունների հետ երկխոսելու ՀԱԿ-ի հերթական քայլը, Ա. Մանուկյանը պատասխանել է. «Եթե անգամ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, գործընթացը շարունակվելու է: Մենք հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի պատասխանատվության կանչվեն գործընթացի բոլոր մեղավորները»: Ի դեպ, երեկ Ա. Մանուկյանը հայտարարել է, թե Եվրոպական լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխումների կուսակցության (ԵԼԴԲԿ) խորհրդի նիստում ընդունված հինգ հրատապ բանաձեւերից մեկը վերաբերում է Հայաստանին, որն էլ ուղարկվել է Եվրախորհրդարան: Նրա խոսքով` ԵՄ-Հայաստան բանակցություններում այս փաստաթուղթը պետք է ունենա հիմնարար դեր: «Եվրոպայի լիբերալները Հայաստանի իշխանություններից պահանջում են անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին»,- փոխանցել է Մանուկյանը: