Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս: Վերոնշյալի հիման վրա, երեկ` մայիսի 25-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվել է վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ` հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը: Ի դեպ, «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաեւ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ» ապրանքային շուկաներում: