Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

26/05/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հելլադայի դեմոկրատական դիվանագիտության զիգզագները

Անտիկ աշխարհի դիվանագիտական արվեստի առաջնեկ Աթենքի արտաքին քաղաքականությունն` իր եսակենտրոն նրբերանգներով հանդերձ մնում էր ամենախորաթափանցն ու ամենառացիոնալը, համահունական շահերի ամենահետեւողական պաշտպանը:

Աթենացիներն առաջինը հասկացան պետության ներքին եւ արտաքին քաղաքականության միասնականության ու անքակտելիության անհրաժեշտությունը` այն դնելով միջազգային հարաբերությունների հիմքում եւ ընդունելով որպես դիվանագիտության օրենքների օրենք: Հույն-պարսկական պատերազմին հաջորդող շրջանում այդ քաղաքականությունն իր ամբողջության մեջ ծրագրավորում եւ իրագործում էին դեմոկրատները Պերիկլեսի գլխավորությամբ, որոնք ողջ իշխանությունը վերցրել էին իրենց ձեռքը, վայելում էին ժողովրդի աջակցությունն ու լրիվ վստահությունը` նրա անբասիր հեղինակության, առասպելական անկաշառության եւ ջերմ հայրենասիրության շնորհիվ:

Երկու խոսք նրա մասին: Դեմոկրատիայի նախահայր, պետական ականավոր գործիչ, առաջին մեծության քաղաքական-դիվանագիտական աստղ, աթենքյան «պերեստրոյկայի» լիդեր: Պերիկլեսին անսահման սիրելու, անվերապահորեն հավատալու եւ վստահելու համար ժողովուրդը նրան 15 տարի անընդմեջ ընտրում էր գլխավոր ռազմական եւ քաղաքական առաջնորդ: Շնորհիվ Պերիկլեսի` ստեղծվեց Աթենքյան ծովային միությունը, որի անվիճելի լիդերն էր նա: Զուգահեռաբար հզորացավ Աթենքի ռազմածովային նավատորմը: Նա մեծ ռեֆորմատոր էր: Դատաիրավական համակարգը երկրում նրա օրոք հիմնովին բարեփոխվեց, դառնալով միանգամայն թափանցիկ աղքատ խավերի համար: Հարստացավ պետական գանձարանը: Պերիկլեսի գործունեության դոմինանտը երկրի ներսում դեմոկրատական ազատություններին հասարակ մարդկանց լիիրավ հաղորդակցություն ու մասնակցություն ապահովելն էր: Պերիկլեսն առաջինն էր, որ դեմ դուրս եկավ ստրկատիրական հասարակությունում մարդու իրավունքների ոտնահարման եւ անլուր կեղեքման օրենքներին եւ առաջ քաշեց այդ իրավունքները հարգելու գաղափարը: Սա գեղեցիկ ուտոպիա էր, իհարկե, բայց արժանի հիացմունքի:

Նրա գործելու եւ արարելու եռանդն անափ էր. նա նախաձեռնողն ու իրականացնողը եղավ բազմակիլոմետրանոց «Երկար պատի» շինարարության` Աթենքից մինչեւ նավահանգիստ Պիրեյ, որի պաշտպանական նշանակությունն այն ժամանակվա ռազմատեխնիկական առումով դժվար էր գերանահատել: Պերիկլեսի կյանքի նպատակը Աթենքը կայսրություն տեսնելն էր:

Նա ընդարձակեց կայսրության սահմանները, հիմնեց բազմաթիվ պոլիսներ` Իտալիայից մինչեւ Ղրիմ: Սերտաճեցին կապերը գաղութների եւ մետրոպոլիայի միջեւ: Հաջողությամբ պսակվեցին նրա արշավանքները Էգեյան կղզիների, այդ թվում` մեծահարուստ առեւտրի կենտրոն Էգինայի, ինչպես նաեւ` Եգիպտոսի վրա: Հունաստանը կոտրեց պարսիկների մեջքը ծովային տարածքներում` հաստատելով այնտեղ իր գերիշխանությունը: Աթենքը վերածվեց քաղաքական, տնտեսական եւ ռազմական հզոր միջազգային կենտրոնի:

Պերիկլեսը հելլենական քաղաքակրթության ռահվիրա էր: Նա Աթենքը դարձրեց համաշխարհային կուլտուրայի օջախ` այդ կուլտուրան սփռելով Արեւմուտք եւ Արեւելք: Նրա անմիջական հսկողության ներքո հանճարեղ ճարտարապետներ եւ քանդակագործներ Ֆիդիասը, Իկիտինոսը, Կալիկրատոսը եւ Մնեսկիլեսը Ակրոպոլիսը շքեղացրին նոր շինություններով: Այստեղ կառուցվեց անտիկ ճարտարապետության գլուխգործոց Պալլադա (Աթենաս) կույսի տաճարը` Պարթենոնը, նրա չքնաղ արձանով հանդերձ: Ինչպե՞ս չհիշել Ակրոպոլիս տանող մարմարակերտ մուտքը` Պրոպուլեն, քանդակազարդ սյուներով կառուցված:

Համաշխարհային ճարտարապետության փայլուն նվաճում կարելի է համարել Զեւսի վիթխարի տաճարը` 70 մետր երկարությամբ, 29 մետր լայնությամբ, 21 մետր բարձրությամբ: Ֆիդիասը տաճարում կանգնեցրեց ոսկուց եւ փղոսկրից Զեւսի անձեռակերտ արձանը: Պերիկլեսի մտքի եւ եռանդի արգասիքը հանդիսացան Լիսիկրատեսի օրիգինալ արձանը` Ակրոպոլիսի արեւելյան թեւում, Հեփեստոսի տաճարը, երաժշտական եւ այլ մրցումների սրահ Օդեոնը: Իսկ պետական-վարչական շենքը, հոյակերտ Պրուտանեոնը պահում էր պետության սրբազան կրակը: Այդ շենքը ընդունելության պալատի նման մի բան էր, որտեղ կազմակերպվում էին ձրի ճաշկերույթներ հայտնի գործիչների, արվեստագետների եւ օտարերկրյա դեսպանների համար:

Աթենքը դարձավ աշխարհի ամենագեղեցիկ, ամենափնտրված եւ սիրված քաղաքը: (Երեւանը եւ Աթենքը գրեթե հասակակիցներ են: Այստեղ նմանությունը վերջանում է: Նրանց ճակատագրերը տարբեր ձեւով են դասավորվել: Անցյալն` անցյալ է: Եվ քանի որ երազելն արգելված չէ, ոչ էլ վնասաբեր, մտածում ես. եթե հրաշք կատարվեր, եւ Պերիկլեսն իր թիմով հայտնվեր մեզ մոտ ու վերակառուցեր Երեւանը, ի՞նչ տեսք կունենար մեր քաղաքամայրը…):

Պերիկլեսյան դեմոկրատիայի պայմաններում աննախընթաց վերելք ապրեցին գիտությունը, փիլիսոփայությունը, արվեստները: Աթենքը ծնեց նշանավոր փիլիսոփա Անաքսագորասին, մեծ Հիպպորատեսին, որը պատմահոր խոսքերով` «ոչինչ չժառանգելով նախորդ դարերից` ուղի հարթեց բանականության համար դեպի ճշմարիտ բժշկությունը»: Վերջապես` մեծն Սոկրատեսը: Պերիկլեսի օրոք բարձրացավ սոփեստների դպրոցը` մարդկությանը պարգեւելով փիլիսոփաների փայլուն համաստեղություն:

Դեմոկրատիայի գաղափարը Պերիկլեսի համար կենսահայեցողություն է, հոգեպահանջմունք: Լսենք նրա խոսքը Պելոպոնեսյան պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված միջոցառմանը (430 թ.): Ակնածանքով լուռ կանգնած ժողովրդի առաջ նա ասում է. «Աթենքյան պետական կառուցվածքն այս կամ այն դասակարգի արտոնությունների պահպանման համար չէ: Այն ուղղված է դատարանում եւ պետության կառավարման համակարգում բոլոր քաղաքացիների իրավունքների հավասար ապահովմանը: Այստեղ մարդկանց մասին դատում են նրանց անձնական հատկություններով եւ գործերով, այլ ոչ թե նրանց դիրքից ելնելով: Բոլորն օգտվում են խոսքի, մտքի եւ կրթության ազատությունից: Դեմոկրատիան հենվում է շարքային քաղաքացու վստահության եւ բանականության վրա: Քննարկումը նախորդում է գործողություններին, իսկ գործողությունները բխում են ժողովրդի կամքից: Դեմոկրատիան ոչ մի արգելք չի դնում արտաքին հարաբերությունների ճանապարհին: (Ընդգծումը.- Ա.Ն.): Դեմոկրատիան բաց է ողջ աշխարհի գաղափարների առաջ: Աթենքյան քաղաքացիների ոգում մտորումներն ու արարքները, իմաստությունն ու քաջությունը, անձնական շահն ու հասարակական պարտքը ներդաշնակված են, եւ այդ բազմազանությունն է, որ ստեղծում է աթենքյան քաղաքակրթության վառ համայնապատկերը: Երբ նրանք տեսնում են իրենց պոլիսը, նրանց սրտերը լցվում են խանդաղատանքով: Կյանքում չկա ավելի մեծ պատիվ, քան Աթենքին ծառայելը, իսկ մահը չունի ավելի լավ արդարացում, քան Աթենքի համար մեռնելը»:

Այսպես է խոսել մեծ քաղաքացին: Եվ, կարծես, մեկնաբանությունները տեղ չունեն նրա ասածների մեջ: (Մի՞թե մեր հարազատ պետության ղեկավարությունը կհրաժարվեր այսպիսի քաղաքական պոստուլատից: Չեմ կարծում):

Պերիկլեսը հայտարարում է, թե Աթենքը դեմոկրատական երկիր է, որտեղ լիիրավ իշխանությունը հենց ինքը` «demos»-ն է` ժողովուրդը: Դա այդպես է: Սակայն Պերիկլեսն առաջ է քաշում գաղափարներ, որոնք, մեղմ ասած, վիճահարույց են դարձնում նրա փիլիսոփայության որոշ սկզբունքները: Օրինակ, նա ամենեւին էլ եսասիրություն չի համարում, որ Աթենքյան միության գանձարանը դրվի նրա տրամադրության տակ, եւ կամ էլ ամենեւին պարտադիր չէ, որ Աթենքն անդամ-պետություններին հաշվետու լինի, թե ուր են գնում նրանց անդամավճարները, որոնք մեծ գումարներ են կազմում: Ոչ, Պերիկլեսը կոռուպցիայի կողքով անգամ չէր անցել եւ այդ հարցում բյուրեղյա անձնավորություն էր: Երկիր մտնող կապիտալի ողջ հոսքը նա ուղղում էր երկու նպատակի. դեմոկրատիայի ֆինանսավորում, որն էքսպորտային «ապրանք» էր Հելլադայում, երկրորդը` առանց այն էլ ուժեղ ռազմական մեքենայի հզորացում` որպես կայսրության բազիսի: Այնպես որ, զուտ դեմոկրատիայի սկզբունքների առումով` նրա նշված թեզը կաղում է: Իսկ եթե խնդրին մոտենալու լինենք պետականության ամրապնդման եւ հելլենիստական աշխարհակալության չափանիշով` Պերիկլեսը ճիշտ է: Դե ինչ, մեծ նավին` մեծ նավարկություն: Պատմությանը հայտնի են քաղաքական խոշոր գործիչներ, որոնց սեւեռուն միտքը` id՛ee fixe (ֆր.) եղել է ուրիշ երկրների հաշվին իրենց երկրների տարածքների ընդարձակումը, ուրիշ ժողովուրդներին իրենց բռնակցելը, իրենց քաղաքական կամքին եւ կարգերին հնազանդեցնելը: Հուլիոս Կեսար, Նապոլեոն, Հիտլեր, խորհրդային բոլոր ղեկավարները` սկսած Լենինից: Նրանք բոլորն էլ եղել են մեծ հայրենասերներ, խարիզմատիկ լիդերներ եւ բոլորն էլ հանդես են եկել դեմոկրատիայի անունից:

Ուրեմն դիվանագիտությունը դեմոկրատական լինելով հանդերձ` կարո՞ղ է ունենալ մեծապետական զավթողական ուղղվածությունը: Սա` կարելի է որակել որպես Պերիկլեսի դեմոկրատիայի արատավոր կողմերից մեկը: Իսկ մյուս բացասական նշանը, որը կրում էր այդ դեմոկրատիան, այն էր, որ Աթենքի խորին համոզմամբ, իրենից ոչ պակաս հզոր եւ անկոտրում Սպարտան պետք է ոչնչանար, քանի որ նա խանգարում էր իր պլանների իրագործմանը: Այսպիսի դիվանագիտական վեկտոր էր որդեգրել աթենքյան դեմոկրատիան պարսկական պատերազմից հետո, երբ Աթենք-Սպարտա երբեմնի ամուր ռազմաքաղաքական ալյանսն առանց այդ էլ ճաքեր էր տալիս եւ արագորեն էրոզիայի ենթարկվում: Իսկ երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, եւ երբ Պերիկլեսն այլեւս չկար, դեմոկրատական դիվանագիտությունը հանդես բերեց շատ ավելի բացասական հատկություններ:

Շարունակելի