Եթե անգամ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, միեւնույն է` խնդիրը չի լուծվի, քանի որ Հայաստանում դատական իշխանությունն անկախ չէ: Այս մասին շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության հրավիրած քաղաքացիական ժողովին հայտարարել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով 2008թ. մարտյան դեպքերից հետո ազատազրկված ընդդիմադիրների խնդրին եւ ՀՀ նախագահի` համաներում իրականացնելու առաջարկությանը: «Այդ խնդիրն ունենք, որովհետեւ չունենք դատական իշխանություն: Դատարանները եւ դատական իշխանությունները տարբեր հասկացություններ են: Դատական իշխանությունը պետության ողնաշարն է, ինչը մենք չունենք: Չունենք դատական իշխանություն, հետեւաբար` չունենք տեղական ինքնակառավարման մարմիններ»,- ասել է նա: