Այց օդանավակայան

26/05/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել է օդանավակայանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին, մասնակցել է բեռնային համալիրի հարեւանությամբ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սառնարանային համալիրի բացման արարողությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` սառնարանային համալիրը կառուցվել է Հայաստանի ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու` մասնավորապես, բերքի իրացումը արդյունավետ եւ անկորուստ կազմակերպելու, մինչեւ գնային հարմար առաջարկի ձեւավորումը բերքը սառնարաններում պահելու նպատակով: Ֆերմերները հնարավորություն կունենան նաեւ պահպանվող գյուղմթերքն օգտագործել բանկային վարկեր (երաշխիքներ) ստանալու համար: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից սառնարանային համալիրի կառուցման համար կատարվել է շուրջ 6 միլիոն դոլարի ներդրում: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը ստանձնած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության զարգացման ծրագրերը: Ս. Սարգսյանին ներկայացվել է, որ օդանավակայանի նոր մասնաշենքը նախագծվել է միջազգային ուղեւորահոսքի պահանջներին եւ չափանիշներին համապատասխան, ունի տարեկան 3.5 միլիոն ուղեւոր սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, բարձրակարգ ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներ, հասարակական առեւտրային եւ սննդի գոտիներ, ժամանման եւ մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ: Նշվել է, որ շինարարությունը 78 տոկոսով ավարտված է եւ գտնվում է վերջնական փուլում, կատարվել է 160 միլիոն դոլարի ներդրում: Նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը: