ՀԱԿ-ը ներում հայցեց

23/05/2011

«Ընդդիմության լիդերներն ընդունեցին, որ Մարտի 1-ի գործով ազատազրկվածները հանցագործներ են, եւ համաներմանը համաձայն էին, որը, կարելի է ասել, նվեր էր իշխանությունների կողմից: Փաստորեն, ընդդիմությունն ինքը ներում հայցեց»,- շաբաթ օրը հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Էդուարդ Անտինյանը: Նրա խոսքով` համաներում հայտարարելով` իշխանություններն այս գործընթացից հաղթանակած դուրս եկան «Տեր-Պետրոսյանի շնորհքով, թե ապաշնորհությամբ». «Առաջին նախագահի նպատակն էր` հասնել այն բանին, որ իր մոտիկները պաշտոններ ունենան, բանտից մարդկանց դուրս բերի, եւ զոհվածների հարազատներին տրված խոստումները իրականացվեն»: ՀՌԱԿ ատենապետի կարծիքով` ընտրություններին մասնակցելու դեպքում ՀԱԿ-ը խնդիր է ունենալու, որովհետեւ այն այժմ «ապաքաղաքական ուժ է»: «Անցել են խարիզմատիկ գործիչների, այդ թվում` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակները, եւ նրանց հետեւից գնացողներ այլեւս չեն լինելու: Տեր-Պետրոսյանի ժամանակն անցավ, քանի որ նա հեղափոխություն չարեց: Եթե նա գնում է պարզապես ընտրությունների, ապա նա գնում է հավասար պայմանների, ինչպես եւ մյուսները»,- ասել է Անտինյանը: Նրա խոսքով` Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է խաբել ժողովրդին, քանի որ նախ ասում էր` միացեք հեղափոխությանը, իսկ հիմա` հակառակը: