Ադրբեջանը պետք է համաձայնվի միջազգային հանրության առաջարկի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Երեկ այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, հենց դրա շուրջ են ընթանում բանակցությունները, եւ Ադրբեջանի ղեկավարությունը իր հանրային կարծիքը պետք է պատրաստի հենց այս մտքին: Ինչ վերաբերում է նրան, որ շփման գծից դիպուկահարների հետ քաշելու Հայաստանի առաջարկը Ադրբեջանի կողմից դիտվում է որպես ծիծաղելի, Նալբանդյանն արձագանքել է. «Թե ինչի վերաբերյալ են ծիծաղում կամ լաց լինում Ադրբեջանում, չեմ կարծում, որ նույնպես կարող են ծիծաղելի լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, կամ եռանախագահող երկրների նախագահների, կամ ԵՄ ղեկավարության համար, հենց իրենց կողմից հնչեցված առաջարկները, հայտարարությունները, արտահայտված մոտեցումները ռազմատենչ հռետորաբանության եւ կեցվածքի, հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, որ հենց իրենց կողմից այդ առաջարկները ոչ միայն արհամարհվում են Ադրբեջանում, այլեւ ծաղրանքի են ենթարկվում»: