Հայաստանն ու Ադրբեջանը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում միասնական մոտեցում ունեն այդ կառույցի գլխավոր քարտուղարի հաստատման ձեւաչափի հարցում: Այս մասին երեկ հայտարարել է Վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մասնավորապես` Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այն տարբերակի շուրջ, ըստ որի` Վեհաժողովի գլխավոր քարտուղարը պետք է ոչ թե ընտրվի ձայների մեծամասնության սկզբունքով, այլ նշանակվի ռոտացիոն կարգով: Գ. Մինասյանի խոսքով` հունիսի 30-ին Կիեւում կայանալու է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվելու է նաեւ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Ներկայում Վեհաժողովը ղեկավարում է Ուկրաինայի ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինինը: Խնդիրն այն է, որ անդամ երկրներն ունեն անհավասար ձայներ` դրանք բաշխված են ըստ անդամ երկրների բնակչության թվաքանակի: Ըստ այդմ` ամենախոշոր պատվիրակություններ ունեն Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան, իսկ ամենափոքր` Հայաստանը, Մոլդովան եւ Ալբանիան: Ըստ Գ. Մինասյանի` անցյալ շաբաթ Վեհաժողովի բյուրոյի նիստի ընթացքում Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան փորձել են համաձայնության գալ` միասնական թեկնածու առաջադրելու հարցում, սակայն մյուս պետությունների ներկայացուցիչները դիմադրել են: Ըստ Գ. Մինասյանի` Վեհաժողովում փոքր պատվիրակություն ունեցող երկրների ներկայացուցիչները նախազգուշացրել են խոշոր պետությունների ներկայացուցիչներին, որ նրանց թեկնածուներին չեն աջակցի, եթե գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն սկզբունքը չընդունվի: