Դանակահարել է կնոջն ու զոքանչին

26/05/2011

Երեւանում մայիսի 24-ին երիտասարդ փեսան դանակահարել է կնոջն ու զոքանչին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Ոստիկանության Էրեբունու բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով մայիսի 24-ին, ժամը 20:00-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխվել մայր ու աղջիկ: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ 26-ամյա Արարատ Զիլֆիմյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել սեփական զոքանչին` 40-ամյա Մարո Մանուկյանին, եւ կնոջը` 25-ամյա Գոհար Բաղումյանին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում, Ոստիկանության Էրեբունի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները փեսային հայտնաբերել են Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում եւ բերման ենթարկել Ոստիկանություն: Նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակը, որն առգրավվել ու ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն: Վիրավոր զոքանչին ու նրա աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր: